ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ և ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ

Մարտի 03, 2022
Fostering civil society's participation in the development and implementation of state policy in the field of human rights protection in the defense sector of Armenia
© 2021. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ vectorjuice

Այս նախաձեռնությամբ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը ձգտում է նպաստել կառավարության՝ պաշտպանական ոլորտում մարդու իրավունքների վիճակի բարելավմանն ուղղված ջանքերին՝ խթանելով Հայաստանի Հանրապետության Մարդու Իրավունքների Պաշտպանության Ազգային Ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման մշտադիտարկմանը քաղաքացիական հասարակության կողմից, ինչպես նաև հանդես գալով Ազգային ժողովի, պետական կառույցների, համապատասխան տեղական և միջազգային շահագրգիռ կողմերի գործունեության բարելավմանն ուղղված փաստահեն առաջարկություններով։

Վերոնշյալ ծրագրի շրջանակներում, որը կընթանա մինչև 2023թ.-ի մայիսի 31-ը, «Խաղաղության երկխոսությունը» կշարունակի 2020-2022թթ. ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի մշտադիտարկումը։ Բացի այդ, կազմակերպությունը կշարունակի քաղաքացիներին իրավական խորհրդատվություն տրամադրել պաշտպանական ոլորտի խնդիրների, մասնավորապես՝ ծառայության ընթացքում գրանցված պատահարների առթիվ հարուցված քրեական դատավարությունների ընթացքում մարդու իրավունքների խախտման դեպերի վերաբերյալ։ Ծրագրի շրջանակներում «Խաղաղության երկխոսություն» հկ-ն կմշակի և պատասխանատու կառույցներին, տեղական և միջազգային շահագրգիռ կողմերին կներկայացնի փաստահեն առաջարկություններ՝ ուղղված մարդու իրավունքներին առնչվող առկա խնդիրների լուծմանը և Հայաստանի պաշտպանական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանը:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 43,000 եվրո։


Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամ

Նախագիծն իրականացվում է «Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի» (EED) կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում: