ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔՆ Է ԲԱՑԱԿԱՅՈՒՄ

Մայիսի 25, 2017
No political will in Armenia to find the missing persons of the Karabakh conflict
ԼՂ հակամարտության արդյունքում անհայտ կորածներին հայտնաբերելու համար քաղաքական կամքն է բացակայում Հայաստանում

Հազարավոր մարդիկ են ԼՂ հակամարտությունից հետո անհայտ կորած համարվում։ Արդեն 20 տարուց ավելի է անցել հրադադարի կնքման պահից, սակայն հազարավոր ընտանիքներ դեռեւս չգիտեն, թե ինչ է պատահել իրենց հարազատների հետ։

ԵԽԽՎ֊ի հաշվետվության համաձայն՝ 4 հազար 604 ադրբեջանցի եւ 947 հայ անհայտ կորածների գերակշիռ մասը 1988֊1994թթ․ է անհետացել։

Չնայած նոր անհետացումների մասին հաղորդումներ սովորաբար չեն լինում, սակայն երկու կողմերն էլ անընդհատ հայտնում են միջազգային հումանիտար օրենքների ոտնահարման (ներառյալ ստորացումներ, խոշտանգում, անմարդկային վերաբերմունք) մասին՝ թե՛ խաղաղ բնակչության, թե՛ զինվորականների նկատմամբ։ Բռնությունների թիվն առավել աճեց 2016թ․ ապրիլից հետո․ ԵԱՀԿ հայկական պատվիրակությունն անգամ մեղադրեց Ադրբեջանին քաղաքացիական անձանց եւ գերիների խոշտանգումների եւ սպանության մեջ։

Իրավիճակը ծանր է հատկապես անհայտ կորածների ընտանիքների անդամների համար։ Ըստ Կարմիր Խաչի՝ այս ընտանիքները հաճախ աջակցության կարիք են ունենում, մեկուսացված են, ինչն ավելի է խորացնում կորստի արդյունք հանդիսացող էմոցիոնալ ստրեսը։ Նրանք նաեւ իրավական եւ վարչական խնդիրների են բախվում, քանի որ քիչ են տեղեկացված իրենց իրավունքներին կամ էլ դրանք պաշտպանելու համար անհրաժեշտ իրավական գործիքներից են զրկված։

Միջազգային իրավունք

ԵԽԽՎ 1553 բանաձեւը շեշտում է, որ անհայտ կորածների հետ կապված խնդիրների լուծված չլինելը շարունակում է սնուցել լարվածությունը տարածաշրջանում եւ խոչընդոտում խաղաղ հանգուցալուծման հասնելու բոլոր ջանքերը, ընդ որում, նույն կերպ է ոչ միայն ԼՂ, այլ նաեւ վրաց֊աբխազական եւ Հարավային Օսեթիայի հակամարտությունների դեպքում։ Ընդգծվում է նաեւ, որ խնդիրը միմիայն հումանիտար է եւ չպետք է դիտվի որպես քաղաքական գործիք կամ կախված լինի տարածաշրջանի հակամարտությունների քաղաքական կարգավորումից։

Միջազգային իրավունքը փաստում է, որ զինված հակամարտության բոլոր կողմերը պարտավոր են ենթարկվել հումանիտար իրավունքի պահանջներին, նշում է, որ իշխանություններն ու զինված խմբավորումներն ուղղակի պատասխանատվություն են կրում անհայտ կորածների ճակատագրի հստակեցման, զոհվածների պատշաճ վերադարձման համար։ Նրանք պարտավոր են տեղեկատվություն տրամադրել եւ ամենայն կերպ աջակցել անհայտ կորածների ընտանիքներին, հետաքննել ապօրինի ձերբակալման, զանգվածային ոչնչացման, բռնի անհետացումների դեպքերը, նաեւ հետեւել, որպեսզի հետաքննվեն դրանք եւ փոխհատուցումներ վճարվեն զոհերին։

Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը վավերացրել են Ժնեւյան կոնվենցիաները, որոնք կոչված են զինված հակամարտությանը չմասնակցողների պաշտպանությանը, հետեւաբար՝ պարտավոր են անդրադառնալ խնդրին։ Ադրբեջանը, չնայած, չի վավերացրել 1977թ․֊ի երկու հավելյալ բանաձեւերը, արդյունքում՝ չի ընդունել այս գործիքների տրամադրած հումանիտար ստանդարտների ողջ սպառազինությունը։

Կամքի բացակայություն

Տասնամյակներ հետո անհայտ կորածների հարցը մոռացության է մատնված երկու երկրների իշխանությունների ու հասարակությունների կողմից, իսկ այս ուղղությամբ քաղհասարակությունների կողմից գործադրված բոլոր ջանքերը թվագրվում են 2007֊ից առաջ։

ԵԽԽՎ֊ի բանաձեւը Հարավային Կովկասում անհայտ կորածների խնդրով միակ միջազգային օրինական միջավայրն է, որը, սակայն, սահմանափակ գործիքներ է առաջարկում։ Հայաստանում Կարմիր Խաչը միակ կազմակերպությունն է, որն աջակցում է ընտանիքներին, աշխատում փաստագրման եւ հայտնաբերման ուղղությամբ։

Անհայտ կորածների ճակատագրերը պարզելու գործում դանդաղ առաջընթացը կամ դրա իսպառ բացակայությունն արդյունք է քաղաքական կամքի բացակայության։ Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող ադրբեջանական եւ հայկական հանձնաժողովների միջեւ համագործակցությունն է անհրաժեշտ անհայտ կորածների միասնական ցուցակի շուրջ համաձայնության գալու, հայտնաբերելու, մարդկային մնացորդները քարտեզագրելու, նույնականացնելու համար։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւս իրենց հայտարարություններում կոչ են արել Կարմիր Խաչի միջոցով անհայտ կորածներին վերաբերող տեղեկություններ փոխանակել միմյանց հետ, սակայն՝ ձայն բարբառո հանապատի։

2010թ․ մարտին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը անհայտ կորածներին վերաբերող օրենքի նախագիծ նախաձեռնեց։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հետ մեկտեղ աշխատանքներում ներգրավվեցին ԱԺ֊ն, նախագահի աշխատակազմը, ՄԻՊ֊ը, ՊՆ֊ն, ԱՆ֊ն, ոստիկանությունն ու ԱԱԾ֊ն։ Օրենքի նախագիծն ավարտին հասցվեց 2011թ․ ապրիլին եւ պարզաբանում էր օրենքով չկարգավորվող մի շարք հարցեր՝ ներառյալ անհայտ կորածներին փնտրելու եւ վերադարձնելու, ընտանիքներին տեղեկացված պահելու հարցում պետության կրած պատասխանատվությունը։ Այն նաեւ իրավական հող էր ընտանիքներին իրավական եւ սոցիալական օգնություն տրամադրելու համար եւ կարող էր հստակեցնել կառավարական գործակալությունների, հարցող զբաղվող հասարակական կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները։ Գործը ավելիին չհասավ, օրենքի նախագիծն անգամ Աժ֊ում չքննարկվեց։

Մինչ ՀՀ արդարադատության նախարարությունը պնդում է, որ սույն օրենքի ընդունումն առաջնահերթություն չէ՝ հազարավոր ընտանիքների համար, ովքեր իրենց հարազատներին են կորցրել, անկասկած նման պնդումը, մեղմ ասած, տարակուսելի է։

Աղբյուրը` http://oc-media.org

Հեղինակ` Էդգար Խաչատրյան

Թարգմանությունը` Վահագն Անտոնյանի