ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 07, 2022
ՀՀ Զինված Ուժերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների վերհանման նպատակով իրականացված հարցազրույցների վերլուծություն
© 2022. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ:

Համառոտ շարադրանք

Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի, բանակում առկա խնդիրների, զինծառայության նկատմամբ քաղաքացիների (այդ թվում՝ զինապարտ) վերաբերմունքի վերաբերյալ կատարվել են մի շարք հետազոտություններ, հրապարակվել են զեկույցներ: Ցավոք, բանակում առկա առավել սուր խնդիրները դեռևս մնում են չլուծված, մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը բազմաթիվ են, ի թիվս այլնի՝ նաև այն պատճառով, որ չեն կատարվում դրանց պատճառների բացահայտմանն ուղղված խորքային հետազոտություններ եւ վերլուծություններ:

Սույն հետազոտությունը և զեկույցը, ի տարբերություն այլ ուսումնասիրությունների, հիմնված է բացառապես տվյալների առաջնային կրողների՝ զինծառայություն անցած քաղաքացիների հետ հարցազրույցների և դրանց արդյունքների վրա: Հետազոտական թիմին հաջողվել է հարցազրույցներ անցկացնել 112 նախկին ժամկետային զինծառայողների հետ, որոնց մեծամասնությունը զինվորական ծառայություն անցել են վերջին 5 տարվա ընթացքում, այսինքն՝ նրանց հայտնած տեղեկությունները թարմ են և արդիական: Ավելին՝ հարցազրույցի մասնակիցների ճնշող մեծամասնությունը մասնակցել է նաև ռազմական գործողությունների:

Հետազոտությամբ խնդիր է դրվել բացահայտել զինծառայողների վերաբերմունքը զինվորական ծառայության, հրամանատարական կազմի, հավասարակիցների նկատմամբ, զինված ուժերում մարդու իրավունքների առավել տարածված խախտումների դրսևորումները, զինվորական ոլորտի իրավապահ մարմինների վերաբերյալ կարծիքները, դրանց հիմքում ընկած պատճառները, բանակում ներդրված առանձին ինստիտուտների արդյունավետությունը: Թվարկված երևույթների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, ամփոփումն ու վերլուծությունը նպատակ ունեն ստեղծելու տեղեկատվական հիմք զինված ուժերում առկա տարաբնույթ խնդիրների լուծման կամ, առնվազն, դրանց ուղղությամբ հետագա առավել թիրախային և խորքային հետազոտությունների իրականացման (ներառյալ՝ պաշտպանության ոլորտի պետական մարմինների կողմից) համար:

Հարցազրույցներն անցկացվել են յուրահատուկ մեթոդաբանությամբ, միմյանց հետ փոխկապակցված և միմյանց փոխլրացնող (ստուգող) հարցերի առաջադրմամբ: Առաջնային խնդիրը եղել է նախկին զինծառայողներից առավելագույնս արժանահավատ տեղեկություններ ստանալը՝ փոխհաղորդակցության համար հնարավորինս բաց և անկաշկանդ հոգեբանական մթնոլորտ ձևավորելու շնորհիվ: Մի շարք դեպքերում հարցվողները հրաժարվել են պատասխանել առաջադրված հարցերին, և այդ հարցերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք նախկին զինծառայողների ընկալմամբ «վտանգավոր» հարցերն են (օրինակ՝ վատ վերաբերմունքի ականատես լինելու, այդ վերաբերմունքը դրսևորողների մասին և նմանատիպ այլ հարցեր): Ակնհայտ է, որ այդ հարցերին պատասխանելու դեպքում, ամենայն հավանականությամբ, մեծանալու էր բացասական ուղղվածությամբ տվյալների (հարցման արդյունքներ) մասնաբաժինը, այլ ոչ թե՝ հակառակը: Այդուհանդերձ, զեկույցի վերլուծությունները և եզրակացությունները հիմնվել են միայն ճշգրիտ պատասխանների վրա:

© 2022. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ:

Զեկույցն ամփոփում են հարցազրույցների արդյունքների համադրված վերլուծության հիման վրա ձևակերպված հիմնական եզրակացությունները: Եզրակացությունների ցանկը սպառիչ չէ, քանի որ հավաքված տվյալները բնույթով բազմանշանակ են. դրանց այլընտրանքային ուսումնասիրությունը կարող է հանգեցնել բազմաթիվ այլ հետևությունների: Որոշ դեպքերում առաջին հայացքից կարող է թվալ, թե որոշ եզրակացություններ «հանրահայտ փաստեր» են զինվորական ծառայության մասին, սակայն, նախ՝ այս դեպքում դրանց արժանահավատությունը կասկած չի հարուցում, երկրորդ՝ դրանք արտացոլում են օրինաչափություններ, այլ ոչ՝ եզակի դեպքեր, երրորդ՝ դրանք վերաբերում են հենց մերօրյա զինվորական ծառայությանը, ոչ թե անցյալի իրողություններին:

Ամբողջական հրապարակումն հայերենով կարող եք ներբեռներ ստորև նշված հղումով:


pdf

ՀՀ Զինված Ուժերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների վերհանման նպատակով իրականացված հարցազրույցների վերլուծություն (PDF, 2 Mb)


Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամ

Զեկույցը հրապարակվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «Պաշտպանական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության մշակման և իրականացման գործում քաղաքացիական հասարակության մասնակցության խթանում» նախագծի շրջանակներում: Նախագիծն իրականացվում է «Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի» (EED) կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում: