«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» ՔՍԱՆՉՈՐՍ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ ՏԱՍԸ ՆԵՐԱՌՎԱԾ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ

Մարտի 18, 2023
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՔՍԱՆՉՈՐՍ ԱՌԱԶԱՐԿՆԵՐԻՑ ՏԱՍԸ ՆԵՐԱՌՎԱԾ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ
© 2023. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Ի պատասխան Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հրապարակված հանրային հարցմանը`հանդես գալ Մարդու Իրավունքների Պաշտպանության Ազգային Ռազմավարությունից (ՄԻՊ Ռազմավարություն) բխող նոր 2023-2025թթ. գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկություններով, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը ներկայացրել էր 24 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ: Առաջարկությունները մշակվել էին 2015 թվականից «Խաղաղության երկխոսության» նախաձեռնությամբ ստեղծված մոնիթորինգային խմբի կողմից բացահայտված խնդիրների մանրամասն վերլուծության հիման վրա: Ներկայացված 24 առաջարկություններից 10-ը տեղ են գտել գործողությունների ծրագրի առաջին նախագծում:

Ներառված առաջարկություններն են.

  • Կատարել ուսումնասիրություն զինված ուժերում ինքնասպանության դեպքերի պատճառների վերհանման նպատակով: Մշակել հայեցակարգ վերհանված խնդիրների շուտափույթ լուծման ուղղությամբ:
  • Սահմանել Ռազմական Ոստիկանության աշխատակիցների կողմից զինծառայողների անմիջական մասնակցությամբ իրականացվող գործողությունների (վարչարարության) տեսաձայնագրման մեխանիզմներ։ Ապահովել նկարահանման՝ ֆիզիկական կրիչի միջոցով պարտադիր կերպով վարույթի նյութերին կցվելը։ Նախատեսել պատասխանատվություն տվյալ պահանջը չկատարելու համար։
  • Իրավական ակտով սահմանել պատերազմի հետևանքով անհետ կորածի իրավական կարգավիճակը: Մշակել իրավական շրջանակ պատերազմական գործողությունների հետևանքով անհետ կորած անձանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով։
  • Կատարել համապարփակ ուսումնասիրություն գերությունից վերադարձած անձանց ֆիզիկական և հոգեբանական վիճակի վերաբերյալ։ Հետազոտության բացահայտումների հիման վրա տրամադրել անհատական, երկարաժամկետ և հետևողական աջակցություն։ Անհրաժեշտության դեպքում ստեղծել մեխանիզմ գերությունից վերադարձած պարտադիր ժամկետային զինծառայողի վաղաժամ զորացրման, ժամկետի կրճատման կամ հատուկ պայմաններով ծառայությունը շարունակելու համար։ Հատկացնել առանձին բյուջե։
  • Իրականացնել հոգեկան առողջության վերաբերյալ վերապատրաստումներ սպա-հոգեբանների և ապագա սպա-հոգեբանների շրջանում՝ շեշտադրելով գործնական խնդիրները։
  • Համալրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի աշխատակազմը հոգեբան մասնագետի հաստիքով։
  • Ներդնել զինված ուժերում հոգեկան առողջության դիագնոստիկ համակարգ։

«Խաղաղության երկխոսությունը» ներկայացրել էր նաև երեք դիտարկում գործողությունների ծրագրի չափելիության վերաբերյալ, որոնք նույնպես հաշվի են առնվել փաստաթղթի նախագծում.

  • Ապահովել ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրերի, ինչպես նաև ՄԻՊ ռազմավարության և այլ ոլորտային ռազմավարությունների (օրինակ՝ դատական-իրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն) միջև տրամաբանական փոխկապակցվածությունը և գործողությունների շարունակելիությունը:
  • Հստակեցնել ռազմավարության կատարողականի ցուցանիշները, յուրաքանչյուր գործողության կամ միջոցառման համար սահմանել հստակ և չափելի ցուցիչներ, ինչպես նաև մշակել դրանց արդյունավետ մոնիթորինգի և գնահատման համար մեխանիզմներ:
  • Նոր գործողություների ծրագրի մշակման ընթացքում հաշվի առնել գործողությունների իրականացման ընթացքում հնարավոր ռիսկերը (օրինակ՝ համաճարակ, հակամարտության ուժգնացում, ներքին և արտաքին քաղաքական ճգնաժամ,  սահմանափակ ռեսուրսներ) և մշակել մեխանիզմներ այդ ռիսկերի չեզոքացման կամ նվազեցման ուղղությամբ:

Նախատեսվում է, որ գործողությունների ծրագրի նախագիծը կքննարկվի ավելի լայն շահագրգիռ խմբերի հետ՝ 2023թ-ի մարտի ընթացքում կազմակերպվելիք հանրային քննարկումների շրջանակներում, իսկ ստացված արձագանքները նույնպես հաշվի կառնվեն գործողությունների ծրագրի վերջնական տարբերակում: Փաստաթղթի վերջնական հաստատումը ակնկալվում է 2023թ-ի երկրորդ կիսամյակում: