ԿԱՅԱՑԱՎ «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԵՌԼԻՆՅԱՆ ՓՈՒԼԸ

Մայիսի 03, 2022
Կայացավ «Լրագրությունն առանց սահմանների» փոխանակման ծրագրի բեռլինյան փուլը
© 2022. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` Une Terre Culturelle

Ապրիլի 16-23-ին Բեռլինում կայացավ «Լրագրությունն առանց սահմանների» մշակութային փոխանակման ծրագրի հերթական փուլը։ Ծրագիրը 2020թ.-ից ի վեր հակահամաճարակային նկատառումներով անց էր կացվում առցանց տարբերակով, և 2022թ.-ի այս միջոցառումը հանդիսանում է առաջին կենդանի շփմամբ փոխանակումը։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանը, Գերմանիան և Ֆրանսիան ներայացնող ութական մասնակիցներ, ովքեր հիմանականում դպրոցականներ են և ակտիվորեն մասնակցում են համայնքային կյանքին։

Կայացավ «Լրագրությունն առանց սահմանների» փոխանակման ծրագրի բեռլինյան փուլը
© 2022. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` Une Terre Culturelle

Ծրագրի շրջանակներում այս միջոցառման նպատակն էր երիտասարդ մասնակիցներին ծանոթացնել ժամանակակից լրագրության գործիքներին և տեխնիկային, ապահովել փոխանակում ծրագրում ներգրավված երեք երկրների մշակութային առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց հաստատել նոր ծանոթություններ և բացահայտել Բեռլինի պատմությունը։ Յոթօրյա հանդիպման ընթացքում երիտասարդները մասնակցեցին լուսա-տեսանկարահանման, ինչպես նաև գրաֆիտիի և քաղաքացիական լրագրության դասընթացներին, ծանոթացան այդ ուղղությունների հիմունքներին, գործիքներին և հնարավորություն ունեցան գործնականում դրանք կիրառելու։ Դասընթացներն անց էին կացնում ազգային խմբերի առաջնորդները. հայկական թիմը ներկայացնում էին անկախ լրագրող Մանե Պապյանը և «Խաղաղության երկխոսություն» հկ-ից Մարիաննա Խաժակյանը։

Հանդիպման կարևորագույն մաս էին կազմում նաև այցելությունները պատմական նշանակություն ունեցող վայրեր և թանգարաններ, ինչը նպաստում էր Բեռլինն առավել ճանաչելի դարձնելուն՝ որպես պատմական նշանակալից իրադարձությունների զարգացման կենտրոններից մեկը։

Հատկանշական է, որ խումբը ներկայացնում էին տարբեր ազգությամբ և դավանանքով մասնակիցներ, որի շնորհիվ երիտասարդները գաղափար կազմեցին այլ կրոնների, մշակույթների և ազգային ավանդույթների վերաբերյալ։

Հանդիպումն իրականացվում էր եռալեզու թարգմանությամբ, ինչն ապահովում էր բոլոր մասնակիցների անկաշկանդ ներգրավվածությունն ու ինքնադրսևորումը։

Ծրագիրը շարունակական է. հաջորդ փուլը տեղի կունենա Ֆրանսիայի Մարսել քաղաքում։


Ծրագիրն իրականացվում է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության, Ֆրանսիայի «Une Terre Culturelle» ասոցացիայի և Գերմանիայի «Պանգերա» հկ-ի կողմից՝ «Ֆրանկոգերմանական Երիտասարդական գրասենյակի» և «Էրազմուս+»-ի աջակցությամբ։