ՄԻՊԳԾ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ 2020Թ.-ԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻԶՈՑԱՐՈՒՄՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ

Հունիսի 26, 2020
Photo by Houcine Ncib on Unsplash

Լուսանկարի հեղինակ` Houcine Ncib: Աղբյուրը` Unsplash


Նախնական տեղեկություններ

2019թ. դեկտեմբերի 26-ի կառավարության N1978-Լ որոշմամբ հաստատվեց Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը (ՄԻՊԳԾ 2020-2022թթ.), որի իրագործմամբ կառավարությունն ակնկալում է ապահովել միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների կողմից արձակված ակտերի, հանձնարարականների եւ առաջարկությունների կատարումը, ինչպես նաեւ շտկել պարբերական եւ արտահերթ զեկույցներում բարձրացված խնդիրները։

Այսօր ՀՀ ԶՈՒ-ում մահվան, խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեպքերը, դրանց կապակցությամբ տարվող քննության արդյունավետությունը, արդար դատաքննության իրավունքի իրացման պայմանները եւ դատական համակարգի անկախությունն ու անկողմնակալությունը խնդրո առարկա են ոչ միայն տեղական կառույցների ու իրավապաշտպան խմբերի, այլեւ հեղինակավոր միջազգային կառույցների համար։ Այս մասին են հավաստում Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ), Խոշտանգումների դեմ կոմիտեի (ԽԴԿ) կողմից պարբերաբար բարձրաձայնվող հարցադրումները, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած մի շարք վճիռներն ու դրանց կատարողականների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի որոշումները։

2015թ.-ից «Խաղաղության երկխոսություն» հկ-ն (ԽԵ) իրականացրել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2014-2016թթ. եւ 2017-2019թթ. գործողությունների ծրագրերի շրջանակներում, հատկապես՝ ԶՈՒ-ում մարդու իրավունքների վիճակի եւ ՀՀ ՊՆ գործողությունների մշտադիտարկում: Կազմակերպությունը հավատացած է, որ սեկտորալ մշտադիտարկումներն առավել արդյունավետ են ոլորտի թիրախային եւ խորքային ուսումնասիրության իրականացման համար: Բացի այն, որ մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը, ինչպես նաեւ ԶՈՒ-ի գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սահմանումը ԽԵ-ի ռազմավարական նպատակներից են, պաշտպանական ոլորտում իրավունքների խնդիրները գտնվում են կազմակերպության առանձնակի ուշադրության կենտրոնում նաեւ այն պատճառով, որ ոլորտի փակ լինելու հետեւանքով (ելնելով ոլորտի առանձնահատկությունից), իրավունքների պաշտպանվածության (հատկապես կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների) տեսանկյունից, քաղաքացիներն ավելի խոցելի են, քանի որ իրավական աջակցություն ստանալու սահմանափակ հնարավորություններ ունեն: Այս ոլորտում կազմակերպության նախաձեռնությունների զգալի մասն ուղղված է հենց այս կերպ՝ նպաստելով մարդու իրավունքների մշտադիտարկման միջոցով ոլորտին առնչվող քաղաքականության մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը:

2020-2022թթ.-ին ԽԵ-ն կշարունակի ՄՒՊ ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության գործունեության մշտադիտարկումը: Մշտադիտարկման արդյունքում վերհանված խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ կոնկրետ առաջարկությունները պարբերաբար կներկայացվեն հանրությանը, շահագրգիռ պետական մարմիններին, ԱԺ ներկայացուցիչներին, ՄԻՊ 2020-2022թթ. ԳԾ-ի Համակարգող խորհրդին, ինչպես նաեւ ոլորտում ներգրավված միջազգային կառույցներին՝ խնդիրների լուծման առավել արդյունավետ մեխանիզմներ մշակելու եւ գործադրելու համար:

Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության եւ դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում պաշտպանական ոլորտին առնչվող գործողությունների մշտադիտարկման առաջընթացի վերաբերյալ հաշվետվությունը, որում ամփոփված են 2020թ. հունվար-հունիս ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու եւ գործի արդար քննության իրավունքների ապահովման ուղղությամբ իրականացված քայլերի ուսումնասիրության արդյունքները:

Հաշվետվություն առաջընթացի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու եւ գործի արդար քննության իրավունքների ապահովման ուղղությամբ ՄԻՊԳԾ-ի շրջանակներում նախատեսված է եղել իրականացնել հետեւյալ վեց գործողությունները.

Գործողություն 1. Իրականացնել վերապատրաստումներ (դասընթացներ) կյանքի իրավունքի թեմայով՝ միջազգային չափանիշներին համապատասխան, այդ թվում` ԶՈւ հրամանատարների, ռազմական ոստիկանների, քննիչների, դատախազների, դատավորների, փաստաբանների եւ քրեակատարողական ծառայության ծառայողների համար: (Պատասխանատու մարմիններ` ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն; Վերջնաժամկետ` 2020-2022թթ. պարբերաբար):

Գործողություն 2. Բարձրացնել կյանքի իրավունքի վերաբերյալ զորակոչիկների, զինծառայողների եւ ազատությունից զրկված անձանց իրազեկվածությունը: (Պատասխանատու մարմիններ` ՀՀ պաշտպանության նախարարություն։ Վերջնաժամկետ` 2020-2022թթ. պարբերաբար):

Գործողություն 3. ԶՈւ-ում ամրապնդել հանդուրժողականության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտը: (Պատասխանատու մարմին` ՀՀ պաշտպանության նախարարություն։ Վերջնաժամկետ` 2020-2022թթ. պարբերաբար):

Գործողություն 14. Օրենսդրորեն ամրագրել վաղեմության ժամկետի կիրառման սահմանափակումներ խոշտանգման հանցանքի նկատմամբ: (Պատասխանատու մարմին` ՀՀ արդարադատության նախարարություն։ Վերջնաժամկետ` 2020թ. երկրորդ կիսամյակ):

Գործողություն 26. Վերապատրաստումներ իրականացնել խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի թեմայով` միջազգային չափանիշներին համապատասխան, այդ թվում` ոստիկանների, ռազմական ոստիկանների, քննիչների, դատախազների, դատավորների, հոգեբուժական, երեխաների խնամքի հաստատությունների աշխատողների, քրեակատարողական ծառայության ծառայողների եւ բժշկական անձնակազմի համար: (Պատասխանատու մարմին` ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն։ Վերջնաժամկետ` 2020-2022թթ. պարբերաբար):

Գործողություն 34. Իրականացնել վերապատրաստումներ գործի արդարացի քննության իրավունքի թեմայով` միջազգային չափանիշներին համապատասխան, այդ թվում` ոստիկանների, ռազմական ոստիկանների, քննիչների, դատախազների, դատավորների համար: (Պատասխանատու մարմին` ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն։ Վերջնաժամկետ` 2020-2022թթ. պարբերաբար):

Մշտադիտարկման այս փուլում վերլուծության են ենթարկվել 2020թ․ հունվար-հունիս ամիսների ընթացքում ԽԵ-ի կողմից ՀՀ պաշտպանության եւ արդարադատության նախարարություններին ուղղված գրավոր հարցումների պատասխաններն ու դրանցում վկայակոչվող իրավական ակտերը:

Նշված ժամանակահատվածում վերոնշյալ նախարարություններին հասցեագրված գրություններում կազմակերպությունը խնդրել է տրամադրել տեղեկություններ`

  • վեց գործողություններից յուրաքանչյուրի ուղղությամբ իրականացված քայլերի, ինչպես նաեւ վերջիններիս իրականացման հստակեցված ժամանակացուցի վերաբերյալ,
  • ՄԻՊԳԾ-ով նախատեսվող բոլոր վերապատրաստումների համար ծրագրերը մշակող կառույցի կամ մասնագետ(ներ)ի վերաբերյալ (ԽԵ-ն խնդրել է տրամադրել մշակված ուսումնական ծրագրերը կամ դրանց հղումները),
  • նախատեսվող բոլոր վերապատրաստումների եւ դասընթացների արդյունավետությունը գնահատելու մեթադաբանության վերաբերյալ,
  • գործողությունների ծրագրով նախատեսված մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկման ակցիաների, ինչպես նաեւ տարածվող տեղեկատվական նյութերի բովանդակության եւ դրանց տարածման ժամանակացույցի վերաբերյալ,
  • ՄԻՊԳԾ-ի շրջանակներում մշակված իրավական ակտերի վերաբերյալ,
  • ուսումնասիրության նպատակով մշտադիտարկող խմբի՝ ՄԻՊԳԾ-ի շրջանակներում իրականացվող գործողություններին մասնակցության վերաբերյալ:

Ուսումնասիրելով ՀՀ պաշտպանության եւ արդարադատության նախարարությունների կողմից ուղարկված պատասխան գրությունները՝ կարելի է եզրակացնել, որ 2020թ. հունվար-հունիս ժամանակահատվածում ՄԻՊԳԾ-ի շրջանակներում իրականացվել են հետեւյալ քայլերը.

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • 2020թ. մայիսի 23-ին ընդունվել է պաշտպանության նախարարի հրաման, որով սահմանվել է ՄԻՊԳԾ-ի շրջանակներում նախատեսված 1-ին, 2-րդ, 26-րդ եւ 34-րդ գործողություններում ներառված միջոցառումների՝ վերապատրաստման դասընթացների ժամանակացույցը։
  • Ուսումնական ծրագրերի մշակման եւ դասախոսություններն իրականացնող կառույցների նշանակման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են։
  • ՄԻՊԳԾ 2-րդ գործողության շրջանակներում Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի եւ ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի համագործակցությամբ մշակվել եւ տպագրվել է կյանքի իրավունքի թեմայով տեղեկատվական պաստառի նմուշը (Գործողություն 2)։
  • Նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման վտանգով պայմանավորված` ՄԻՊԳԾ-ի 3-րդ կետով նախատեսված միջոցառումները դեռեւս չեն իրականացվել:
  • Մշտադիտարկման նպատակով վերապատրաստումներին մասնակցելու հնարավորության վերաբերյալ ՊՆ-ից հայտնել են, որ նման մասնակցության նպատակահարմարության հարցը կքննարկվի դասընթացների ժամկետները եւ բովանդակությունը հստակեցնելուց հետո:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • ՄԻՊԳԾ 14-րդ գործողությամբ նախատեսված խոշտանգման հանցանքի նկատմամբ վաղեմության ժամկետի կիրառման սահմանափակումներն օրենսդրորեն ամրագրելու վերաբերյալ նախագիծն արդեն առկա է եւ հանձնվել է վարչապետի աշխատակազմին:
  • «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Արդարադատության ակադեմիայի կողմից մշակվել են ՄԻՊԳԾ-ի 1-ին, 26-րդ եւ 34-րդ գործողությունների շրջանակներում կյանքի իրավունքի, խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաեւ գործի արդարացի քննության իրավունքի թեմայով ՀՀ արդարադատության նախարարության պատասխանատվության տակ գտնվող վերապատրաստումների ուսումնական ծրագրերը:

Բացի այդ, նշված ժամանակահատվածում

  • Ձեւավորվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրի Համակարգող խորհուրդը*:
  • Մարդու իրավունքների ոլորտում կառավարության գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովման նպատակով գործարկվել է http://www.e-rights.am հարթակը:

* ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի կատարումը համակարգելու եւ մշտադիտարկում իրականացնելու նպատակով ստեղծվող Համակարգող խորհրդի կազմում առաջին անգամ, բացի հանրային իշխանության մարմինների ներկայացուցիչներից, ներգրավված կլինեն նաեւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում կընտրվեն նախապես դիմում-հայտեր ներկայացրած հասարակական կազմակերպություններից** 7-ը, որոնք կընդգրկվեն Խորհրդի կազմում:
** «Խաղաղության երկխոսություն» հկ-ն նույնպես ներկայացրել է դիմում-հայտ համակարգող խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով եւ հանդիսանում է սահմանված չափանիշներին համապատասխանող 9 հասարակական կազմակերպություններից մեկը, որոնց թեկնածությունը կքննարվի Խորհրդի կողմից մրցույթային երկրորդ փուլի ընթացքում:

Մշտադիտարկման նպատակով խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ պայքարի, գործի արդարացի քննության իրավունքի թեմաներով վերապատրաստումներին մասնակցելու հնարավորության վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ մշտադիտարկում իրականացնելու համար անհրաժեշտ է ստանալ այդ դասընթացներին մասնակից բոլոր ունկնդիրների եւ դասընթացավարների համաձայնությունը:

Միեւնույն ժամանակ, արդարադատության նախարարությունից հայտնել են, որ նոր կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ Ակադեմիայում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ պայքարի, գործի արդարացի քննության իրավունքի թեմաներով վերապատրաստումների հստակ ժամանակացույցը դեռեւս հայտնի չէ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ (COVID-19) ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ԶՈՒ-ՈՒՄ ՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ

Հաշվի առնելով ամբողջ աշխարհում ընթացող նոր կորոնավիրուսի (COVID-19) հետեւանքների չեզոքացման եւ վարակի հետագա տարածումը կանխարգելող գործողությունների իրականացման կարեւորությունը` մշտադիտարկման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվում նաեւ ՀՀ ԶՈՒ-ում վարակի տարածումը կանխելու նպատակով իրականացվող գործողությունների ուսումնասիրությանը:

Այս կապակցությամբ, ՀՀ առողջապահության նախարարությանը եւ ՀՀ պաշտպանության նախարարությանն ուղղված գրությունների միջոցով ԽԵ-ն ձեռք է բերել տեղեկություններ այն մասին, որ սույն թվականի ամառային զորակոչի ընթացքում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու եւ զորակոչիկների անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում մշակվել են կոնկրետ միջոցառումներ՝ ներառված «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչն անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին» հրամանում, ինչպես նաեւ զորակոչի ընթացքում զինապարտների բժշկական հետազոտում, փորձաքննություն եւ բուժում իրականացնող բժշկական կազմակերպություններում խստագույնս պահպանվում են սանիտարահամաճարակային անվտանգության եւ կոնորավիրուսային վարակի տարածման կանխարգելման կանոնները՝ հիմնվելով ՀՀ առողջապահության նախարարի 31.01.2020թ. Ն-336-Ա եւ 16.03.2020 թ.-ի Ն-977-Ա հրամանի վրա։

Օգտագործելով ձեռք բերված տեղեկությունների մանրամասները՝ ԽԵ-ն պատրաստել է հակիրճ ուղեցույց 2020թ․ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին ուղղված միջոցառումների վերաբերյալ։

Հետագա անելիքները

Մշտադիտարկման հաջորդ փուլում ԽԵ-ն նախատեսում է իրականացնել հետեւյալ գործողությունները․

  • Ուսումնասիրել ՄԻՊԳԾ-ի շրջանակներում մշակված տեղեկատվական եւ ուսումնական նյութերը, գործողությունների ծրագրի իրականցման, ինչպես նաեւ նոր կորոնավիրուսի տարածման եւ զինված ուժեր ներթափանցման դեպքերի կանխարգելման նպատակով ընդունված իրավական ակտերը:
  • Ձեւավորել ՀՀ մարզերում եւ Երեւան քաղաքում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած մշտադիտարկող խումբ եւ իրականացնել կարողությունների զարգացման դասընթաց։
  • Փորձագետների եւ մշտադիտարկող խմբի դիտորդների ներգրավվմամբ, նախապես մշակված մեթոդաբանության հիման վրա, զորակոչիների եւ զորացրվածների հետ անցկացվող ստանդարտացված հարցազրույցների միջոցով ուսումնասիրել վերոնշյալ իրավական ակտերի պրակտիկ կիրառումը: (Ակնկալվում է նաեւ, որ ՀՀ ՊՆ-ի եւ ՀՀ ԱՆ-ի համաձայնությունը ձեռք բերելուց հետո, մշտադիտարկող խմբի դիտորդները կմասնակցեն ՄԻՊԳԾ-ի շրջանակներում իրականացվող վերապատրաստման դասընթացներին եւ կյանքի իրավունքի վերաբերյալ զորակոչիկների եւ զինծառայողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով պաշտպանության նախարարության կողմից իրականացվող իրազեկման միջոցառումներին):
  • ՄԻՊԳԾ-ի յուրաքանչյուր գործողության համար ձեւակերպված ակնկալվող ազդեցության ցուցանիշների մանրամասն վերլուծության միջոցով  ուսումնասիրել, թե որքանով են ՄԻՊԳԾ-ի շրջանակներում պաշտպանական ոլորտին առնչվող գործողությունները եւ դրանց իրականացումը համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած վճիռներում արձանագրված պահանջներին եւ նպաստում «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի» (ԽԿԿ) կամ «Խոշտանգումների դեմ կոմիտեի» (ԽԴԿ)՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ տարբեր տարիների զեկույցներում նշված խնդիրների լուծմանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող ՊՆ-ի գործունեության մշտադիտարկումը իրականացվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության (ի դեմս` Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության) եւ Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստանի կողմից տրամադրված դրամաշնորհների շրջանակներում:

Embassy of the Federal Republic of Germany in Armenia

German Federal Foreign Office.

Open Society Foundations - Armenia