© 2020. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
Վերջին տասնամյակների ընթացքում նորարարական տեխնոլոգիաների և տեղեկատվական ոլորտի առաջխաղացման շնորհիվ մարդիկ սկսել են առավել մեծ հետաքրքրություն ցուցաբերել քաղաքական և սոցիալական զարգացումների նկատմամբ։ Այս գործում մեծ է նաև լրագրության և սոցիալական ցանցերի դերակատարությունը, որոնք օրեցօր առաջարկում են նորանոր ստեղծագործ մոտեցումներ՝ հագեցնելու իրենց ունկնդրի տեղեկատվական քաղցը։ Սակայն թվային աշխարհի և լրագրության անսահմանափակ բնույթը հաճախ հանգեցնում է մի շարք խնդիրների, ինչպիսիք են ատելության խոսքը, կեղծ լուրերը, մանիպուլյացիան, որոնք էլ առաջացնում են հանրային ընկալումների խեղաթյուրում և դառնում սոցիալ-քաղաքական բանավեճի քննարկման նյութ․
արդյո՞ք լրագրությանն անհրաժեշտ են սահմաններ։
«Խաղաղության երկխոսություն» հկ-ն իր գործընկերներ «Une Terre Culturelle» ասոցացիայի և «Ֆրանկոգերմանական Երիտասարդական գրասենյակի» հետ համագործակցությամբ սկսում է «Լրագրությունն առանց սահմանների» նախաձեռնությունը, որի նպատակն է խթանել երիտասարդների մասնակցությունը սոցիալ-քաղաքական որոշումների կայացման գործընթացում՝ ժողովրդավարական գործիքների կիրառման և դրանց զարգացման միջոցով։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձևավորել Հայաստանը, Գերմանիան և Ֆրանսիան ներկայացնող 16-25 տարեկան լրագրությամբ հետաքրքրված երիտասարդներից կազմված երեք ազգային խմբեր, ովքեր կմասնակցեն հուլիս ամսին նախատեսվող եռօրյա փոխանակման հանդիպմանը, որի ընթացքում կանդրադառնան թվային աշխարհում առկա վերոնշյալ խնդիրներին և տարբեր երկրներում մամուլի ձևավորման ու զարգացման պատմությանը։
Նախաձեռնությունը նաև հնարավորություն կընձեռի երիտասարդ լրագրողներին առցանց գործիքների կիրառմամբ ուսումնասիրել այլ երկրների մշակույթները՝ ներկայացնելով սեփականը, ինչպես նաև իրականացնել ստեղծագործական համատեղ աշխատանքներ և ծավալել տարաբնույթ քննարկումներ իրենց հետաքրքրող հարցերի ու թեմաների շուրջ։
Աշխարհում ընթացող նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առկա սահմանափակումներով պայմանավորված՝ միջազգային խմբերի փոխանակման հանդիպումները կընթանան առցանց տիրույթում։
Հայաստանը ներկայացնող երիտասարդների խմբի հանդիպումները տեղի կունենան «Խաղաղության երկխոսություն» հկ-ի գրասենյակում (ք․Վանաձոր, Մյասնիկյան 12/40), և ծրագրում ներգրավված երեք երկրների մասնակիցները զուգահեռաբար առցանց միացմամբ կմասնակցեն քննարկումների և ստեղծագործական աշխատանքների իրականացմանը։
Փոխանակման ծրագրում ներգրավվելու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 15-ը ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը և հակիրճ մոտիվացիոն նամակ (առավելագույնը՝ 200 բառ) [email protected] էլ․հասցեին։
Հետադարձ կապ կհաստատվի միայն ընտրված մասնակիցների հետ, ում նաև կտեղեկացնենք հանդիպման կայացման հստակ օրերի վերաբերյալ։
Հարցերի դեպքում կարող եք դիմել նշված էլ.հասցեով կամ 041 85 87 87 հեռ.համարով։
Ծրագիրն իրականացվում է Ֆրանսիայի Մարսել քաղաքում գտնվող «Une Terre Culturelle» ասոցացիայի կողմից՝ «Ֆրանկոգերմանական երիտասարդական գրասենյակի» և «Խաղաղության երկխոսություն» հկ-ի հետ համագործակցությամբ։