«ԽԵ» ՀԿ-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հուլիսի 11, 2019
© 2019 Թ. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ԱՂԲՅՈՒՐԸ` www.hetq.am
© 2019 Թ. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ԱՂԲՅՈՒՐԸ` www.hetq.am: ՀԵՂԻՆԱԿ` ԱՐՄԵՆ ՅԵՐԱՄԻՇՅԱՆ

Հաշվետվության թեմաներն են.

  1. ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականը՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության տեսանկյունից
  2. «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը դադարեցրեց ՀՀ Քննչական կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում իր գործունեությունը
  3. Դատարանը պարտավորեցրեց ՊՆ-ին զինծառայողի ուսման ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկ կատարել
  4. 2019 թվականի առաջին կիսամյակում հայկական զինված ուժերում գրանցված մահվան դեպքերի վիճակագրություն
  5. Զինծառայող Լևոն Թորոսյանի մահվան գործի նախաքննության հետ կապված տեղեկություններ
  6. Զինծառայող Արման Մուրադյանի մահվան գործի քննության հետ կապված տեղեկություններ
  7. Զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան գործի քննության հետ կապված տեղեկություններ
  8. Զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանի եւ Սուրեն Արամյանի մահվան գործի քննության հետ կապված տեղեկություններ
  9. Զինծառայող Հարություն Համբարյանի մահվան գործի քննության հետ կապված տեղեկություններ

ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականը՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության տեսանկյունից

Դավիթ Տոնոյան ՀՀ պաշտպանության նախարարՀՀ պաշտպանության նախարարության քաղաքականությունը, գործունեության տրամաբանությունն ու մոտեցումները հասարակությանը ներկայացնող վերջին հայեցակարգը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի «Ազգ-բանակն» է։

Ենթադրվում էր, որ թավշյա հեղափոխությունից հետո այն կվերանայվի։ Պաշտպանության նոր նախարար Դավիթ Տոնոյանը, սակայն, իր հարցազրույցներից մեկում կարծիք էր հայտնել, որ նախորդ հայեցակարգի դրական նախաձեռնությունները շարունակելուն դեմ չէ, ինչից հետեւում է, որ նրա ղեկավարության ներքո եւս ՊՆ-ն պետք է առաջնորդվի «Ազգ-բանակ» հայեցակարգի հաջողված բաղադրատարրերի եւ նախարարի՝ ՊՆ կայքում հրապարակված տեսլականի վրա հիմնվելով։

Վերջինում, թերեւս, առաջին անգամ մեծ ուշադրություն է հատկացվում ոչ միայն արտաքին անվտանգությանն ու այն ցանկացած գնով ապահովելու անհրաժեշտությանը, այլ խոսք է գնում նաեւ բանակում հիմնավոր ժողովրդավարական փոփոխությունների մասին՝ հաշվետվողականության, թափանցիկության, միջոցների արդյունավետ օգտագործման, ոչ կանոնադրային հարաբերությունները նվազագույնի հասցնելու, զինծառայողների արժանապատվության խոցման դեպքերի, ինքնավնասման և ինքնասպանության փորձերի առավելագույնս կասեցման, քաղաքացիական վերահսկողության բարձրացման, բանակի նկատմամբ՝ հասարակության վստահության բարձրացման անհրաժեշտության, ԶՈւ ապաքաղաքական լինելու, քաղաքական չեզոքության պահպանման եւ այն մասին, որ կոռուպցիան…չարիք է։ Հատկանշական է, որ Դավիթ Տոնոյանի տեսլականում զինված ուժերի առանցքային նպատակին հասնելու՝ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացման ճանապարհի ենթատեքստում են կարեւորվում այդ խնդիրները։ Գերակա խնդիր է համարվում զինված ուժերում մարդու իրավունքների ապահովումը երաշխավորելու նպատակով զինծառայողների իրազեկվածության և իրավագիտակցության բարձրացման, թափանցիկության ընդլայնման և ծառայողական քննությունների պարզեցման աշխատանքների իրականացումը։

Թեեւ Ազգ-բանակ հայեցակարգում եւս, որպես դրա քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը, նշված էր արդարության եւ հանրային վստահության ամրապնդումը։ Մինչ թավշյա հեղափոխությունը «Խաղաղության երկխոսության» հարցմանն ի պատասխան «Ազգ-բանակ» հայեցակարգի եւ դրա շրջանակներում ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին դեմ քվեարկած միակ խմբակցության՝ «Ելք»-ի ղեկավար, այժմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացված պատասխան գրության մեջ, մասնավորապես, ասված է.

Նիկոլ Փաշինյան‹‹Ազգ-բանակ›› հայեցակարգը և դրա շրջանակներում իրականացվող միջոցառումները, մասնավորապես 2017թ. հոկտեմբերին ԱԺ կողմից ընդունված ‹‹Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին›› օրենքը, իրենց մեջ պարունակում են բազմաթիվ ռիսկեր, որոնց պատճառով ԵԼՔ խմբակցությունը դեմ է քվեարկել օրենքի նախագծին: ‹‹Ազգ-բանակ›› հայեցակարգի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի ներգրավվածությունը գնահատում ենք ոչ բավարար, ինչը էական բաց է՝ քաղաքացիական հասարակության կողմից  ՀՀ ԶՈՒ-ի գործունեության վերահսկողության առումով››:

Թվում է, թե միայն այն, որ ՊՆ-ն կարեւորում է մարդու իրավունքների հիմնախնդիրների ուղղությամբ աշխատանքը, իսկ թափանցիկության եւ քաղաքացիական վերահսկողության հարցերը պաշտպանության նախարարի առաջնահերթություններում են՝ արդեն իսկ հուսադրող, անգամ՝ ուրախացնող է։ Դեռեւս այնքան էլ հասկանալի ու տեսանելի չէ, սակայն, թե ինչպես պետք է ապահովվեն այս հիմնարար ժողովրդավարական փոփոխություններն այն դեպքում, երբ դեռ ուժի մեջ է նույն, քաղհասարակության քննադատությանն արժանացած, ‹‹Զինվորական ծառայության և  զինծառայողի կարգավիճակի մասին›› օրենքը։ Վերջինս եւ Ազգ-բանակ հայեցակարգը, որը փաստորեն դեռեւս գործում է, իրենց մեջ պարունակում են բազմաթիվ ռիսկեր եւ չեն ապահովում քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի բավարար ներգրավվածությունը։ Սույն հակասությունը եւ այն, թե ինչ հավելյալ մեխանիզմների հաշվին եւ ինչպես են հայկական զինված ուժերում ժողովրդավարական կտրուկ բարեփոխումներ իրականացվելու, դրանց ներկայիս ընթացքի վերաբերյալ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը գրավոր հարցում կուղարկի պաշտպանության նախարարին՝ պատասխանը հաջորդ հաշվետվությունում ներառելու հույսով։

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը դադարեցրեց ՀՀ Քննչական կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում իր գործունեությունը

© 2019. Լուսանկարը` «Խաղաղության երկխոսություն» հկ: Հեղինակ՝ Արթուր Մանուկյան:

Ի թիվս Հայաստանում գործող մի շարք այլ հասարակական կազմակերպությունների, 2018թ.-ի նոյեմբերից «Խաղաղության երկխոսություն» հկ-ն ներգրավվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում: Այժմ խմբի կազմում ընդգրկված են ութ հկ և մեկ հիմնադրամ:

Խումբն ստեղծվել է զինվորական ծառայության ընթացքում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով ուսումնասիրություն իրականացնելու՝ գործերի քննության ընթացքում տեղ գտած համակարգային թերությունները, բացթողումներն ու խնդիրներն ի հայտ բերելու և դրանք քննչական մարմնին ու հասարակությանը ներկայացնելու նպատակով:

Հաշվի առնելով, որ շուրջ ութ ամիսների ընթացքում խմբի գործունեությունը չի նպաստել զինված ուժերում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած մահվան դեպքերի բացահայտմանն ու ավելի է խորացրել քննչական մարմինների գործունեության նկատմամբ տուժողների իրավահաջորդների անվստահությունը՝ այս տարվա հունիսին ԽԵ-ն հայտարարեց մոնիտորինգի խմբի շրջանակներում իր գործունեությունը դադարեցնելու մասին` հետեւյալ հիմնավորումները ներկայացնելով հանրությանը.

1. Չնայած, որ խմբի անդամ հկ-ները ստորագրել են խմբի գործունեության ընթացքում իրենց հայտնի դարձած նախաքննական գաղտնիք հանդիսացող նյութերի չհրապարակման վերաբերյալ փաստաթուղթ՝ ՔԿ-ի կողմից չեն տրամադրվում քրեական գործերի նյութերի պատճենները:

ՔԿ-ն առաջարկել է Խմբի անդամ հկ-ներին, որպեսզի նրանք քրեական վարույթների շրջանակում ներգրավված տուժողի իրավահաջորդների կողմից պաշտոնապես ճանաչվեն որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, որի արդյունքում հկ-ներն առանց խոչընդոտի կկարողանան ծանոթանալ գործերի հետ: Սակայն, սա պարզապես կասկածի տակ է դնում խմբի գոյության անհրաժեշտությունը: Ըստ էության՝ գոյություն չունի որեւէ իրավական խոչընդոտ, որը կարող է արգելք հանդիսանալ այս խմբում չներգրավված, սակայն քրեական գործերի շրջանակում որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ճանաչված իրավապաշտպանների կողմից իրենց կատարած ուսումնասիրությունների եւ վերլուծությունների հիման վրա սեփական դիքորոշումները ներկայացնել գործերի քննության ընթացքում տեղ գտած թերությունների ու խախտումների վերաբերյալ, ինչպես նաև հանդես գալ իրենց կողմից մշակված իրավական բարեփոխումների վերաբերյալ առաջարկներով: Ավելին, անկախ վերոնշյալ Խմբում ներգրավված լինելու փաստից, թե՛ ՔԿ-ն եւ թե՛ ցանկացած այլ քննություն իրականացնող մարմին պարտավոր են ընթացք տալ եւ վարույթ սկսել հկ-ների, իրավապաշտպանների կամ ցանկացած քաղաքացու կողմից բարձրաձայնված հանցագործությունների մասին հայտարարությունների առթիվ եւ քայլեր ձեռնարկել դրանցում մատնանշված իրավական խնդիրների լուծման ուղղությամբ:

2. ՔԿ-ն որեւէ քայլ չի ձեռնարկել զինծառայող Գրիգոր Հերմոնի Ավետիսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի ուսումնասիրության արդյունքում մեր կազմակերպության կողմից վերհանված մի շարք ապօրինությունների, բացթողումների, կեղծիքների ու պաշտոնեական անգործության դեպքերի հայտնաբերման եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ի պատասխան ՔԿ-ի նախագահի տեղակալ Արտակ Կրկյաշարյանի այն հայտարարության, որ ՔԿ-ն բաց է մոնիթորիգի խմբի անդամ ՀԿ-ների կողմից զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված քրեական գործերի ուսումնասիրության ընթացքում վերհանված խնդիրների ուղղությամբ տրամադրվող տեղեկատվության համար, 2019 թ.-ի մայիսի 8-ին ԽԵ-ն ՔԿ-ին է ուղարկել տեղեկանք` 2016թ.-ի ապրիլի 6-ին գրանցված զինծառայող Գրիգոր Հերմոնի Ավետիսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի քննության վերաբերյալ կազմակերպության կողմից վերհանված բազմաթիվ բացթողումների եւ թերությունների մասին: Տեղեկանքի հետ ուղարկված գրությունում կազմակերպությունը խնդրել էր նաեւ հայտնել, թե ի՞նչ կոնկրետ գործողություններ են իրականացվել կամ իրականացվելու ՔԿ-ի կողմից տեղեկանքում մատնանշված բացթողումները շտկելու եւ թերությունները վերացնելու ուղղությամբ: Դա անելու փոխարեն, սակայն, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված 27 էջից բաղկացած տեղեկանքին ի պատասխան, 2019 թ.-ի հունիսի 5-ին ստացված պատասխան գրությամբ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Գ. Մայիլյանն ընդամենը հայտնել է, որ տեղեկանք-գրությունն ուսումնասիրվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում եւ ուղարկվել ՔԿ` մոնիտորինգի աշխատանքային խմբում հերթական քննարկումներ կազմակերպելու համար:

Ակնկալվում էր, որ խմբի աշխատանքի արդյունքում գործնական քայլեր են ձեռնարկվելու վերհանված թերացումները վերացնելու, մեղավորներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Գրիգոր Ավետիսյանի գործի վերաբերյալ ուղարկված տեղեկանքը հաղորդում է մի շարք հանցագործությունների մասին, ուստի տեղեկանքում պարունակվող այդ հատվածները քննչական մարմինը պետք է դիտարկեր հանցագործության մասին հաղորդումների վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների լույսի ներքո, այն է` պարտավոր էր վարույթ կամ վարույթներ նախաձեռնել տեղեկանքում առկա նյութերի հիման վրա, այլ ոչ թե ուղարկեր այն աշխատանքային խմբում հերթական քննարկումներ կազմակերպելու համար, որն, ի դեպ, հայտնի չէ, թե երբ կկայանա: Ակնհայտ է, որ ՔԿ-ի կողմից գործնական քայլերը ենթադրում են կոնկրետ դրվագներով քրեական վարույթների նախաձեռնում եւ իրականացում քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության, ռազմական ոստիկանության, զինվորական դատախազության քննիչների եւ դատախազների`այսինքն սեփական գործընկերների նկատմամբ, ինչն անկասկած պահանջում է բացառիկ քաղաքական կամքի դրսեւորում եւ ինչը, կարծես թե, դեռ չի ձեւավորվել քննչական մարմիններում՝ անգամ հեղափոխությունից հետո:

Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացած մի շարք զինծառայողների հարազատների հավաստմամբ, մինչ այժմ խմբի աշխատանքները ոչ միայն չեն նպաստել իրենց հարազատների մահվան իրական պատճառների բացահայտմանը, այլեւ սահմանափակել են պետական պաշտոնյաներին իրենց մտահոգություններն ու պահանջները հասցնելու հնարավորությունները, քանի որ պաշտոնյաները դրանց ի պատասխան միայն պնդում են, որ տուժողների իրավահաջորդների կողմից բարձրացվող խնդիրների լուծման ուղղությամբ աշխատում է ՀՀ ՔԿ-ի նախաձեռնությամբ ստեղծված հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբը, ինչը, սակայն, վերը նշված խնդիրների չլուծվածության պարագայում, գրեթե չի համապատասխանում իրականությանը:

Ելնելով վերոնշյալից՝ կազմակերպությունն հայտարարել է, որ զինվորական ծառայության ընթացքում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած մահվան դեպքերի փաստերով հարուցված քրեական գործերով ուսումնասիրություն իրականացնող հասարակական մոնիթորինգի խմբի արդյունավետ աշխատանքն անհնար կլինի, քանի դեռ`

ա. Գոյություն չունի իրավականորեն հիմնավորված մոտեցումներ եւ մեխանիզմներ խմբում ներառված կազմակերպությունների կողմից քրեական գործերի նյութերին ծանոթանալու համար,

բ. Քննչական մարմինները չեն ձերբազատվել տասնամյակներով ձեւավորված արատավոր սովորություններից ու պրակտիկաներից։ 

«Խաղաղության երկխոսություն» հկ-ն հայտարարել է, որ կշարունակի զինվորական ծառայության ընթացքում ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների իրավունքների պաշտպանությանն ուղղված իր գործունեությունն՝ օգտագործելով այլ հարթակներ եւ օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներ, քանի որ իրավականորեն հիմնավորված մոտեցումների եւ մեխանիզմների բացակայությունն ու համակարգի՝ կոռուպցիայից ձերբազատված չլինելը խոչընդոտում, խաթարում են խմբի շրջանակներում մեր կազմակերպության առաքելությամբ պայմանավորված գործունեության արդյունավետ իրականացումը:

Մոնիտորինգի խմբից դուրս գալու հայտարարությունը տարածելուց հետո, հունիսի 18-ին, կազմակերպությունն ստացավ ՀՀ ՔԿ դեպարտամենտի պարզաբանումը, որում, հիմնականում, մանրամասնորեն բացատրություն է տրված այն մասին, թե ինչպես է նախաքննական մարմնին «հաջողվել», երկու ընկերների՝ միեւնույն վայրում, միեւնույն ժամանակ կատարված կրկնակի սպանության գործը քննելով, պարզել նրանցից մեկի սպանությունը կատարողին, իսկ մյուսի սպանության մասով «…սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, ուստի՝ որոշում է կայացվել՝ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին՝ Սուրեն Արամյանի սպանության… համար որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի/անձանց հայտնի չլինելու հիմքով»:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է նաեւ, որ տեղեկանք-գրությունն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժին՝ բարձրացված հարցերի շուրջ քննություն կատարելու համար:

Դատարանը պարտավորեցրեց ՊՆ-ին զինծառայողի ուսման ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկ կատարել

«Խաղաղության երկխոսությունը» դեռեւս նախորդ տարի ռազմավարական դատավարական գործընթաց էր նախաձեռնել՝ ի պաշտպանություն հետուսումնական պայմանագրային զինծառայությունից հրաժարվող ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների շահերի։ ՀՀ զինված ուժերի պահեստազոր արձակված զինծառայողներից մեկի՝ Արմեն Սարգսյանի դիմումի հիման վրա կազմակերպությունը դատարան էր դիմել նրա նկատմամբ կիրառված ՀՀ կառավարության որոշման դրույթն անվավեր ճանաչելու, ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկի պահանջով։ ՀՀ վարչական դատարանն այս տարվա ապրիլին բավարարել է փաստաբան Արթուր Սուքիասյանի կողմից դատարանին ներկայացված վերոնշյալ հայցերից մեկը։

«Խաղաղության երկխոսություն» հկ-ն ռազմավարական դատավարական գործընթաց է նախաձեռնել ի պաշտպանություն հետուսումնական պայմանագրային զինծառայությունից հրաժարվող ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների շահերի։ Փաստաբան Արթուր Սուքիասյանի ներգրավմամբ, ՀՀ զինված ուժերի պահեստազոր արձակված զինծառայողներից մեկի դիմումի հիման վրա կազմակերպությունը դատարան դիմեց նրա նկատմամբ կիրառված ՀՀ կառավարության որոշման դրույթն անվավեր ճանաչելու պահանջով։

Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողները հետուսումնական պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում պարտավոր են փոխհատուցել իրենց ուսման հետ կապված ծախսերը: Հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում` ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 08-ի թիվ 393-Ն որոշմամբ սահմանված՝ «Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգ»-ի պահանջներով, որի 3-րդ կետը սահմանում է, որ փոխհատուցման ենթակա ուսման համար պետության կատարած ծախսերը հաշվարկվում են զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ մեկ սովորողի համար կատարվող ծախսերով:

Այս իրավական ակտի դրույթների հիման վրա զինվորական ծառայությունից հրաժարվող զինծառայողները վճարում են ոչ թե իրենց ուսման հետ կապված փաստացի ծախսերի գումարները, այլ այնքան գումար, որքան պետությունը մեկ սովորողի համար ծախսում է զինվորական ծառայությունից նրանց արձակվելու օրվա դրությամբ: Նման իրավակարգավորման պայմաններում զինվորական ծառայությունից արձակվողները, փաստորեն, պետությանը փոխհատուցում են ոչ թե իրենց ուսման վրա փաստացի ծախսված գումարը, այլ վճարում են մի գումար, որն իրենց ուսման համար պետությունը չի ծախսել, ինչը չի տեղավորվում վնասի հատուցման ինստիտուտի տրամաբանության և կարգավորումների մեջ:

Թիվ 393-Ն որոշման դրույթները կիրառվում են հետուսումնական պայմանագրային զինծառայությունից հրաժարվող բոլոր ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների նկատմամբ։ Այս ոլորտում իրավակիրառ պրակտիկայում փոփոխություն կատարելու, նշված դրույթը դատական կարգով անվավեր ճանաչելու, նաեւ խնդրի վերաբերյալ հանրային իրազեկումն ապահովելու նպատակով «Խաղաղության երկխոսությունը» հանդես եկավ նման նախաձեռնությամբ:

Թիվ 393-Ն որոշմամբ սահմանված «Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգի» 3-րդ կետի վերջին պարբերությունն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ Արմեն Սարգսյանի դիմումը վերադարձնելու մասին ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել այն հիմքով, որ դիմումատուն բաց է թողել դատարան դիմելու ժամկետը:

Հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 05-ի գրությամբ Արմեն Սարգսյանը տեղեկացվել է իր ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի չափի վերաբերյալ, հետևաբար ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 08-ի թիվ 393-Ն որոշմամբ սահմանված` «Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգի» 3-րդ կետի վերջին պարբերությունն Արմեն Սարգսյանի նկատմամբ առաջին անգամ ռեալ ակտով կիրառվել է 2017 թվականին՝ ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման ենթակա գումարը հաշվարկելու գործողությամբ:

Վերոգրյալի հիման վրա դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետն (դիմում ներկայացնելու դատավարական ժամկետ) սկսել է հոսել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի համապատասխան դրույթի կիրառումն ապահոված 2017 թվականի դեկտեմբեր ամսվա գործողության (ռեալ ակտի) օրվանից հետո, ինչի հիման վրա եզրահանգել է, որ Արմեն Սարգսյանի կողմից բաց է թողնվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածով սահմանված դիմում ներկայացնելու դատավարական ժամկետները:

Դիմումը վերադարձնելու մասին 2019 թվականի հունվարի 15-ի որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ բողոքը բերվել է այն հիմքով, որ Արմեն Սարգսյանի կողմից վիճարկվող նորմի կարգավորումները վերաբերվում են ծախսերի հաշվարկին, որոնք կատարվում են զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ: Վերոգրյալ ձևակերպումից հետևում է, որ վերը նշված իրավական նորմի կիրառման համար հիմք է ընդունվում զինվորական ծառայությունից արձակվելու օրը և նշված իրավանորմը զինծառայողի նկատմամբ չի կարող կիրառվել ավելի վաղ, քան զինվորական ծառայությունից արձակվելու օրը: Իրավական նորմում նման ձևակերպման առկայության պայմաններում բնական է, որ զինվորական ծառայությունից արձակվելու օրվան նախորդող ժամանակահատվածի վրա նորմի գործողությունը չի կարող տարածվել, հետևաբար անընդունելի է դատարանի այն դիրքորոշումը, որի համաձայն 2018 թվականի սեպտեմբերի 24-ին զինվորական ծառայությունից արձակված զինծառայողի նկատմամբ վերը նշված իրավանորմի պահանջը կիրառվել է դեռևս 2017 թվականին:

Արմեն Սարգսյանը զինվորական ծառայությունից արձակվել է ՀՀ պաշտպանության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1569 հրամանով, հետևաբար Արմեն Սարգսյանի նկատմամբ վերը նշված իրավական նորմի կիրառման օր է հանդիսանում 2018 թվականի սեպտեմբերի 24-ը: Վիճարկվող իրավանորմի՝ Արմեն Սարգսյանի նկատմամբ կիրառվելու օրվա հետ կապված ցանկացած այլ մեկնաբանություն հակասելու է վիճարկվող իրավական նորմում առկա «զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ» ձևակերպմանը:

Չնայած դրան՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու մասին:

Արմեն Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վարչական դատարան «Խաղաղության երկխոսության» կողմից ուղարկված մյուս դիմումով պահանջվում էր ՀՀ պաշտպանության նախարարությանը պարտավորեցնել կատարելու ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկ և փոխհատուցման ենթակա գումարից հաշվանցել պայմանագրային ծառայության ընթացքում ոչ աշխատանքային շաբաթ օրերին աշխատանքի ներգրավելու համար վճարման ենթակա գումարները:

Դատարանում գործի քննության ընթացքում պարզ է դարձել, որ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կողմից Արմեն Սարգսյանի ուսման ընթացքում վերջինիս սննդի համար կատարված ծախսերի հաշվարկում որպես մեկ օրվա սննդի համար կատարված ծախսի գումարը հանդիսանում է ոչ թե կուրսանտի մեկ օրվա սննդի համար կատարված ծախսի գումար, այլ սննդի մատուցման ծառայության արժեք, որն իր մեջ ներառում է սննդամթերք, սպասք, գույք, տեխնիկական միջոցներ, տնտեսական ապրանքներ, աշխատավարձ և կոմունալ վճարներ:

Վերոգրյալի հիման վրա դատարանին ներկայացված սկզբնական պահանջը լրացվել է և կազմակերպության փաստաբանի կողմից պահանջ է ներկայացվել վերահաշվարկ կատարել նաև սննդի համար կատարված ծախսի գումարների մասով, քանի որ վաղաժամկետ զորացրվող զինծառայողը կրում է միայն սննդի արժեքը հատուցելու պարտականություն:

Թիվ ՎԴ/1362/05/18 վարչական գործով 01.04.2019թ. ՀՀ վարչական դատարանը կայացրել է վճիռ, որով դատարանը վճռել է Արմեն Սարվանի Սարգսյանի հայցը բավարարել՝ պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը կատարել Արմեն Սարգսյանի ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկ և փոխհատուցման ենթակա գումարից հաշվանցել պայմանագրային ծառայության ընթացքում ոչ աշխատանքային շաբաթ օրերին աշխատանքի ներգրավելու համար վճարման ենթակա գումարները:

Թիվ ՎԴ/1362/05/18 վարչական գործով 01.04.2019թ. վճռի դեմ ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք: ՀՀ վարչական դատարանի վճիռը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բողոքարկվել է մասնակի` միայն ոչ աշխատանքային շաբաթ օրերին աշխատանքի ներգրավելու համար վճարման ենթակա գումարների մասով: Վերաքննիչ բողոքի վերաբերյալ ներկայացվել է պատասխան:

Թիվ ՎԴ/1362/05/18 վարչական գործով դատական նիստը նշանակվել է 2020 թվականի մարտի 05-ին:

Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությանը ներկայացվել է դիմում, որով Արմեն Սարգսյանը խնդրել է կատարել թիվ ՎԴ/1362/05/18 վարչական գործով  կայացված վճռի պահանջներն այն մասով, որ մասով վճիռը չի բողոքարկվել (սննդային ծառայության արժեքի մասով):

2019 թվականի առաջին կիսամյակում հայկական զինված ուժերում գրանցված մահվան դեպքերի վիճակագրություն

2019 թվականի առաջին կիսամյակում հայկական զինված ուժերում գրանցված մահվան դեպքերի վիճակագրություն
Մեծացնել

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ ՊՆ եւ ԼՂ ՊԲ տարածած հաղորդագրություններից, այլ բաց աղբյուրներից տվյալներ է հավաքագրել հայկական զինված ուժերում 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում գրանցված մահվան ելքով 29 դեպքի մասին։

Գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման 2, սպանության՝ 3, դժբախտ պատահարների՝ 12, ինքնասպանության՝ 4, առողջական խնդիրների հետ կապված 7 դեպք, անփութության և անգործության 1 դեպք։

 

Զինծառայող Լևոն Թորոսյանի մահվան գործի նախաքննության հետ կապված տեղեկություններ

2018 թվականի մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ 21127 զորամասի պահպանության տեղամասի «Հակոբասար» մարտական հենակետի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017թ. երկրորդ զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է թիվ 90753018 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը։

2018 թվականի մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ 21127 զորամասի պահպանության տեղամասի «Հակոբասար» մարտական հենակետի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017թ. երկրորդ զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է թիվ 90753018 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը։

Լևոն Թորոսյանի գործով մեկ տարուց ավելի է ընթանում է նախաքննություն։ Այդ ընթացքում քրեական գործը երկար ճանապարհ է անցել, ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնից մինչև ՔԿ ՀԿԳ վարչություն, այնտեղից էլ՝ ՀՔԾ։ 

Նախորդ տարվա դեկտեմբերին գործը քննության ուղարկվեց արդեն չորրորդ քննչական մարմին՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտ։ Տուժող կողմը լիահույս էր, որ գոնե այս անգամ նախաքննական մարմինն ի վերջո կբացահայտի սպանությունը և խիստ պատժի կենթարկվեն ոչ միայն մարդասպանները, այլ իրավապահ մարմինների այն աշխատակիցները, որոնք մինչ օրս ամեն ինչ արել են սպանությունը կոծկելու համար։ Սակայն այս ամիսների ընթացքում պարզ դարձավ, որ գործով օբյեկտիվ քննություն չի կատարվում։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ԽԵ փորձագետ Ռ. Մարտիրոսյանը սույն թվականի մարտին բացարկ հայտնեց ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Հ. Մանուկյանին և ՔԴ ղեկավար Ա. Աղաջանյանին՝ միջնորդելով գործի քննությունը հանձնարարել այլ քննչական մարմնի։ 

Տուժող կողմի ներկայացրած բացարկի միջնորդությունը մերժվեց։ Այժմ էլ գործը շարունակում է մնալ ԱԱԾ ՔԴ-ում, սակայն քննություն, ըստ էության, չի կատարվում։

Զինծառայող Արման Մուրադյանի մահվան գործի քննության հետ կապված տեղեկություններ

Զինծառայող Արման Մուրադյանի մահվան գործի քննության հետ կապված տեղեկություններ2013թ.-ի հուլիսի 30-ին ԼՂ-ի  հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Արման Հովսեփի Մուրադյանը։

Նախորդ տարվա վերջին նրա հայրը՝ տուժողի իրավահաջորդ Հովսեփ Մուրադյանը,  որդու մահվան գործով քննության ընթացքում իրավական աջակցության խնդրանքով դիմել էր «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը։

Տուժող կողմը չի համաձայնել քննության արդյունքում կայացված դատական ակտերի հետ, դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում կարգադրությամբ ՀՀ զինվորական դատախազության կողմից կրկին ուսումնասիրվել են քրեական գործի նյութերը։ Արդյունքում պարզվել է, որ քննիչներ Դ. Իգիթյանի և Ս. Թամազյանի կողմից գործի նախաքննության ընթացքում թույլ են տրվել մի շարք խախտումներ։ Հիմնվելով դրա վրա՝ զինվորական դատախազությունը գրություն էր ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, միջնորդել քննիչների արարքներին տալ քրեաիրավական գնահատական և նյութեր նախապատրաստել։ 2018թ. նոյեմբերի 18-ին, սակայն, ՀՔԾ քննիչ Ս. Ավետիսյանը որոշել էր մերժել քրեական գործ հարուցելու այդ միջնորդությունը։ Տուժող կողմը որոշումը բողոքարկեց, ինչը սակայն ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետի որոշմամբ եւս մերժվեց։

Այս տարվա հունվարի 10-ին տուժող կողմը քրեական գործի հարուցումը մերժելու մասին այդ որոշումը բողոքարկեց արդեն դատական կարգով։

Լսելով տուժող կողմի հիմնավորումները և դրանք բավարար համարելով՝ դատարանը բավարարեց բողոքը, պարտավորեցրեց նախաքննական մարմնին վերացնել քրեական գործի հարուցման մերժման մասին որոշումը և կատարել քննություն։

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա. Շահբազյանը վերաքննիչ բողոք ներկայացրեց՝ ստուգման ենթարկելու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի փետրվարի 14-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը։

Վերաքննիչ դատարանը սույն թվականի մայիսի 21-ի որոշմամբ մերժեց դատախազության բողոքն ու անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը, այսինքն, պարտավորեցրեց նախաքննական մարմնին վերացնել քրեական գործի հարուցման մերժման մասին որոշումը և կատարել քննություն։

Վերաքննիչ դատարանի կողմից մեկուկես ամիս առաջ կայացված դատական ակտից հետո տուժող կողմին ոչինչ հայտնի չէ այն մասին, թե ինչպես է կատարվել դատարանի որոշումը, հարուցվե՞լ է քրեական գործ, եթե այո, ապա ու՞մ կողմից, և արդյո՞ք այժմ այդ գործով քննություն ընթանում է։ Վերոնշյալ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով տուժող կողմը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին։

Զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան գործի քննության հետ կապված տեղեկություններ

Manuchar Manucharyan

2013թ. հուլիսի 31-ին ՀՀ ՊՆ 24923 զորամասում մահացած (պաշտոնական վարկածն՝ ինքնասպանություն) Մանուչար Մերուժանի Մանուչարյանի եղբայրը՝ տուժողի իրավահաջորդ Օնիկ Մանուչարյանը, եղբոր մահվան գործով հայաստանյան դատական ատյանները սպառելուց հետո հայցադիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանի պատրաստած հայցում նշվում է, որ ըստ դիմողի, պատասխանող կառավարությունը չի կատարել իր բացառիկ վերահսկողության ներքո տարածքում՝ զորամասում, Մ. Մանուչարյանի կյանքի պաշտպանության իր պարտավորությունը, այնուհետեւ՝ չի կատարել եղբոր մահվան փաստով արդյունավետ քննություն իրականացնելու իր պարտականությունը՝  մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով»։

Հիշեցնենք, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը մի շարք խախտումներ էին հայտնաբերել գործի նախաքննության եւ դատաքննության փուլերում։ 

Մասնավորապես, փորձաքննությանը ներկայացված ԱԿՍ տեսակի թիվ 1119879 ինքնաձիգի, որով իբր ինքնասպանություն է գործել Մ. Մանուչարյանը, և ինքնաձիգին ամրացված պահունակի վրա հետագա համեմատական հետազոտություն և նույնացում կատարելու համար պիտանի մատնահետքեր չեն հայտնաբերվել։ Սա վկայում  է այն մասին, որ մատնահետքերը ոչնչացվել են միտումնավոր, չբացահայտված անձի կողմից։ Այս փաստի ուղղությամբ նույնպես որևէ քննություն չի կատարվել, իսկ դատարանները դրան որևէ գնահատական չեն տվել, քանի որ դա կհակասեր ինքնասպանության կեղծ վարկածին։ Վկաներ Ա. Աբրահամյանի և Ա. Սահակյանի դատարանում տված ցուցմունքներն այն մասին, որ իրենց նախաքննական ցուցմունքները իրականությանը չեն համապատասխանում և տրվել են հարկադրանքի ազդեցությամբ, պատշաճ գնահատականի չեն արժանացել դատարանների կողմից և հիմք են ընդունվել։

Մ. Մանուչարյանի մարմնի վրա հայտնաբերված տարբեր վնասվածքների (հետմահու եւ մահվանից կարճ ժամանակ առաջ հասցված) վերաբերյալ նախաքննության մարմնի կողմից ոչ մի քննություն չի իրականացվել դրանց պատճառման հանգամանքները, պատճառող անձին/անձանց պարզելու ուղղությամբ, իսկ առաջին ատյանի դատարանը այս փաստին որևէ գնահատական չի տվել։

Մ. Մանուչարյանի տաբատի աջ ոտքի հետևի մասում առկա է հրազենային գնդակի վնասվածքին բնորոշ, 5մմ տրամագծով անցք (հագուստի զննության արձանագրությունից. «Զինվորական տաբատի ձախ ոտքի ազդրի շրջանում մինչև ծունկ ներծծված է արնանման թանձր հեղուկով, աջ ոտքի հատվածում, աջ կողագրպանի վերին առջևի եզրից 3,5 սմ վեր առկա է կլորավուն՝  կիսալուսնաձև, 1,5×1սմ չափսի թելատված եզրերով անցք։ Աջ ոտքի հետնամասում՝ ծնկածալի հատվածում, առկա է արնանման ներծծված հետք 10×25սմ չափսերի, որի վերնամասում, կորավուն կարից 5սմ ցած առկա է 5մմ տրամագծով անցք, որի եզրերը այրվածքի հետքերով են»), սակայն դատաձգաբան փորձագետների եզրակացության եզրափակիչ («Հետևություններ») մասի համաձայն՝ Մ. Մանուչարյանի զինվորական անդրավարտիքի վրա  հրազենային բնույթի վնասվածքներ չեն հայտնաբերվել։

2016թ. արդեն դատական նիստի ընթացքում զննության է ենթարկվել Մ.Մանուչարյանի զինվորական տաբատը, որի վրա առկա է եղել 2013թ.-ին հագուստի զննում կատարելու վերաբերյալ արձանագրության մեջ նկարագրված 5մմ տրամագծով, եզրերը այրվածքի հետքերով անցքը, սակայն դատական նիստին հարցաքննված դատաձգաբան-փորձագետ Ա. Համբարձումյանը հայտնել է, որ Մ. Մանուչարյանի հագուստի փորձաքննության ժամանակ տաբատի վրա հրազենային բնույթի վնասվածքներ իր կողմից չեն հայտնաբերվել։

Ելնելով փաստից, որ տաբատի այլ մասերում բացակայում է գնդակի ելքի անցքը, տուժող կողմը համոզմունք է հայտնել, որ գնդակը մնացել է Մ. Մանուչարյանի աջ ոտքի մեջ և արտաշիրմամբ է հնարավոր պարզել այդ հանգամանքը։ Դատարանի որոշմամբ, սակայն, մերժվել է թե՛ տաբատի կրկնակի դատաձգաբանական փորձաքննություն նշանակելու, թե՛ արտաշիրմում կատարելու վերաբերյալ միջնորդությունը։

Վերաքննիչ քրեական դատարանը 2018թ.-ին մերժել է դիմողի բողոքը՝ չանդրադառնալով վերաքննիչ բողոքում բերված փաստարկներին, սակայն նշելով, որ դրանք անհիմն են և հերքվել են գործով ձեռք բերված ապացույցներով, իսկ Վճռաբեկ դատարանն ընդհանրապես հրաժարվել է վարույթ ընդունել բողոքը։

Հ. Գ. Այս տարվա ապրիլի 3-ին տուժող կողմը ՄԻԵԴ-ից հաստատում ստացավ, որ դատարանի քարտուղարությունն ստացել է դիմումը եւ այն վարույթ է ընդունել։ «Դատարանը քննության կառնի տվյալ գործն առաջին իսկ հնարավորության դեպքում», – ասված է դատարանի քարտուղարի կողմից ուղարկված պատասխանում։

Զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանի եւ Սուրեն Արամյանի մահվան գործի քննության հետ կապված տեղեկություններ

A delusive investigation of a double murder case.

Գրիգոր Ավետիսյանը եւ Սուրեն Արամյանն սպանվել են մարտական հենակետում՝ 2016թ. ապրիլի 6-ին։ Երկու օր անց իբր մեղայականով Վարդենիսի ՌՈ է ներկայացել զինծառայող Դավիթ Դումիկյանը և խոստովանել, որ ինքն է սպանել Ավետիսյանին ու Արամյանին: Ավելի ուշ, սակայն, Դումիկյանը հրաժարվել է իր «ինքնախոստովանական» ցուցմունքներից՝ հայտնելով, որ դրանք իրենից կորզել է ՌՈ աշխատակիցներից մեկը՝ «բարձրահասակ մի գնդապետ»: 

2018թ.-ին այս կրկնակի սպանության գործերն արհեստականորեն տարանջատվել են քննչական մարմնի կողմից, Գրիգոր Ավետիսյանի սպանության մասով գործն ուղարկվել է դատարան (սպանություն կատարելու մեջ մեղադրվում է Դավիթ Դումիկյանը), իսկ Սուրեն Արամյանի սպանության անջատված մասով գործը նախաքննական մարմինը կասեցրել է այն հիմքով, որ մարդասպանին հայտնաբերելու նպատակով բոլոր քննչական գործողությունները եղել են անարդյունք։ Ծնողների եւ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ կրկնակի սպանության գործով ընթացել եւ ընթանում է կեղծ, միակողմանի նախաքննություն։

Ի պատասխան ՔԿ-ի նախագահի տեղակալ Արտակ Կրկյաշարյանի հայտարարության, առ այն, որ ՔԿ-ն բաց է իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված մոնիթորիգի խմբի անդամ ՀԿ-ների կողմից զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված քրեական գործերի ուսումնասիրության ընթացքում վերհանված խնդիրների ուղղությամբ տրամադրվող տեղեկատվության համար, 2019 թ.-ի մայիսի 8-ին «Խաղաղության երկխոսությունը» ՔԿ-ին է ուղարկել տեղեկանք` 2016թ.-ի ապրիլի 6-ին գրանցված զինծառայող Գրիգոր Հերմոնի Ավետիսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի քննության վերաբերյալ մեր կողմից վերհանված բազմաթիվ բացթողումների եւ թերությունների մասին:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված 27 էջից բաղկացած տեղեկանքին ի պատասխան 2019 թ.-ի հունիսի 5-ին ստացված գրությամբ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Գ. Մայիլյանն ընդամենը հայտնել է, որ տեղեկանք-գրությունն ուսումնասիրվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում եւ ուղարկվել ՔԿ` իր նախաձեռնությամբ ստեղծված հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում հերթական քննարկումներ կազմակերպելու համար:

Միայն «Խաղաղության երկխոսության» կողմից մոնիտորինգային խմբի կազմից դուրս գալու հայտարարությունից հետո ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնեց, որ տեղեկանք-գրությունն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժին՝ բարձրացված հարցերի շուրջ քննություն կատարելու համար:

Զինծառայող Հարություն Համբարյանի մահվան գործի քննության հետ կապված տեղեկություններ

H.Hambaryan

2015 թվականի մայիսի 8-ին, ժամը 15:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Հրայրի Համբարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգից գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:  

Գործով քննություն է կատարվում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Սարգսյանի նախագահությամբ:

Ստացվել է Հ. Համբարյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործով նշանակված համալիր դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության արդյունքները: Ըստ այդ փորձագիտական եզրակացության “Հետևություններ” վերտառությամբ բաժնի, քրեական գործի նյութերում առկա տեղեկությունների համակցությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ Դավիթ Հարությունյանի գործողությունների և Հարություն Համբարյանի մահվանը նախորդող ժամանակահատվածում վերջինիս ունեցած հոգեվիճակի միջև առկա է պատճառահետևանքային կապ։ Դատելով այս փորձաքննության արդյունքներից` Համբարյանի համածառայակից Դավիթ Հարությունյանին պետք է մեղադրանք առաջադրվի ՀՀ քր. օր. 110 հոդվածի առաջին մասով՝ Հարությունին ինքնասպանության հասցնելու հիմքով։

Հիշեցնենք, որ նշանակված առաջին դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությամբ չէր ապացուցվել Դավիթ Հարությունյանի գործողությունների և մահվանը նախորդող ժամանակահատվածում Հարություն Համբարյանի ունեցած հոգեվիճակի միջև առկա պատճառահետևանքային կապը։

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանի, սակայն, կատարվածն սպանություն է, քանի որ ըստ իր կողմից կատարված դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննությունների եզրակացությունների համատեղ վերլուծության, մահվանից առաջ առ այսօր մեզ անհայտ անձինք մարմնական վնասվածք են հասցրել Հ. Համբարյանի գլխի շրջանում, ինչի արդյունքում նա փսխել է և, ամենայն հավանականությամբ, կրակոցի պահին եղել անգիտակից վիճակում։ Բացի այդ, փորձաքննությամբ հիմնավորվել էր, որ կրակոցը կատարվել է տվյալ զենքին բնորոշ լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններում (մինչև մեկ մետր հեռավորությունն է), ինչը նշանակում է, որ կրակոցն ընդհուպ չի եղել, այսինքն՝ կատարվածն սպանություն է:

Նշված փաստերի շուրջ որևէ քննություն չի կատարվել, ինչն ստվեր է նետում նախաքննական մարմնի անաչառության վրա։


«ԽԵ» ՀԿ-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՆերբեռնել pdf տարբերակով.«ԽԵ» ՀԿ-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (pdf, 2 Mb)