ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՍՑԵԱԳՐՈՒՄ. «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ի ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունվարի 22, 2024
Մարդկանց ձայնը. հակամարտության հետևանքով տուժած հասարակությունների կարիքների հասցեագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում. «Խաղաղության երկխոսություն» հկ-ի շրջանակային ուսումնասիրությունը
© 2024. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Հարավային Կովկասի բարդ աշխարհաքաղաքական լանդշաֆտում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ նշանավորվել է զգալի ցնցումներով և մարդկային կորուստներով: «Խաղաղության երկխոսություն» հկ-ի կողմից Եվրամիության աջակցությամբ իրականացվող այս ուսումնասիրությունը որոշիչ քայլ է` ուղղված հայ հասարակության վրա թողած այս հակամարտության բազմակողմանի ազդեցության ընկալումների բացահայտմանը, որը այդուհանդերձ չի ներառում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների տեսակետները:

Ուսումնասիրության մեթոդաբանությունը, որը հիմնված է Յոհան Գալթունգի «Մարդկային հիմնական կարիքների տիպաբանության», ինչպես նաև «Դիրքորոշումների, շահերի և կարիքների» շրջանակի վրա, ներառում է 330 հարցազրույցի անցկացում ողջ Հայաստանի տարածքում: Այս մոտեցումը հնարավորություն է ընձեռել խորությամբ ուսումնասիրել հասարակության կարիքները և վախերը` ըստ չորս կատեգորիաների՝ անվտանգություն, բարեկեցություն, ազատություն և ինքնություն: Հավաքագրված արդյունքները վերլուծվել են «Ինքլուզ» թվային գործիքի միջոցով, որը մշակվել է «CMI – Մարտի Ահտիսաարիի խաղաղության հիմնադրամի» նախկին աշխատակիցների կողմից:

Ուսումնասիրության հիմնական արդյունքները բացահայտում են անվտանգության սպառնալիքների, հատկապես` ֆիզիկական անվտանգության և տնտեսական կայունության շուրջ գերակշռող մտահոգությունները: Ուշագրավ են նաև բարեկեցության, այդ թվում՝ կրթության և ֆինանսական բարեկեցության խնդիրները: Բացի այդ, ուսումնասիրությունն ընդգծում է ազատության և ինքնության հետ կապված խորը մտահոգությունները՝ հատկապես` շեշտադրելով ժողովրդավարական արժեքներն ու մշակութային պահպանությունը:

Այս բացահայտումների դիտարկումը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մշակման գործում էական են, քանի որ ուսումնասիրությունը մեծապես ջատագովում է վերոհիշյալ չորս հիմնական ոլորտները հասցեագրող համապարփակ պայմանագրի մշակման կարևորությունը: Այն առաջարկում է գործնական քայլեր, ինչպիսիք են մշտական հրադադարի հաստատումը, ապառազմականացված գոտիների ստեղծումը, միջսահմանային տնտեսական նախաձեռնությունների խթանումը և հիմնական ծառայությունների հասանելիության ապահովումը: Այս ուսումնասիրությունը նաև առաջարկում է գործնական քայլեր, որոնք կնպաստեն խոսքի ազատության ու քաղաքացիական ազատությունների պաշտպանությանը և մշակութային բազմազանությանն ու ժառանգության պահպանմանը:

Ուսումնասիրության եզրակացության մեջ ներկայացված են առաջարկություններ, որոնք ընդգծում են այնպիսի պայմանագիր մշակելու անհրաժեշտությունը, որը ոչ միայն քաղաքականապես ողջամիտ է, այլև անդրադարձ է կատարում բնակչության կարիքներին: Առաջարկությունները ներառում են համատեղ խաղաղապահ հանձնաժողովի ստեղծում, ներդրումներ սահմանների անվտանգության մեջ, հակամարտությունների նկատմամբ զգայուն տնտեսական ծրագրերի իրականացում և մշակութային փոխանակման ու պահպանման խթանում: Ուսումնասիրությունն ընդգծում է խաղաղության գործընթացին տեղական ձայների ինտեգրման կարևորությունը և շեշտադրում է ճկուն դիվանագիտության, միջազգային միջնորդության, ինչպես նաև կրթության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տեղական նախաձեռնությունների մշակման անհրաժեշտությունը:

Ընդհանուր առմամբ, այս ուսումնասիրությունը կազմակերպության փոքրիկ ներդրումն է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում` առաջարկելով հակամարտության սոցիալական ազդեցության վերաբերյալ մանրակրկիտ պատկերացում: Ուսումնասիրությունը ցույց է տալիս չափազանց նեղ և վերից վար «նորմալիզացման» գործընթացի ռիսկերը, որը չի հասցեագրում այստեղ ներկայացվող տարածված մտահոգությունները և մատնանշում է «հպանցիկ» խաղաղության պայմանագրին և գործընթացի կայունությանն առնչվող խնդիրները: Այն ընդգծում է թերի, գերպարզեցված խաղաղության համաձայնագրի պատճառով բռնության վերաճման վտանգը: Այս մտահոգությունը հատկապես տեղին է՝ հաշվի առնելով Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ներկայիս հետագիծը` դրսևորվելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի զինադադարի հայտարարության թերացումներով։ Ուսումնասիրությունը ջատագովում է համապարփակ խաղաղության ռազմավարությունը, որն ավելին է քան սոսկ պայմանագրի վրա ստորագրություններ ձեռք բերելը: Այն ընդգծում է խորապես մտածված սոցիալ-քաղաքական շրջանակի մշակման անհրաժեշտությունը, որը ոչ միայն կպահպանի համաձայնագիրը, այլև կխթանի դրա զարգացմանը՝ երկարաժամկետ հեռանկարում ապահովելով դրա արդյունավետությունն ու երկարակեցությունը:


pdfԱմբողջական զեկույցը կարող եք ներբեռնել այստեղ` «Մարդկանց ձայնը. հակամարտության հետեւանքով տուժած հասարակությունների կարիքների հասցեագրումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում» (PDF, 730 Kb)


Հայաստանում տարածված նարատիվները մարդու հիմնարար պահանջմունքների մասին

Այս թեմայի առնչությամբ տե’ս նաև` «Հայաստանում տարածված նարատիվները մարդու հիմնարար պահանջմունքների մասին» (PDF, 3 Mb)


Website: https://www.c-r.org
Martti Ahtisaari Peace Foundation

Ուսումնասիրությունն իրականացվել է «Հաշտեցման Ռեսուրսներ» հկ-ի և «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնության» հետ սերտ համագործագծությամբ`Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

Հրապարակման բովանդակության պատասխանատվությունը կրում է «Խաղաղության երկխոսություն» հկ-ն: Այն չի արտացոլում «Հաշտեցման Ռեսուրսներ» հկ-ի եւ Եվրոպական միության տեսակետները: