ԽԵ-Ն ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ՄԻՊ ԳԾ-Ի ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ

Հուլիսի 07, 2020
© 2020. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
© 2020. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը (ՄԻՊ ԳԾ) հաստատելու մասին ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ որոշման համաձայն` ՄԻՊ ԳԾ-ի համակարգումը եւ մշտադիտարկումն իրականացվելու են հանրային իշխանության մարմինների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված Համակարգող խորհրդի կողմից:

Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացն իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ մրցութային կարգով։ Ընթացակարգի համաձայն՝ խորհրդի կազմում ընգրկվելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը դիմել են Հայաստանում գործող ավելի քան տասը հասարակական կազմակերպություններ: Ստացված հայտերի ուսումնասիրության հիման վրա մրցույթի երկրորդ փուլ անցել են ռազմավարությամբ նախատեսված չափորոշիչներին համապատասխանող ինը կազմակերպություններ, որոնցից միայն յոթի ներկայացուցիչներն ունեին խորհրդի կազմում ընդգրկվելու հնարավորություն։

2020թ մարտի 2-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողություններիծրագրի կատարումը Համակարգող խորհրդի անհատական կազմը, գործունեության կարգը եւ հաշվետվությունների ներկայացման ձեւաչափըհաստատելու մասին» ՀՀ վարչապետի N 282-Ա որոշման համաձայն՝ խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մրցույթի երկրորդ փուլն անցած ՀԿ-ների թեկնածուների քննարկման, առաջարկման եւ ընտրության լիազորությունը հանձնվել է խորհրդին։

Հաշվի առնելով մարդու իրավունքների ոլորտային ներգրավվածությունն ապահովելու անհրաժեշտությունը` ՀՀ արդարադատությաննախարարությունն առաջարկել է խորհրդի կազմում ընդգրկել մրցույթի երկրորդ փուլն անցած հետեւալ  յոթ ՀԿ-ների ներկայացուցիչներին․

  • «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»
  • «Կանանց ռեսուրսային կենտրոն»
  • «Բաց հասարակության հիմնադրամներ»
  • «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»
  • «Խաղաղության երկխոսություն»
  • «Իրավունքի զարգացման կենտրոն»
  • «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»

2020թ․ հուլիսի 1-ին խորհրդի անդամների կողմից կատարված ընտրության արդյունքում` ձայների պարզ մեծամասնությամբ, վերոնշյալ յոթ կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդգրկվել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի կազմում։