© 2020. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
2020թ.-ի սկզբին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը ներգրավվեց «Անվտանգության ոլորտի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի» աշխատանքներում: ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի խորհրդատվական մարմին հանդիսացող այս հարթակի աշխատանքների պաշտոնական մեկնարկը տրվեց սույն թվականի փետրվարի 27-ին: Նպատակ ունենալով խթանել Հայաստանում անվտանգության ոլորտի ժողովրդավարական-քաղաքացիական վերահսկողությունը` հարթակը միավորում է անվտանգության ոլորտում գործող պետական կառույցների, արտաքին վերահսկողության մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Հարթակի քարտուղարության գործառույթը տրված է ՀՀ Անվտանգության խորհրդի (ԱԽ) գրասենյակին: Նախատեսվում է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում հարթակի գործունեությունը ուղղված կլինի սահմանադրական բարեփոխումների, իրավապահ համակարգի և պաշտպանության ոլորտի բարեփոխումների հետ առնչվող խնդիրների լուծմանը:
Հարթակի գործունեությանը աջակցում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ): Հայաստանի Հանրապետության և ԵԱՀԿ համագործակցության ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ քարտուղարությունը, Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR) հետ համատեղ, քաղաքական և խորհրդատվական աջակցություն են ցուցաբերելու հարթակի արդյունավետ գործունեությունը ապահովելու նպատակով: