«ՀԵՌԱՆԿԱՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ապրիլի 16, 2021
Միջոցառումն իրականացվել է «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resources) կազմակերպության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ:
© 2021. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 2021թ. ապրիլի 10-11-ին իրականացվեց «Հեռանկար» խորագրով hանրային քննարկում: Այս երկօրյա հանդիպման նպատակն էր խթանել 44-օրյա պատերազմի արդյունքում ձևավորված նոր իրավիճակում անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության մարտահրավերների հաղթահարման հնարավոր ճանապարհների վերաբերյալ հանրային դիսկուրսի ձևավորումը: Երկարաժամկետ տեսանկյունից միջոցառումն ուղղված էր ապագայի իրատեսական տեսլականի ձևավորմանը հանրային տարբեր խմբերի ներգրավմամբ՝ անցյալի և ներկայի դասերի քննադատական ու ինքնաքննադատական վերլուծության հիման վրա:

Միջոցառումն իրականացվում էր «Չեթեմ հաուզի» կանոններով. մասնակիցները կարող էին օգտագործել քննարկման վերաբերյալ տեղեկությունները` չհրապարակելով հնչած կարծիքների և մտքերի հեղինակների անունները։ Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ, մարդու իրավունքների, հակամարտությունների խաղաղ կարգավորման, լրագրության և հանրային կրթության ոլորտներում գործող կառույցների ներկայացուցիչներ և անհատներ:

Հանրային քննարկման մասնակիցներն իրականացրեցին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հետպատերազմական շրջանում անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և այլ ոլորտներում գոյություն ունեցող հրատապ խնդիրների և մարտահրավերների բազմակողմանի վերլուծություն, մշակեցին վերջիններիս դիմագրավելուն ուղղված հնարավոր մոտեցումներ:

Մասնակիցներից շատերը կարծիք հայտնեցին, որ նման հանդիպումները պետք է ստանան շարունակական բնույթ` ոլորտային փորձագետների և նոր մասնակիցների ներգրավմամբ` վերհանված խնդիրների լուծման ճանապարհների ուղղությամբ ավելի առարկայական քննարկումներ ծավալելու նպատակով:


Conciliation Resources-ը Մեծ Բրիտանիայում տեղակայված կազմակերպություն է, որն աշխատում է հակամարտություններում ներգրավված մարդկանց հետ, աջակցում է, ֆինանսավորում եւ խորհրդատվություն տրամադրում՝ բռնությունները կանխարգելելու եւ խաղաղություն կառուցելու համար։

Միջոցառումն իրականացվել է «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resources) կազմակերպության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: