«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ի ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | 2019 – 2020

Հունվարի 31, 2021
Հույս ունենք, որ մոտ ապագայում ձեր աջակցությամբ եւ ձեզ հետ համագործակցությամբ մեզ կհաջողվի թեպետեւ փոքր, սակայն չափազանց անհրաժեշտ փոփոխություններ մտցնել հակամարտությունից տուժած համայնքների կյանքում, նպաստել տարածաշրջանում ապահովության եւ անվտանգության մթնոլորտի հաստատմանը եւ խթանել մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների եւ հարատեւ խաղաղություն ունենալու հնարավորության նկատմամբ մեր քաղաքացիների վստահության վերակագնմանը:
© 2021. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Բացման խոսք

Սովորել համակերպվել, ստեղծագործել, հաղթահարել, վերաիմաստավորել եւ վերակառուցել

Էդգար Խաչատրյան

…Այժմ, հաշվի առնելով անցյալի բացթողումներն ու թերությունները՝ ջանում ենք մշակել նոր մոտեցումներ, որոնք կօգնեն մեզ նպաստել ժողովրդավարական արժեքների տարածմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ հակամարտության արդյունքում տուժած խմբերի շահերի պաշտպանությանը…

Էդգար Խաչատրյան
«Խաղաղության երկխոսություն» հկ-ի նախագահ

Հարգելի գործընկերներ եւ ընկերներ, շահառուներ եւ աջակիցներ, 2020թ-ը մեր կազմակերպության տասներկուամյա պատմության թերեւս ծանրագույն տարին էր։ Տարեմուտին կորոնավիրուսային համաճարակի (COVID-19) ներխուժումը մարդկության առօրյա կտրուկ կերպով փոխեց մեր, մեր գործընկերների եւ ընդհանրապես յուրաքանչյուր մարդու աշխարհայացքը։ Այն գլխիվայր շրջեց հաստատված օրինաչափությունները՝ մեծապես փոփոխությունների ենթարկելով մարդկանց սովորույթներն ու գործունեությունն ամբողջ աշխարհով մեկ: Համաճարակը զգալի խոչընդոտներ ստեղծեց այն բաղձալի ծրագրերի եւ նախագծերի իրականացման համար, որոնք մենք «Խաղաղության երկխոսություն» հկ-ում մեծ սպասումներով նախատեսել էինք 2020թ-ի համար։

Մինչ մարդկությունն իր ջանքերն ուղղում էր այս սպառնալիքին դիմակայելուն, եւ բազմաթիվ երկրներ պայքարում էին համաճարակի սոցիալական, քաղաքական եւ տնտեսական ազդեցությունները հաղթահարելու նոր ռազմավարություններ մշակելու ուղղությամբ, սեպտեմբերին Հարավային Կովկասում բռնկվեց 1994թ-ից ի վեր ուժգնությամբ իր նախադեպը չունեցող լայնածավալ պատերազմ։ Ադրբեջանական եւ հայկական զինված ուժերի միջեւ քառասունչորսօրյա արյունալի մարտերի արդյունքում զոհվեց առնվազն 143 խաղաղ բնակիչ (այդ թվում՝ երեխաներ), սպանվեցին եւ վիրավորվեցին հազարավոր զինվորներ, եւ եւս հարյուրավոր զինծառայողներ մինչ այժմ անհետ կորած կամ գերեվարված են։ Իսկ Լեռնային Ղարաբաղի բնակչության կեսը՝ շուրջ 75000 մարդ, ստիպված եղան լքել իրենց տները եւ բնակավայրերը։  

2020թ-ի նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեց հրադադարի վերաբերյալ փաստաթուղթը, որը  մեծաթիվ բաց հարցեր թողեց՝ կապված, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց պաշտպանության եւ նրանց աջակցության հետ: Լեռնային Ղարաբաղի բնակչության ամենախոցելի հատվածը, թերեւս, կազմում են հատկապես այն մարդիկ, ովքեր պատերազմի ավարտից հետո անկարող են վերադառնալ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող իրենց բնակավայրերը, քանի որ դրանք այժմ գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո: Ներկայումս այս մարդիկ չունեն իրավական կարգավիճակ, իսկ նրանց հետագա ճակատագիրը դեռեւս անորոշ է։

Պետք է ընդունել, որ վերոնշյալ մարտահրավերները երեւան բերեցին մարդու իրավունքների պաշտպանության եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման միջազգային մեխանիզմների անկատարությունը: Պատերազմական գործողությունների անհապաղ դադարեցմանն ուղղված միջազգային հանրության վճռական գործողությունների վերաբերյալ՝ հակամարտության գոտում գտնվող բազում քաղաքացիների ակնկալիքները, ցավոք, չարդարացվեցին, ինչի արդյունքում՝ տարածաշրջանի բնակչության շրջանում կտրուկ նվազեց վստահությունն այդ միջազգային կառույցների նկատմամբ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` տարածաշրջանում ցանցերի ստեղծմանը եւ այլընտրանքային խոսույթների  ձեւավորմանն ուղղված բոլոր ջանքերը պատերազմական գործողությունների արդյունքում ակնթարթորեն արժեզրկվեցին հակամարտության մեջ ներգրավված հասարակությունների շրջանում։ Պատերազմն ի դերեւ հանեց իրավապաշտպան եւ խաղաղասիրական կազմակերպությունների հեղինակությունը եւ կասկածի տակ առավ խաղաղ ճանապարհով հակամարտությունների կարգավորման արդյունավետությունն ու ներուժը։ 

Անշուշտ, վերոնշյալ հանգամանքներն անխուսափելիորեն խոչընդոտ հանդիսացան  նաեւ «Խաղաղության երկխոսություն» հկ-ի 2020թ-ի գործունեության համար։ Այս մարտահրավերներին դիմակայելու համար սկզբնապես մեր ջանքերն ուղղված էին համաճարակով պայմանավորված փոփոխություններին համակերպվելուն եւ նոր ու առավել ստեղծարար մոտեցումներ որոնելուն, որը հնարավոր կդարձներ մեր ռազմավարական գործունեության շարունակելիությունը: Այնուհետեւ՝ 2020 թ-ի ավարտին, հետպատերազմյան իրողությունը ստիպեց մեզ ուղղել մեր ջանքերը պատերազմի հետեւանքների, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության բնագավառներում ի հայտ եկած մարտահրավերների հաղթահարմանը։ Այժմ, հաշվի առնելով անցյալի բացթողումներն ու թերությունները՝ ջանում ենք մշակել նոր մոտեցումներ, որոնք կօգնեն մեզ նպաստել ժողովրդավարական արժեքների տարածմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, հակամարտության արդյունքում տուժած խմբերի շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ պատերազմում ներգրավված հասարակությունների ներկայացուցիչների միջեւ երկխոսության հնարավորությունների ու փոխվստահության վերականգնմանը:

Հույս ունենք, որ մոտ ապագայում ձեր աջակցությամբ եւ ձեզ հետ համագործակցությամբ մեզ կհաջողվի թեպետեւ  փոքր, սակայն չափազանց անհրաժեշտ փոփոխություններ մտցնել հակամարտությունից տուժած համայնքների կյանքում, նպաստել տարածաշրջանում ապահովության եւ անվտանգության մթնոլորտի հաստատմանը եւ խթանել մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների եւ հարատեւ խաղաղություն ունենալու հնարավորության նկատմամբ մեր քաղաքացիների վստահության վերակագնմանը:

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 2019-2020ԹԹ. ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Հաշվետվության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ անցնելով հետեւալ հղումով`«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2019-2020ԹԹ. ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (PDF, 1,9 Mb)