«ԱՐԵՆԱ» ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՐՎԵՍՏԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Օգոստոսի 16, 2018
Տեսանյութ` © 2018, «ԱՐԵՆԱ. Խաղաղության և արվեստի ամառային դպրոց» Ֆիլմ:

«Հեռուստացույցով անընդհատ խոսում են հակամարտությունների մասին և այնքան շատ, որ ակամա մոռանում ես, որ խոսքը մարդկանց մասին է: Այս ամառային դպրոցում հանդիպելով հակամարտություններ ունեցող տարբեր երկրների ներկայացուցիչների, ընկերանալով նրանց հետ, հակամարտությունն, այսպես ասած, «մարդկայնացրի» ինքս ինձ համար: Ես հասկացա, թե ինչքան վատ է դա այնտեղ ապրող մարդկանց համար», – ասում է Արենայի ամառային դպրոցի մասնակից ռուսաստանցի Աննա Անդրեեւան։

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` © 2018, ԽԵ, «ԱՐԵՆԱ. Խաղաղության և արվեստի ամառային դպրոց»: ՀԵՂԻՆԱԿ՝ ԼՅՈՒԲՈՎ ՄԱՐՏԻՆԵՑ
Մասնակիցների մեծամասնությունն առաջին անգամ էր ներգրավվում Արենայում:

Օգոստոսի 2-12-ը Վրաստանում, Բորժոմիում կայացավ «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» նախագծի շրջանակներում իրականացվող 3-րդ ամառային դպրոցը։ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եւ իր գերմանական գործընկեր «ՕՎԵՆ»-ի նախաձեռնած քառամյա ծրագրի եզրափակիչ հանդիպմանը մասնակցեց ՌԴ-ն, Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանը, Գերմանիան եւ Վրաստանը ներկայացնող շուրջ 40 ակտիվիստ։ Խաղաղության եւ արվեստի ամառային դպրոցի երեք վարպետության դասերը՝ ֆորում-թատրոնը, վիդեոն եւ կոմիքսները, դասընթացավարների հետ համատեղ վարելու հնարավորություն էին ստացել նաեւ Արենայի ցանցի փորձառու անդամները։ Մասնակիցների մեծամասնությունն առաջին անգամ էր ներգրավվում Արենայում: Ցանցում անընդհատ նոր մասնակիցների ներգրավումն այն հզորացնելու, ինչպես նաեւ ցանցի հետխորհրդային կոնֆլիկտային երկրներում խաղաղասիրական գործունեություն ծավալող փորձառու անդամների, կազմակերպությունների ներուժը մեծացնելու նպատակ ունի։

 

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` © 2018, ԽԵ, «ԱՐԵՆԱ. Խաղաղության և արվեստի ամառային դպրոց»: ՀԵՂԻՆԱԿ՝ ԼՅՈՒԲՈՎ ՄԱՐՏԻՆԵՑ
Ստացած տեսական գիտելիքները մասնակիցները օգտագործում էին սեփական գեղարվեստական ստեղծագործությունները ստեղծելիս։

Ամառային դպրոցի ընթացքում, օրվա առաջին մասում մասնակիցներն ընդհանուր խմբում ամենատարբեր հարցեր (հակամարտություններ, դրանց տրանսֆորմացիա, գենդերային հիմնախնդիրներ, արվեստը խաղաղասիրական շարժումներում, բռնություն, միլիտարիզացիա, հիշողությունների եւ պատմությունների օգտագործումը հակամարտությունների հրահրման եւ խաղաղասիրական ջանքերի աջակցման գործում եւ այլն) քննարկելու հնարավորություն ունեցան։

Ընդհանրապես, Արենայի այս տարվա ծրագրում մեծ տեղ է հատկացվել պատմական հիշողություններին, գենդերային խնդիրներին, ինչը բխում է անցած տարի Արենայի մասնակիցների կողմից մշակված տեղական ռազմավարություններից։

«Զգում եմ, որ փորձս ու գիտելիքներս զարգանում են։ Տեսական մասից էլ եմ շատ կարեւոր դասեր քաղում, սակայն քննարկումները, կարծիքների փոխանակումը արդեն մեծ դաս է ինձ համար։ Չէի սպասում, որ փորձի փոխանակումն այդպես շարունակական կլինի՝ անգամ աշխատանքից հետո ենք խոսում գենդերի, խաղաղության մասին, ինչն անսպասելի է եւ հիանալի», – ասում է ամառային դպրոցի մասնակիցներից մեկը։

Կոմիքսների գրքույկ
Այստեղ կարող եք ներբեռնել ամառային դպրոցի ընթացքում պատրաստված կոմիքսների ժողովածուն (PDF, 1,2 MB)

Ստացած տեսական գիտելիքները նրանք օգտագործում էին վերոնշյալ խմբերում ընթացող աշխատանքներում, սեփական գեղարվեստական ստեղծագործություններում, որոնք եւս շոշափում էին ցանցի անդամների տեղական ռազմավարություններում կարեւորված խնդիրներ։

Քննարկվեցին նաեւ ամառային դպրոցում ստեղծված տեսանյութերն ու կոմիքսները տեղական մակարդակում տարվող խաղաղասիրական աշխատանքներում օգտագործելու, լսարանին հետաքրքրելու հարցեր:

«Ուկրաինայի հետ հակամարտությունը շատ ազդեց՝ երբ տեսա ֆոտո մի տան, որի վրա բոինգի մնացորդներն էին ընկել, տանիքը ծակել, մարմիններ, իրեր էին ընկել․․․ Տեսա ու ցնցվեցի։ Սարսափ էր պարզապես։ Այսինքն, լուսանկարը, արվեստը մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա։ Այստեղ էլ շատ բան, որ սովորում եմ, կարող է աննկարագրելի մեծ ազդեցություն ունենալ։ Միայն բառերն այլեւս ոչ մեկի վրա չեն ազդում, էմոցիաներին հասնելու համար պետք է հասկանալի ֆորմայով, արվեստի տարրերի կիրառմամբ ինչ- որ բան անել», – նշում է ռուս մասնակիցներից մեկը։

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` © 2018, ԽԵ, «ԱՐԵՆԱ. Խաղաղության և արվեստի ամառային դպրոց»: ՀԵՂԻՆԱԿ՝ ԼՅՈՒԲՈՎ ՄԱՐՏԻՆԵՑ
Աշխատանքային հանդիպման վերջում կազմակերպիչներն ու մասնակիցները քննարկեցին Արենայի ապագային վերաբերող հարցեր։

Աշխատանքային հանդիպման վերջում  կազմակերպիչներն ու մասնակիցները քննարկեցին Արենայի ապագային վերաբերող հարցեր, միմյանց հետ կիսեցին ձեւավորված համագործակցություններն առավել խորացնելու եւ ցանցն առավել ուժեղացնելու սեփական տեսլականները։

Մանրամասների համար կարող եք դիմել «Խաղաղության երկխոսության» գրասենյակ՝ [email protected] էլ. հասցեով կամ զանգահարելով +37432221340 հեռախոսահամարով:

Նյութի մեջ օգտագործված լուսանկարների հեղինակ՝ Լյուբով Մարտինեց (Կիեւ, Ուկրաինա)։

 

 

 


© 2018. «ԱՐԵՆԱ. Խաղաղության և արվեստի ամառային դպրոցն» իրականացվում է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն և հանրային արվեստ» ծրագրի շրջանակներում:

owen

Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.):

 

02255

«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

aus

big_1373965186_8198017Ամառային դպրոցի ընթացքում ստացված տեսանյութերն ստեղծվել են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աջակցությամբ։