© 2021. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ ՆԱՐԵԿ ԿԱՐԴԱՇՅԱՆԻ
2020 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարությունը կայացրել է թիվ 2136-Ն որոշումը՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին:
Համաձայն վերոնշյալ որոշման 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների զորակոչվելու են Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նույն որոշման համաձայն՝ 2020 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ զորացրվելու են օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները, ինչպես նաև այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակվելու են սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողները:
2020 թվականի ձմեռային զորակոչի անցկացման ընթացքում զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու հետ կապված հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է 2020 թվականի ձմեռային զորակոչի անցկացման ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն աջակցելու պատրաստակամության մասին։
Իրենց իրավունքների հնարավոր խախտումները բացառելու նպատակով զորակոչիկները կարող են իրավաբանական խորհրդատվություն և անհրաժեշտ այլ մասնագիտական աջակցություն ստանալու նպատակով դիմել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը։
Անհրաժեշտության դեպքում կարող եք կապ հաստատել [email protected] էլ. փոստի միջոցով կամ զանգահարել +374 (55) 820 632, +374 (77) 188 138 կամ +374 (99)888 120 հեռախոսահամարներով: