ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈւԺԵՐՈՒՄ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հունվարի 23, 2024
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈւԺԵՐՈՒՄ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
© 2024. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ԱՂԲՅՈՒՐ` ISTOCK

Ներածություն

Ավելի քան 10 տարի շարունակ «Խաղաղության երկխոսություն» հկ-ի գործունեությունը նվիրված է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի բարձրաձայնմանը։ 2015թ․-ից ի վեր կազմակերպության մշտադիտարկող խումբը մանրակրկիտ վերահսկում և գնահատում է այս ոլորտը։ 2023թ․-ի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ԽԵ մշտադիտարկող խումբն իրականացրել է մի շարք հարցումներ, որոնց գլխավոր թիրախ նրանք էին, ովքեր տարբեր ժամանակահատվածներում մասնակցություն են ունեցել 25-օրյա վարժական հավաքներին։ Հարցումները նպատակաուղղված էին վարժական հավաքների ընթացքում մարդու իրավունքների վիճակը բացահայտող համապարփակ արդյունքների հավաքագրմանը։


Մեթոդաբանությունը

Հարցումն ընդգրկում էր աշխարհագրական լայն շրջան՝ տարածվելով Երևանի ամբողջ տարածքով և ՀՀ գրեթե բոլոր մարզերով, բացառությամբ Արագածոտնի և Արմավիրի մարզերի։ Հարցազրույցներն անցկացվել են նախապես մշակված մեթոդաբանության հիման վրա կազմված հարցաշարի կիրառմանաբ՝ դեմ առ դեմ և հեռախոսազանգերի միջոցով։


Հարցման մասնակիցները

Հարցման 45 մասնակիցներն ընտրվել են ՀՀ տարբեր մարզերից, քաղաքներից և գյուղերից։ Հարցվածները պարտադիր զինվորական ծառայությունն անցել են 1996թ.-ից մինչև 2021թ.-ն ընկած ժամանակահատվածում՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարբեր զորամասերում։ Մասնակիցների գերակշիռ մասը վաժական հավաքներին մասնակցել է 2023թ․-ին, երեքը՝ 2022թ․-ին, իսկ երկուսը 2021թ․-ին։


Վարժական հավաքին մասնակցության ծանուցումը և զորակոչի գործընթացը

Հարցման արդյունքում պարզ դարձան այն բոլոր եղանակները, որոնցով մասնակիցները ծանուցումներ են ստացել վարժական հավաքների մասին։ Հարցվածների գերակշիռ մասը՝ 29 հոգի (65%), ծանուցագիր է ստացել։  Հաղորդակցման այլ տարածված մեթոդները ներառում էին հեռախոսազանգերը, որոնք կազմել են 18% (8 մասնակից), իսկ 6 մասնակից (13%) ծանուցագրեր ստացել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Միայն մեկ դեպքում մասնակիցը ծանուցումն ստացել է աշխատավայրից։

Պաշտոնական ծանուցագիր – 66% (29 հոգի)
Հեռախոսազանգ – 19% (8 հոգի)
ՏԻՄ – 13% (6 հոգի)
Աշխատավայր – 2% (1 հոգի)

Գր 1 Վարժականհավաքներին մասնակցության ծանուցագրերի ստացման եղանակները

Գր․ 1 Վարժականհավաքներին մասնակցության ծանուցագրերի ստացման եղանակները

 

Ինչ վերաբերում է ծանուցագիր ստանալու և զորակոչվելու միջև ընկած ժամկետներին, ապա հարցման արդյունքում պարզ դարձավ, որ ծանուցվելուց հետո վարժական հավաքներին զորակոչվել են ամենաուշը մեկ ամիս, իսկ ամենաշուտը՝ երկու օր անց։

«Զինկոմիսարիատ ներկայացել եմ ծանուցագիրը ստանալուց մեկ օր անց, իսկ հավաքին զորակոչվել եմ հաջորդ օրը»:  (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, 2022թ․-ի հոկտեմբերին անցկացված վարժական հավաքի մասնակից)

«Զինկոմիսարիատ ներկայանալուց հետո ինձ ուղարկել են բուժզննման, որից 3 օր անց կանչել են զինկոմիսարիատ»: (Լոռու մարզ, գ․ Մարգահովիտ, 2023թ․-ի ապրիլին անցկացված վարժական հավաքի մասնակից)

«Ասել էին, որ սպասեմ իրենց զանգին, որից 15 օր անց տարել են զինկոմիսարիատ»: (Լոռու մարզ, գ․ Լեռնապատ, 2023թ․-ի մարտին անցկացված վարժական հավաքի մասնակից)


Բժշկական զննությունը մինչև վարժական հավաքի ուղարկվելը

Մասնակիցների մեծ մասը՝ 89% (40 մասնակից), նախքան վարժական հավաքներին զորակոչվելնանցել է բժշկական զննություն, մինչդեռ 11%-ը (5 մասնակից) ոչ մի զննություն չի անցել։

40 մասնակիցներից 10-ը (25%) բուժզննում անցել են բացառապես զինկոմիսարիատներում, իսկ մյուսներին ուղարկել են նաև հիվանդանոցներ և համաբուժարաններ՝ մանրամասն բուժզննում անցնելու համար։ Նշված 40 մասնակիցներից 5-ը նշել է, որ մանրակրկիտ բուժզննում է անցել, 7 մասնակից նշել է, որ բժշկական զննությունը թռուցիկ է եղել, իսկ 2 մասնակից գոհ է եղել բժշկական զննության ընթացքից։ Մասնակիցների մնացած մասը հավելյալ մեկանաբանություններ չի թողել։

«Դժվար է դա բժշկական զննություն անվանելը․ պոլիկլինիկայում հազիվ թոքերը լսեցին»: (Սյունիքի մարզ, ք․ Կապան, 2023թ․-ի օգոստոսին անցկացված վարժական հավաքի մասնակից)

«Ես հիվանդանոց գնացել և մասնագետի խորհրդատվություն ստացել եմ իմ հաշվին»։ (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, 2023թ․-ի ապրիլին անցակցված վարժական հավաքի մասնակից)

«Զինկոմիսարիատում ինձ ուղարկեցին Վանաձորի բժշկական կենտրոն և տեղեկանք տվեցին հիվանդանոցում լրացնելու համար։ Զննման արդյունքում պարզվեց, որ առողջական խնդիրներ չունեմ։ Բժշկական կենտրոնի անձնակազմը լրացրեց տեղեկանքը և վերադարձրեց ինձ»։ (Լոռու մարզ, գ․ Լեռնապատ, 2023թ․-ի մարտին անցկացված վարժական հավաքի մասնակից)


Ուսուցումը և մասնագիտությունը վարժական հավաքի ժամանակ

Հարցման մասնակիցների մեծ մասը` 98% (44 մասնակից),  նշել են, որ վարժական հավաքների ընթացքում պարբերաբար վերհիշել և սովորել են կարևոր հմտություններ և գիտելիքներ, ինչպիսիք են զենքի հետ վարվելու կարգը, զինվորական ծառայության կարգապահական կանոնագիրքը և այլն։ Միայն մեկ մասնակից (2%) նշել է, որ նման պարբերական հիշեցումներ չեն եղել։

Վեց հարցվող մանրամասն նկարագրել է վարժական հավաքների ընթացքը։ Նրանցից մեկը խոսել է վերապատրաստումների խիստ գրաֆիկի մասին՝ նշելով, որ օրական 2 ժամ տրամադրում էին զենքի հետ վարվելու կանոնները սովորելուն։ Այս վերապատրաստումները հատկապես օգտակար էին նրանց համար, ովքեր բացարձակ տեղեկացված չեն եղել զենքի տարբեր տեսակների մասին։

Մեկ այլ հարցվող նշել է վերապատրաստման տասնօրյա ծրագրի մասին, որին մասնակից է եղել։ Այն ընդգրկել է նաև կրակային վարժություններ։

Մեկ մասնակից նշել է, որ նա նման զորավարժությունների կարիք չի ունեցել։

Դեռ ավելին, 2 այլ մասնակիցներ նշել են, որ իրենք նախքան ծառայության անցնելն են մասնակցել վարժական հավաքներին, ինչն օգնել է նրանց պատրաստ լինել նախքան դիրքեր գնալը։

Հարցվածներից մեկը կարևոր նկատառում է արել՝ նշելով, որ նույնիսկ առանց պարբերական վերապատրաստումների, պատերազմի պատճառով որոշ հմտություններ և գիտելիքներ երբեք չէին կարող մոռանալ։

Ինչ վերաբերում է վարժական հավաքների տևողությանը, մասնակիցներն ասել են, որ դրանք միջինում տևել են 21-30 օր։ Այնուամենայնիվ, մասնագիտական հմտությունները զարգացնելու համար հատկացված ժամանակն այլ է եղել՝ 1-15 օր։ Սա նշանակում է, որ որոշ դեպքերում մասնագիտական հմտությունները զարգացնելու համար հատկացվել է մեկ կամ երկու օր։

Հարցումներից պարզվել է, որ պարտադիր ժամկետային ծառայության ընթացքում ձեռք բերված մասնագիտությունը վարժական հավաքների ժամանակ մասնակիցների կեսի դեպքում (45 հարցվածից 22-ը)  հաշվի է առնվել և ներգրավվել է վարժանքների մեջ։ Մնացած մասնակիցների դեպքում, սակայն, նրանց նախկինում ձեռք բերված մասնագիտական կարողությունները հաշվի չենառնվել:


Վարժական հավաքների ընթացքում կացության պայմանները

Վարժական հավաքների մասնակիցները ներկայացրել են նաև, թե ինչպիսի  պայմաններում է եղել հավաքի ընթացքում տրամադրված կացարանը, դրա սանիտարահիգիենիկ վիճակը, ջրի հասանելիությունը։ 44 հարցվածների պատասխաններն այս հարցին բավականին տարբեր են․ 5 մասնակից (11%) կացության պայմանները գնահատել են շատ լավ, 7 մասնակից (16%)՝ լավ, 23 մասնակցի (51%) համար պայմանները գոհացնող էին, 6 հարցվող (13%) պայմանները գնահատել են վատ, իսկ 3-ը (7%)` շատ վատ։ Հարցվողներից մեկը հրաժարվել է կացության մասին հարցին պատասխանել։

Շատ լավ – 11% (5 հոգի)
Լավ – 16% (7 հոգի)
Գոհացնող – 51% (23 հոգի)
Վատ – 13% (6 հոգի)
Շատ վատ – 7% (3 հոգի)
Չկա պատասխան – 2% (1 հոգի)

Գր 2 Մասնակիցների կարծիքները կացարանի վերաբերյալ

Գր․ 2 Մասնակիցների կարծիքները կացարանի վերաբերյալ

«Չնայած զորամասում եղած շատ լավ պայմաններին՝ դիրքերում սանիտարահիգիենիկ պայմանները վատն էին․ քրքրված վրաններում էինք քնում, 10 օր շարունակ չէինք կարողանում լվացվել և միայն խմելու ջուր ունեինք»։ (Սյունիքի մարզ, ք․ Կապան, 2023թ․-ի սեպտեմբերին անցկացված վարժական հավաքի մասնակից)

«Կացարանը խոնավ էր ու ցուրտ, բայց, բարեբախտաբար, ջուր կար։ Հաշվի առնելով մեկ սենյակում տղամարդկանց մեծ քանակը և մաքրողների բացակայությունը՝ սանիտարահիգիենիկ պայմանները չէին կարող լավը լինել»։ (Սյունիքի մարզ, ք․ Կապան, 2023թ․-ի սեպտեմբերին անցկացված վարժական հավաքի մասնակից)

«Ես բավականին գոհ եմ մեր կացարանից․ ամեն բան լավ էր թե՛ հարմարավետության, թե՛ սանիտարահիգիենիկ պայմանների առումով»։ (Երևան, 2023թ.-ի մայիսին անցկացված վարժական հավաքների մասնակից)

Ինչ վերաբերում է մարտական դիրքերի կահավորմանը, հարցվածների պատասխաններից պարզվեց, որ դիրքերից մի քանիսում քնելու տեղերը քիչ են եղել զինվորների թվից։ Քնելու տեղերի անբավարարության պատճառով մասնակիցները հերթով են քնել ու չեն կարողացել բավականաչափ հանգստանալ։ Ավելին, որոշ դիրքերում, չնայած վերջերս իրականացված բարեփոխումներին, զուգարանը և լվացվելու համար նախատեսված պայմանները վատն են եղել։ Հաճախ հավաքների մասնակիցներն իրենք են կահավորումն իրականացրել։ Հարցվողներից մեկը, մասնավորապես, ընդգծել է քնապարկերի գործածումը։ Այս դժվարություններից բացի կային նաև որոշ դրական կողմեր, օրինակ՝ քարե շինությունների առկայությունը այնտեղ մնալու համար, բունկերային նոր համակարգը, ինչպես նաև եղել են անհրաժեշտ կահավորմամբ դիրքեր։ Կահավորման ընթացիկ աշխատանքներ են տարվել այս տարածքների ընդհանուր կահավորումը և պայմանները բարելավելու համար։

«Պայմանները վատն էին․ մահճակալները չէին բավականացնում բոլորին, իսկ ընդհանուր տարածքն ավելի քիչ մարդկանց համար էր նախատեսված, ինչի պատճառով տեղաշարժի խնդիր էր առաջանում»։ (Լոռու մարզ, գ․ Լեռնապատ, 2023թ.-ի ապրիլին անցկացված վարժական հավաքների մասնակից)

Վարժական հավաքների ընթացքում սննդի վերաբերյալ կարծիքները մեծամասամբ դրական են եղել․

  • Հարցվողների մեկ երրորդի (15 մասնակից կամ 33%) համար սնունդը շատ լավն էր և համեղ։
  • 9 մասնակից (20%) գոհ եղել սննդից։
  • Մասնակիցներից 4-ը (9%) նշել է, որ ուտելիքն առատ էր, անգամ ավելցուկ էր մնում։
  • 2 մասնակից (5%) նշել են, որ ազատ էին իրենց ցանկացած ուտելիքը պատրաստելու հարցում։
  • 11 հարցվող (24%), սակայն, այդքան էլ գոհ չէ ուտելիքի որակից։
  • Երեքը (7%), մասնավորապես, նշել են, որ սնունդը մարտական դիրքերում վատն էր և, որ դիրքերում իրենց բերած սնունդն էին ուտում։
  • Վարժական հավաքի մասնակիցները բացասական են համարել, որ մարտական դիրքերում չոր/պահածոյացված սնունդ է տրվել։ Նրանցից մեկը նույնիսկ նշել է, որ դրա պատճառով ստամոքսի ցավեր էր ունենում։

Ընդհանուր առմամբ, չնայած հարցվողների մեծամասնությունը դրական կարծիք է հայտնել ուտելիքի մասին, որոշ խնդիրներ դիրքերում սննդի վերաբերյալ, այնուամենայնիվ, բարձրաձայնվել են։

«Զորամասում ուտելիքը լավն էր, սակայն իրավիճակն այլ էր մարտական դիրքերում, որտեղ հիմնականում տալիս էին չոր/պահածոյացված սնունդ։ Անձամբ ես ստամոքսի ցավեր եմ ունեցել դրա պատճառով։ Շատերի համար սովորական էր դիրքերում իրենց բերած սնունդն ուտելը, որի ծախսերն իրենք էին հոգում»։ (Սյունիքի մարզ, ք․ Կապան, 2023թ․-ի սեպտեմբերին անցկացված վարժական հավաքների մասնակից)


Կարգուկանոնը վարժական հավաքի ընթացքում

Մշտադիտարկող խումբը վարժական հավաքների մասնակիցներին հարցրել է հավաքի ընթացքում օրվա կարգացուցակի մասին։ Հարցվածներն ավելի հաճախ նշել են, որ հավաքներն իրականացվել են նախապես մշակված օրակարգով։ Որոշ մասնակիցներ օրվա ընթացքում ծանրաբեռնված են եղել, մյուսները քիչ զբաղված։ Օրվա կարգացուցակի կազմակերպումը տարբեր էր․ ոմանց համար այն լավ էր կազմակերպված, մյուսները կարծում էին, որ անկազմակերպ էր, ինչի պատճառով մասնակիցներն իրենք էին կազմում իրենց օրակարգը։ Մարտական դիրքերում, սակայն, ավելի հստակ օրակարգ կար։

Մասնակիցները տարբեր կարծիքներ են հայտնել վարժական հավաքների ընթացքում իրենց օրակարգի մասին․

«Մեր օրը սովորաբար սկսվում էր դասերով, որից հետո մեծամասամբ ազատ էինք»։ (Երևան, 2023թ․-ի օգոստոսին անցկացված վարժական հավաքի մասնակից)

«Օրակարգը մանրամասն կազմված էր, ինչպես իսկական զինվորական օրակարգ։ Դասերը, ուտելիքը, ամեն ինչն իր ժամանակին էր արվում, առանց ուշացումների»։ (Տավուշի մարզ, ք․ Բերդ, 2023թ․-ի հունիսին անցկացված վարժական հավաքի մասնակից)

«Ըստ օրակարգի՝ 4 ժամ դիրք էինք պահում, որից հետո 4 ժամ հանգստանում էինք․ այսինքն 24 ժամվա ընթացքում յուրաքանչյուրս 3 հերթափոխ էինք իրականացնում»։ (Սյունիքի մարզ, ք․ Կապան, 2023թ-․ի սեպտեմբերին անցկացված վարժական հավաքի մասնակից)

Մշտադիտարկող խումբը հարցրել է՝ արդյո՞ք վարժական հավաքների ժամանակ մյուս մասնակիցները և սպաները ոգելից խմիչքներ ու թմրամիջոցներ օգտագործել են, թե՞ ոչ։ Հարցվածներից 30-ը (67%) համածառայակիցների վերաբերյալ դրական են արտահայտվել՝ նշելով, որ ոգելից խմիչքի կամ թմրամիջոցների օգտագործում չի եղել։ Մյուս կողմից, 15 մասնակից (33%) ընդգծել է համածառայակիցների կողմից դրանց օգտագործումը։

Սպաների կողմից ոգելից խմիչքներ ու թմրամիջոցներ օգտագործելու հետ կապված հարցին գերակշիռ մեծամասնությունը (36 հոգի, 80%) ասել է, որ չեն օգտագործել, 6 մարդ (13%) նշել է, որ որոշ սպաներ օգտագործել են թե՛ ոգելից խմիչք, թե՛ թմրամիջոցներ։

«Ոգելից խմիչք միայն երեկոյան էինք օգտագործում»: (Սյունիքի մարզ, ք․ Կապան, 2023թ․-ի սեպտեմբերին անցկացված վարժական հավաքի մասնակից)

«Ոգելից խմիչքներ օգտագործում էին, և գրեթե բոլորն էլ խմում էին։ Չեմ կարծում, թե թմրամիջոցներ օգտագործած լինեն․ ես չեմ նկատել»։ (Արարատի մարզ, ք․ Վեդի, 2023թ․-ի հունիսին անցկացված վարժական հավաքի մասնակից)

Սպաների կողմից ոգելից խմիչքների կամ թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ հարցվածների մեծ մասը նշել է, որ նման դեպքեր չեն նկատել։ Ընդգծել են միասնականության ուժեղ զգացումը, հատկապես որևէ բան տոնելու ժամանակ, երբ ոգելից խմիչքներ էին օգտագործվում։ Ընդհանուր առմամբ մտերմիկ մթնոլորտ էր՝ մի ընտանիքի նման, բոլորը հավասար էին՝ անկախ տարիքից ու պաշտոնից, ինչը նպաստում էր միասին ժամանակն ավելի արագ անցկացնելուն։ Մասնակիցներից մեկը խոստովանեց, որ բոլորն էլ ոգելից խմիչքներ շատ էին օգտագործում, այդ թվում՝ նաև իրենք։

Ինչ վերաբերում է վարժական հավաքների ընթացքում սմարթֆոնների կիրառմանը, հարցվողների պատասխանները տարբեր են․ նրանցից 13-ը (29%) ասել են, որ իրենց թույլատրվում էր սմարթֆոններ օգտագործել, մինչդեռ 31 մասնակից (69%) նշել են, որ սմարթֆոնների օգտագործումն արգելված էր։ Հարցվողներից մեկը չի պատասխանել այս հարցին։ Մասնակիցները հավելեցին նաև, որ չէր թույլատրվում նկարել, նկարահանել և սոցցանցերում տեղադրել։ Չորս հարցված (9%) պատասխանել է, որ չնայած արգելքներին, իրենք միևնույնն է օգտագործել են սմարթ հեռախոսներ։ Մասնակիցներից մեկը հստակ չգիտեր օրենքը, բայց ասել է, որ ունեցել է սմարթֆոն։ Եվս մեկ հարցված ասել է, որ եթե հեռախոսները չլինեին, ձանձրույթից, հնարավոր է, վեճերն ավելի շատ կլինեին։

Հարցվածների գերակշիռ մեծամասնությունը՝ 38 հոգի (84%), նշել է, որ զորամասի տարածք քաղաքացիական անձինք ելումուտ չունեին, իսկ 7-ը (16%), որ ունեին։ Ըստ հարցվածների տված հավելյալ տեղեկությունների՝ ընկերներ, ծանոթներ, հարազատներ կարող էին գնալ զորամաս տեսակցության և անհրաժեշտ որևէ բան տանել տեսակցության հատուկ օրերին կամ միայն դիրքեր բարձրանալուց մեկ օր առաջ։ Նրանք նաև նշել են, որ որոշ դեպքերում զինվորները կարող էին դուրս գալ հարազատներին ու ընկերներին հանդիպելու համար։ Հարկ է նշել, որ միայն մեկ հարցվող է ընդգծել, որ նման այցելությունները չէին թույլատրվում զորամասում, իսկ մյուսն էլ նշել է, որ զորամասի ներսում նման այցելությունները բավականին հաճախ են եղել։


Առողջապահությունը և կոնֆլիկտային իրավիճակների կառավարումը վարժական հավաքների ընթացքում

Վարժական հավաքներին մասնակցած 45 հարցվածների գերակշիռ մեծամասնությունը՝ 37 հոգի, նշել է, որ առողջական խնդիրների դեպքում զորամասի տարածքում ապահովված էր պատշաճ բուժօգնությունը։ Մյուս կողմից, 7 հոգի դժգոհություններ է հայտնել իրենց զորամասում ցուցաբերվող բուժօգնությունից։ Հարցվողներից մեկը խուսափել է պատասխանել հարցին։

Մի քանի հարցված հավելյալ մեկնաբանություններ են թողել զորամասում և մարտական դիրքերում բուժօգնության որակի վերաբերյալ․

«Նույնիսկ երբ մեզ լավ էինք զգում, շրջիկ մեքենան մի քանի օրը մեկ գալիս էր, հարցնում առողջական վիճակի մասին»։ (Լոռու մարզ, գ․ Լեռնապատ, 2023թ․-ի ապրիլին անցկացված վարժական հավաքի մասնակից)

«Մասնակիցներից մեկն առողջական խնդիրներ ուներ և մենք օգնություն կանչեցինք, սակայն բուժօգնություն չուղարկեցին՝ ասելով, որ տվյալ դիրքը շատ հեռու է, և մեքենան չի կարող այդքան ճանապարհ կտրել-գալ»: (Սյունիքի մարզ, ք․ Կապան, 2023թ․-ի սեպտեմբերին անցկացված վարժական հավաքի մասնակից)

«Նորմալ դեղորայք չկար բացի պարացետամոլից ու մի երկու վիրակապական միջոցից»։ (Սյունիքի մարզ, ք․ Կապան, 2023թ․-ի սեպտեմբերին անցկացված վարժական հավաքի մասնակից)

Վարժական հավաքների ժամանակ մթնոլորտը հասկանալու համար մշտադիտարկող խումբը նաև հարցրել է՝ արդյոք հավաքի մասնակիցների միջև վեճեր տեղի են ունեցել։ Մեծամասնությունը՝ 35 հոգի (78%), ասել, է որ վեճեր տեղի չեն ունեցել, իսկ 10 հոգի (22%), որ նման միջադեպեր եղել են։

Հարցվածներից 5-ը (11%) հստակեցրել է, որ հիմնականում թեթև վեճեր են եղել, 2-ը (4%), որ մթնոլորտը շատ լավն էր՝ մի ընտանիքի նման։ Մեկ այլ հարցվող ընդգծեց հասուն տղամարդ լինելու իրականությունը՝ նշելով, որ հաճախակի թյուրըմբռնումներն անխուսափելի էին, այնպես որ վեճերն ու նույնիսկ կռիվները չէին բացառվում։

Վեճերի հիմնական պատճառների մասին հարցվածներն ասել են, որ հիմանականում իրար չէին հասկանում, ու «տղամարդկային վեճեր» էին։ Նման խնդիրները հիմնականում հարթվում էին խոսելով ու քննարկելով։ Շատ հաճախ՝ հատկապես սկզբի օրերին, թեթև լեզվակռիվներ, վիճաբանություններ, տարակարծություններ կարող են լինել։ Եղել են նաև տարաձայնություններ քաղաքական քննարկումների պատճառով։

Մարտական դիրքերում վարժական հավաքների ընթացքում մահվան դեպքերի կամ ծանր վիրավորումների մասին հարցին 42 մասնակից (93%) պատասխանել են, որ նման դեպքեր չեն գրանցվել։ Հարցվածներից միայն մեկն է նշել, որ վարժական հավաքներին իր մասնակցության ընթացքում մարտական դիրքերում վիրավորման դեպք է գրանցվել, սակայն մանրամասներ չի հայտնել։ Երկու մասնակից հրաժարվեցին պատասխանել հարցին։


Զենքն ու զինամթերքը վարժական հավաքի ընթացքում

Հարցվածների մեծամասնությունը՝ 40 մասնակից (89%), նշել է, որ վարժական հավաքի ընթացքում զենքի և զինտեխնիկայի անսարքության կամ սակավության հետ չի առնչվել։ Հինգ մասնակից ասել է, որ բախվել են զենքի անսարքության կամ սակավության հետ։ Հարցվածների մի մասը նշել է, որ իրենց մոտ բոլորի թվով զենքեր տրվել են, սակայն մյուս մասն ասել է, որ իրենց մոտ զենքերը, փամփուշտները և հավելյալ մյուս սարքավորումները պակաս են եղել։ Մեկ մասնակից նշել է, որ հնարավորություն չեն ունեցել դրանք օգտագործելու, որպեսզի կարողանային գնահատել զենքի վիճակը։

«Մեր ամբողջ զենք-զինամթերքը նոր էր և վերջերս էինք ստացել»։ (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, 2023թ․-ի ապրիլին անցկացված վարժական հավաքի մասնակից)

«Չունեինք գիշերային տեսանելիության սարքեր, իսկ զրահաբաճկոնների և սաղավարտների թիվը սահմանափակ էր»։ (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, 2022թ․-ի հոկտեմբերին անցկացված վարժական հավաքի մասնակից)

«Ամեն ինչ էլ կար, միայն թե դրանցից օգտվել իմացող լիներ»։ (Տավուշի մարզ, ք․ Բերդ, 2023թ․-ի հունիսին անցկացված վարժական հավաքի մասնակից)

«Աշխատող մեքենաների պակաս կար․ միայն մեկ UAZ կար, բայց նույնիսկ դա էլ կարգին չէր աշխատում»։ (Լոռու մարզ, գ․ Մարգահովիտ, 2023թ․-ի ապրիլին անցկացված վարժական հավաքի մասնակից)


Զբաղվածությունը և ֆինանսական հետևանքները

45 մասնակիցներից 29-ը (65%) վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ աշխատանք է ունեցել, 11 մասնակից (24%) գրանցված աշխատող չի եղել, իսկ 5 մասնակից (11%) այդ ժամանակ գործազուրկ է եղել:

Աշխատող – 65% (29 հոգի)
Չգրանցված աշխատող – 24% (11 հոգի)
Գործազուրկ – 11% (5 հոգի)

Այն 32 մասնակիցները, ովքեր վարժական հավաքների ժամանակ աշխատանք ունեին, պետք է տեղեկանք ներկայացնեին աշխատավայրում: Նրանց մեծամասնությունը (25 մասնակից (78%)) հաստատել է, որ ստացել է նման տեղեկանք, իսկ 7-ը (22%)՝ չի ստացել: Տեղեկանքներն ընդունվել են գրեթե բոլորի աշխատավայրերում, բացառությամբ մեկի:

Մասնակիցների մեծամասնությունը՝ 39 հոգի (87%), վարժական հավաքների ընթացքում վարձատրվել է, իսկ 6 մասնակից (13%) փոխհատուցում չի ստացել: Փոխհատուցում չստացածները նշել են, որ վարձատրությունն ակնկալում են մոտ ապագայում, քանի որ նոր են վերադարձել հավաքներից:

Այն հարցին, թե արդյոք վարժական հավաքների ընթացքում ֆինանսական կորուստներ ունեցել են, թե՝ ոչ, 18 մասնակից (40%) հաստատել է, որ հավաքներին իրենց մասնակցության պատճառով ֆինանսական կորուստ են ունեցել, մինչդեռ 27 մասնակից (60%) նման կորուստներ չի կրել: Ֆինանսական կորուստներ կրածները նշել են, որ իրենց կողմնակի աշխատանքը, որը վարժական հավաքների ընթացքում չի փոխհատուցվում, մեծ դեր ունի իրենց ֆինանսներում: Որոշ մասնակիցներ նշել են, որ ավելի շատ գումար աշխատած կլինեին, քանի որ փոխհատուցումն ավելի քիչ էր իրենց աշխատավարձից: Մեկ մասնակից նշել է, որ վարժական հավաքներին իր մասնակցության դիմաց ավելի շատ գումար է ստացել, քան իր սովորական աշխատավարձն է:

Գր. 3 Զբաղվածությունը վարժական հավաքների ընթացքում
Գր. 3 Զբաղվածությունը վարժական հավաքների ընթացքում

«Նրանց տված գումարն իմ ամսական աշխատավարձից ցածր էր: Սկզբում մեզ ուրիշ թիվ էին ասել, իսկ վերջում ուրիշ տվեցին:» (Լոռու մարզ, գ. Լեռնպատ, 2023թ.-ի ապրիլին անցկացված վարժական հավաքի մասնակից)

«Հաշվի առնելով, որ ես չգրանցված եկամուտ ունեի՝ ընտանիքս, իհարկե, զրկվել էր եկամտի այդ աղբյուրից:» (Շիրակի մարզ, ք. Գյումրի, 2022թ.-ի վարժական հավաքի մասնակից)


Մասնակիցների վերաբերմունքը վարժական հավաքներին

Հարցվածները գնահատել են վարժական հավաքների դրական կողմերը, այդ թվում՝ դրանց արդյունավետությունը, հավաքների գործընթացի մեջ ներառված զինվորական աշխատակազմի պատրաստվածությունը, ինչպես նաև իրենց իսկ պատրաստվածությունը հավաքների ավարտից հետո: Հավաքների ընդհանուր արդյունավետությունը 19 մասնակից (42%) գնահատել է լավ, ևս 19 մասնակից (42%)՝ միջին, իսկ 7 մասնակից (16%) վատ է գնահատել։ Որոշ մասնակիցներ նաեւ կիսել են իրենց կարծիքն այդ մասին․

«Վատ էր, որովհետև իրականում այն վարժական հավաքները չէին, որ պատկերացնում էի։ Մարդիկ գալիս էին խմելու ու գումար ստանալու։ Աստված չաներ մի բան պատահեր․ ոչ ոք ողջ չէր մնա»: (Սյունիքի մարզ, ք․ Կապան, 2023թ․-ի ապրիլին անցկացված վարժական հավաքի մասնակից)

«Արդյունավետ էր։ Կարծում եմ վերապատրաստումները լավ էին կազմակերպված»։ (Երևան, 2023թ․-ի մայիսին անցկացված վարժական հավաքի մասնակից)

«Միջին եմ գնահատում։ Հնարավորինս արդյունավետ՝ կախված այն բանից, թե ով ինչքան վերցրեց»։ (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, 2022թ․-ի հոկտեմբերին անցկացված վարժական հավաքի մասնակից)

Անձնակազմի պատրաստվածության մասին հարցին մասնակիցների պատասխանները տարբեր էին։ 17 մասնակից (38%) նշել է, որ անձնակազմն իր գործում լավ պատրաստվածություն ուներ։ Եվս 17 մասնակից (38%) պատրաստվածությունն անբավարար է գնահատել։ Ավելին, 4 մասնակից (9%) նշել է, որ անձնակազմի մեծ մասը հմուտ մասնագետներ են եղել, բայց ոչ բոլորը։ Հարցվածների մի փոքր մասը՝ 2 մասնակից  (4%), միջին գնահատական է տվել պատրաստվածության մակարդակին։ Վերջապես, 5 մասնակից (11%) դժվարացավ հստակ պատասխան տալ հարցին։

Պրոֆեսիոնալներ էին – 38% (17 հոգի)
Պրոֆեսիոնալիզմի պակաս կար – 38% (17 հոգի)
Անձնակազմի մեծ մասը պրոֆեսիոնալներ էին, բայց ոչ բոլորը – 9% (4 հոգի)
Միջին պատրաստվածություն ունեին – 4% (2 հոգի)
Դժվարանում են հստակ պատասխան տալ – 11% (5 հոգի)

Գր․ 4 Մասնակիցների կարծիքները անձնակազմի պատրաստվածության վերաբերյալ

Գր․ 4 Մասնակիցների կարծիքները անձնակազմի պատրաստվածության վերաբերյալ

«Ոչ, նրանք պատշաճ պատրաստվածություն չունեին։ Նրանցից մեկը նույնիսկ առաջին անգամ էր գնդացիր տեսնում»։ (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, 2021թ․-ի սեպտեմբերին անցկացված վարժական հավաքի մասնակից)

«Անձնակազմում արդեն թոշակի անցած սպաներ կային, որոնք պատշաճ պատրաստվածություն ունեին, և ոմանք նույնիսկ հիանալի մասնագետներ էին»։ (Շիրակի մարզ, գ․ Մայիսյան, 2023թ․-ի սեպտեմբերին անցկացված վարժական հավաքի մասնակից)

Մշտադիտարկող խումբը մասնակիցներին հարցրել է՝ արդյոք վարժական հավաքները պատշաճ կերպով նախապատրաստել են իրենց հնարավոր իրական սցենարներին։ Հարցվածներից 20-ը (44%) գտել է, որ վարժական հավաքներն իրենց նախապատրաստել են պատերազմի կամ մարտական գործողությունների հնարավոր իրական սցենարներին։ 13 մասնակից (29%) հակառակ կարծիքն ունեին և ասում էին, որ հավաքները բացարձակ ոչ մի կերպ չեն նախապատրաստել իրենց նման իրավիճակներին, մինչդեռ 6 մասնակից (13%) որոշ չափով նախապատրաստվել են հավաքների շնորհիվ։ Չորս հարցվող (9%) ամբողջովին պատրաստ է եղել նման իրական սցենարների՝ անգամ առանց վարժական հավաքների։ Եւս երկու մասնակից (5%) վստահ չէին՝ արդյոք հավաքները պատշաճ կերպով նախապատրաստել են իրենց, թե՞ ոչ:

«Ես իրական սցենարների եմ ականատես եղել պատերազմի ժամանակ, իսկ այս հավաքները ոչ մի նման սցենարի չեն նախապատրաստել»։ (Սյունիքի մարզ, ք․ Կապան, 2023թ․-ի հոկտեմբերին անցկացված վարժական հավաքի մասնակից)

«Ոչ ամբողջությամբ․ հավաքները պատշաճ կերպով չեն նախապատրաստում ժամանակակից պատերազմներին։ Սովորական զենքերն անարդյունավետ են ԱԹՍ-ների դեմ»։ (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, 2022թ․-ի օգոստոսին անցկացված վարժական հավաքի մասնակից)

Հարցվողները պետք է նաև գնահատեին վարժական հավաքների դրական կողմերը։ Նրանցից 30-ը (67%) հավաքների մեջ դրական էր համարում նախկինում ստացած գիտելիքի կրկնությունը և նոր կարողությունների ձեռքբերումը։ Սրան հակառակ, վարժական հավաքների 8 մասնակից (18%) ոչ մի դրական կողմ չի նշել։ Ավելին՝ 6 մասնակից (13%) հավաքների միակ դրական կողմը համարել է սահմանների և հայրենիքի պաշտպանությունը։ Ի վերջո, մեկ մասնակից (2%) ընդգծել է վարժական հավաքների դրական ազդեցությունը բանակում մի փոքր ավելի կարգուկանոն հաստատելու գործում:

Այն հարցին, թե արդյոք մասնակիցները ևս մեկ վարժական հավաքի կմասնակցեին, թե՞ ոչ, և ինչո՞ւ, հարցվողների պատասխանները տարբեր էին։ Նրանց մեծ մասը` 17  մասնակից (38%) նշել է, որ չեն մասնակցի վարժական ևս մեկ հավաքի։ Սրան հակառակ, 15 մասնակից (33%) պատրաստակամություն է հայտնել մեկ անգամ ևս մասնակցել հավաքներին։ Ութ մասնակից (18%)  նշել է, որ կմասնակցեն, եթե դրա կարիքը լինի, մինչդեռ 3 մասնակից (7%) հնարավոր է մասնակցեն միայն բարելավված պայմանների դեպքում։ Երկու մասնակից (4%) վստահ չէին իրենց մասնակցության հարցում։

«Ես չէի մասնակցի, որովհետև անարդար է․ միշտ նույն մարդիկ են մասնակցում։ Ո՞վ է ասել, որ մենք պարտավոր ենք մասնակցել, իսկ մնացածը մեզնից առավել են ու պարտավոր չեն»: (Լոռու մարզ, գ․ Լեռնապատ, 2023թ․-ի հունիսին անցկացված վարժական հավաքի մասնակից)

Ես կմասնակցեի. պարբերաբար մասնակցելը կարևոր է, բայց ես կնախընտրեի տարբեր տիպի վարժական հավաքների մասնակցել, այլ ոչ նույնին:” (Երևան, 2023թ․-ի հունիսին անցկացված վարժական հավաքի մասնակից)

«Վստահ չեմ, բայց, եթե կարիք լինի, անպայման կրկին կմասնակցեմ»։ (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, 2023թ․-ի մայիսին անցկացված վարժական հավաքի մասնակից)

Մշտադիտարկող խումբը հարցում է անցկացրել հետագա հավաքները բարելավելու եղանակների վերաբերյալ, և ամենաշատ հանդիպող պատասխանները հետևյալն էին․

  • 10 մասնակից նշել է զենք-զինամթերքի քանակական ավելացումը և բարելավումը,
  • 10 մասնակից նշել է խստության մակարդակի բարձրացումը,
  • 10 մասնակից նշել է տարբեր զինատեսակների հետ վարվելու նոր գիտելիքների ու փորձառությունների ուսուցումը,
  • 6 մասնակից նշել է ավելի լավ պատրաստվածություն և պրոֆեսիոնալիզմ ունեցող սպաների ներգրավվածությունը հավաքներին,
  • 7 մասնակից առաջարկել է բարձրացնել վարձատրությունը,
  • 5 մասնակից նշել է մարտական դիրքերում ընդհանուր պայմանների բարելավումը,
  • 3 մասնակից բարձրաձայնել է կացարանային պայմանները բարելավելու խնդիրը,
  • 3 մասնակից նշել է խտրական մոտեցումը դադարեցնելու հարցը՝ անընդմեջ նույն (խեղճ) մարդկանց չտանել հավաքներին, այլ ներառել բոլորին,
  • Մասնակիցների համար սահմանել տարիքային շեմ․ մեկ մասնակից առաջարկել է ամենամեծ տարիքը սահմանել 40-ը,
  • 1 մասնակից առաջարկել և պնդել է վարժական հավաքներն ավելի հաճախ իրականացնել։

Ամփոփում

Վարժական հավաքների վերաբերյալ հարցումը նշանակալի արդյունքներ է տվել մի շարք հիմնական ոլորտներում: Վարժական հավաքներին մասնակցության մասին մեծ մասը տեղեկացվել է ծանուցագրով։ Այն ստանալու և զորակոչվելու միջև ընկած ժամկետները տարբեր էին։ Նախքան հավաքները բժշկական զննություն անցնելը սովորական էր մասնակիցների շրջանում․ տարբեր էին միայն բուժզննումների անցկացման վայրը և կարգը։ Գրեթե բոլոր մասնակիցները վերապատրաստումներ են անցել կարևոր թեմաներով, չնայած դրանց տևողությունը և մասնագիտական շեշտադրումը տարբեր էին։ Հավաքների ընթացքում կեցության պայամանները նույնպես տարբեր էին․ մասնակիցները նշել են թե՛ դրական, թե՛ խնդրահարույց և բացասական կողմեր։

Ռազմական կարգուկանոնը տարբեր էր, սակայն հիմնականում պատշաճ կերպով կազմակերպված օրակարգ կար։ Զորամասում առողջության պաշտպանության վերաբերյալ դրական կարծիքներ են արձանագրվել, չնայած որոշ մասնակիցներ նշել են, որ բժշկական պարագաների սակավություն կար։ Զինամթերքի և զինտեխնիկայի խնդիրները հազվադեպ էին։ Տարբեր արդյունքներ են ստացվել նաև հավաքների ընթացքում զբաղվածության վերաբերյալ․ մասնակիցների զգալի մասը նշել է ֆինանսական կորուստներ ունենալու փաստը։

Տարբեր կարծիքներ են հայտնվել հավաքների արդյունավետության, աշխատակազմի պատրաստվածության մակարդակի և իրական սցենարներին նախապատրաստվածության վերաբերյալ։ Դրական կողմերից նշվել են գիտելիքի կրկնությունը, նոր կարողություններ սովորելը և հայրենիքի պաշտպանության զգացումը։ Հետագա հավաքներին կրկին մասնակցություն ունենալու մասին հարցվածների պատասխանները կիսվում են․ եղել են բարելավումների առաջարկություններ, այդ թվում՝ զինամթերքի քանակական ավելացում, ավելի խիստ պայմաններ, սպայական կազմի ավելի լավ պատրաստվածություն, ավելի բարձր վարձատրություն և բարեկարգված կացարաններ։

Եզրափակելով՝ հետազոտությունն ընդգծում է վարժական հավաքների տարբերվող բնույթը՝ բացահայտելով ինչպես դրական կողմերը, այնպես էլ բարելավման ենթակա ոլորտները:  Հարցումների արդյունքներն ընդգծում են համատեքստին հատուկ բարեփոխումների կարևորությունը՝ վարժական հավաքների ծրագրերի արդյունավետությունն ու լավ որակը  օպտիմալացնելու համար:


Առաջարկներ

  • Համագործակցել բժշկական հաստատությունների հետ բուժզննության որակը բարելավելու համար՝ անդրադառնալով մակերեսային ստուգումների վերաբերյալ մասնակիցների կողմից բարձրացված մտահոգություններին:
  • Վարժական հավաքների ծրագրերը հարմարեցնել մասնակիցների մասնագիտական հմտություններին՝ ապահովելով նրանց լիարժեք ներգրավվածությունն ու մասնագիտական կարողությունների կատարելագործումը։
  • Ավելի երկար ժամանակ հատկացնել մասնագիտական հմտությունների զարգացմանը, որպեսզի մասնակիցներն իրենց համապատասխան մասնագիտություններում ավելի համապարփակ վերապատրաստումներ անցնեն։
  • Պատշաճ կահավորել մարտական դիրքերը, այդ թվում՝ կացարանները, ապահովել անհրաժեշտ պարագաներով, որպեսզի զինծառայողները հնարավորություն ունենան քնելու, լիարժեք հանգստի և կարողանան արդյունավետ իրականացնել հերթափոխը:
  • Ձևակերպել օրվա հստակ կարգացուցակ կարգուկանոնը պահելու համար՝ հաշվի առնելով օրակարգի մասին մասնակիցների կարծիքները։
  • Սպաների համար իրականացնել հավելյալ վերապատրաստումներ կարգուկանոնը և պատրաստվածությունը բարելավելու համար՝ անդրադառնալով զինվորական անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բացակայության մասին մասնակիցների մտահոգություններին։
  • Զորամասերում ապահովել բժշկական պարագաների բավարար քանակ՝ անդրադառնալով սահմանափակ ռեսուրսների և որոշակի իրավիճակներում առողջության պաշտպանության վերաբերյալ մասնակիցների մտահոգություններին:
  • Իրականացնել կոնֆլիկտների լուծմանն ու սթրեսի կառավարմանն ուղղված ծրագրեր մասնակիցների շրջանում վեճերը նվազագույնի հասցնելու համար՝ հաշվի առնելով պատահական վեճերի և ծեծկռտուքի դեպքերը:
  • Իրականացնել պարբերաբար ստուգումներ զենք-զինամթերքի սակավությունից և անսարքությունից խուսափելու համար՝ անդրադառնալով մի քանի մասնակիցների կողմից այդ մասին արտահայտած մտահոգություններին։
  • Ներդրումներ կատարել զինանոցի թարմացման և ընդլայնման մեջ՝ բոլոր մասնակիցների կարիքները բավարարելու համար, որպեսզի հավաքների ընթացքում բոլոր մասնակիցները համապատասխան սարքավորումներ ունենան:
  • Մշակել մասնակիցների փոխհատուցման հստակ քաղաքականություն՝ հաշվի առնելով նրանց կանոնավոր զբաղվածությունը և հնարավոր ֆինանսական կորուստները՝ համապատասխան փոխհատուցում ստանալու վերաբերյալ մասնակիցների մտահոգությունները լուծելու համար:
  • Սահմանել հետադարձ կապի կանոնավոր մեխանիզմ, որպեսզի մասնակիցները կարողանան արտահայտել իրենց հուզող հարցերը և կարծիքները՝ նպաստելով վարժական հավաքների ծրագրի շարունակական բարելավմանը։
  • Սահմանել վերապատրաստումների ծրագրերի դիվերսիֆիկացման եղանակներ տարբեր խավերի մասնակիցների համար՝ անդրադառնալով մասնակիցների ընտրության մեջ անաչառության վերաբերյալ մտահոգություններին։
  • Պարբերաբար վերանայել և թարմացնել վերապատրաստումների ուսումնական ծրագրերը, դրանք համապատասխանեցնել ռազմական ժամանակակից մարտահրավերներին՝ խթանելով շարունակական բարելավումը։

Նշված առաջարկությունների իրականացումը կնպաստի վարժական հավաքների ընդհանուր արդյունավետությունը, անաչառությունը և մասնակիցների գոհունակությունը բարելավելուն։ Ըստ մասնակիցների կարծիքների՝ իրականացվող ընթացիկ գնահատումները և ճշգրտումները վճռորոշ նշանակություն ունեն այս ծրագրերի համապատասխանությունն ու որակը ժամանակի ընթացքում ապահովելու համար:


Զեկույցի PDF տարբերակին ծանոթանալու համար խնդրում ենք հետևել ստորև բերված հղմանը. ՀՀ Զինված Ուժերում վարժական հավաքների մասնակիցների շրջանում իրականացված հարցումների արդյունքները (PDF, 1 Mb).


The German Marshall Fund

Ուսումնասիրությունն իրականացվել է German Marshall հիմնադրամի ներքո գործող տարածաշրջանային համագործակցության Black Sea Trust ծրագրի ֆինանսավորմամբ: