ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՍՑԵԱԳՐՈՒՄ. «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ի ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունվարի 22, 2024
Մարդկանց ձայնը. հակամարտության հետևանքով տուժած հասարակությունների կարիքների հասցեագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում. «Խաղաղության երկխոսություն» հկ-ի շրջանակային ուսումնասիրությունը
© 2024. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Հարավային Կովկասի բարդ աշխարհաքաղաքական լանդշաֆտում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ նշանավորվել է զգալի ցնցումներով և մարդկային կորուստներով: «Խաղաղության երկխոսություն» հկ-ի կողմից Եվրամիության աջակցությամբ իրականացվող այս ուսումնասիրությունը որոշիչ քայլ է` ուղղված հայ հասարակության վրա թողած այս հակամարտության բազմակողմանի ազդեցության ընկալումների բացահայտմանը, որը այդուհանդերձ չի ներառում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների տեսակետները:

Ուսումնասիրության մեթոդաբանությունը, որը հիմնված է Յոհան Գալթունգի «Մարդկային հիմնական կարիքների տիպաբանության», ինչպես նաև «Դիրքորոշումների, շահերի և կարիքների» շրջանակի վրա, ներառում է 330 հարցազրույցի անցկացում ողջ Հայաստանի տարածքում: Այս մոտեցումը հնարավորություն է ընձեռել խորությամբ ուսումնասիրել հասարակության կարիքները և վախերը` ըստ չորս կատեգորիաների՝ անվտանգություն, բարեկեցություն, ազատություն և ինքնություն: Հավաքագրված արդյունքները վերլուծվել են «Ինքլուզ» թվային գործիքի միջոցով, որը մշակվել է «CMI – Մարտի Ահտիսաարիի խաղաղության հիմնադրամի» նախկին աշխատակիցների կողմից:

Ուսումնասիրության հիմնական արդյունքները բացահայտում են անվտանգության սպառնալիքների, հատկապես` ֆիզիկական անվտանգության և տնտեսական կայունության շուրջ գերակշռող մտահոգությունները: Ուշագրավ են նաև բարեկեցության, այդ թվում՝ կրթության և ֆինանսական բարեկեցության խնդիրները: Բացի այդ, ուսումնասիրությունն ընդգծում է ազատության և ինքնության հետ կապված խորը մտահոգությունները՝ հատկապես` շեշտադրելով ժողովրդավարական արժեքներն ու մշակութային պահպանությունը:

Այս բացահայտումների դիտարկումը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մշակման գործում էական են, քանի որ ուսումնասիրությունը մեծապես ջատագովում է վերոհիշյալ չորս հիմնական ոլորտները հասցեագրող համապարփակ պայմանագրի մշակման կարևորությունը: Այն առաջարկում է գործնական քայլեր, ինչպիսիք են մշտական հրադադարի հաստատումը, ապառազմականացված գոտիների ստեղծումը, միջսահմանային տնտեսական նախաձեռնությունների խթանումը և հիմնական ծառայությունների հասանելիության ապահովումը: Այս ուսումնասիրությունը նաև առաջարկում է գործնական քայլեր, որոնք կնպաստեն խոսքի ազատության ու քաղաքացիական ազատությունների պաշտպանությանը և մշակութային բազմազանությանն ու ժառանգության պահպանմանը:

Ուսումնասիրության եզրակացության մեջ ներկայացված են առաջարկություններ, որոնք ընդգծում են այնպիսի պայմանագիր մշակելու անհրաժեշտությունը, որը ոչ միայն քաղաքականապես ողջամիտ է, այլև անդրադարձ է կատարում բնակչության կարիքներին: Առաջարկությունները ներառում են համատեղ խաղաղապահ հանձնաժողովի ստեղծում, ներդրումներ սահմանների անվտանգության մեջ, հակամարտությունների նկատմամբ զգայուն տնտեսական ծրագրերի իրականացում և մշակութային փոխանակման ու պահպանման խթանում: Ուսումնասիրությունն ընդգծում է խաղաղության գործընթացին տեղական ձայների ինտեգրման կարևորությունը և շեշտադրում է ճկուն դիվանագիտության, միջազգային միջնորդության, ինչպես նաև կրթության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տեղական նախաձեռնությունների մշակման անհրաժեշտությունը:

Ընդհանուր առմամբ, այս ուսումնասիրությունը կազմակերպության փոքրիկ ներդրումն է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում` առաջարկելով հակամարտության սոցիալական ազդեցության վերաբերյալ մանրակրկիտ պատկերացում: Ուսումնասիրությունը ցույց է տալիս չափազանց նեղ և վերից վար «նորմալիզացման» գործընթացի ռիսկերը, որը չի հասցեագրում այստեղ ներկայացվող տարածված մտահոգությունները և մատնանշում է «հպանցիկ» խաղաղության պայմանագրին և գործընթացի կայունությանն առնչվող խնդիրները: Այն ընդգծում է թերի, գերպարզեցված խաղաղության համաձայնագրի պատճառով բռնության վերաճման վտանգը: Այս մտահոգությունը հատկապես տեղին է՝ հաշվի առնելով Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ներկայիս հետագիծը` դրսևորվելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի զինադադարի հայտարարության թերացումներով։ Ուսումնասիրությունը ջատագովում է համապարփակ խաղաղության ռազմավարությունը, որն ավելին է քան սոսկ պայմանագրի վրա ստորագրություններ ձեռք բերելը: Այն ընդգծում է խորապես մտածված սոցիալ-քաղաքական շրջանակի մշակման անհրաժեշտությունը, որը ոչ միայն կպահպանի համաձայնագիրը, այլև կխթանի դրա զարգացմանը՝ երկարաժամկետ հեռանկարում ապահովելով դրա արդյունավետությունն ու երկարակեցությունը:


pdfԱմբողջական զեկույցը կարող եք ներբեռնել այստեղ` «Խաղաղության երկխոսություն» հկ-ի շրջանակային ուսումնասիրությունը (PDF, 3 Mb)

Ուսումնասիրությունն իրականացվել է «Հաշտեցման Ռեսուրսներ» հկ-ի և «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնության» հետ սերտ համագործագծությամբ`Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
Website: https://www.c-r.orgMartti Ahtisaari Peace Foundation