© 2018 Թ. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ԱՂԲՅՈՒՐԸ` www.hetq.am
ԱՊՐԻԼ-ՀՈՒՆԻՍ, 2018թ.
ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հերթական հաշվետվությունը՝ 2018թ. ապրիլ-հունիս ամիսների համար: «ԽԵ»-ն խաղաղության կառուցման, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում գործող ոչ կառավարական կազմակերպություն է, որի գործունեության հիմնական ճյուղերից է զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների բացահայտումը, մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն հետամուտ լինելը, ԶՈՒ-ում առկա խնդիրների շուրջ հանրային բանավեճի ծավալումը՝ դրանց լուծման առաջարկներ մշակելու եւ իշխանություններին ներկայացնելու միջոցով այդ հիմնախնդիրների լուծմանը նպաստելու նպատակով:
Հաշվետվության թեմաներն են.
Ներածություն. թավշյա հեղափոխություն
- Կառավարության ծրագիր
- Հայեցակարգերի վերանայում
- Բժշկական փաստաթղթերի պարտադիր տրամադրման ողջամիտ ժամկետի սահմանումը ՄԻՊ ազգային ռազմավարության շրջանակներում
- Սպաների բնակարանային հերթը պահպանվում է
- Հասանելի է պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների եւ սահմանափակումների ցանկը
- ՀՀ ԶՈւ-ում և ԼՂ ՊԲ-ում 2018թ.-ի առաջին կիսամյակում գրանցված մահվան դեպքերի վիճակագրությունը
- Զինծառայող Դավիթ Տերտերյանի մահվան գործի նախաքննության հետ կապված տեղեկություններ
- Զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանի եւ Սուրեն Արամյանի մահվան գործի հետ կապված տեղեկություններ
- Զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան գործի դատաքննության հետ կապված տեղեկություններ
- Զինծառայող Հարություն Համբարյանի մահվան գործի դատական քննության հետ կապված տեղեկություններ
- Զինծառայող Լևոն Թորոսյանի մահվան գործի նախաքննության հետ կապված տեղեկություններ
Ներածություն. թավշյա հեղափոխություն
Նախորդ՝ 2018թ. առաջին եռամսյակին վերաբերող հաշվետվությունից հետո Հայաստանի հասարակական֊քաղաքական իրադրությունը բավական մեծ փոփոխությունների է ենթարկվել՝ շնորհիվ ապրիլ-մայիս ամիսներին սկսված եւ իշխանափոխությամբ ավարտված հեղափոխության։ ԱԺ Ելք խմբակցության նախագահ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կոչով խաղաղ, ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության, զանգվածային ցույցերի մասնակիցների թիվը երկրի տարբեր քաղաքներում եւ գյուղերում մինչեւ մի քանի հարյուր հազարի հասավ։ Սփյուռքի բազմաթիվ համայնքներ եւս շարունակական ցույցերի ելան՝ մտահոգված Հայաստանում կատարվող իրադարձություններով։ Արդյունքում՝ ապրիլի 23֊ին հրաժարական տվեց նախագահական երկու ժամկետից հետո վարչապետ դարձած ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 8֊ին, հասարակական ճնշման ներքո, ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի մասնակցությամբ նաեւ, վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս, վարչապետի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո, հայտարարեց կոռուպցիայի, անարդարության ցանկացած դրսեւորման դեմ անողոք պայքարի իր մտադրության մասին, ինչը բավականին հուսադրող էր։
Վերջին մեկուկես ամսում նոր վարչապետի նշանակումների, իր քաղաքական թիմի ձեռնարկած գործողությունների վրա հիմնվելով, իհարկե, դեռ վաղ է խոսել հեղափոխության վերջնական հաղթանակի, անգամ՝ կուտակված բազմաթիվ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքների մեկնարկի մասին. չնայած կոռուպցիոն երեւույթների հետ կապվող մի շարք պաշտոնյաների, նախարարների հրաժարականներին եւ նրանց փոխարեն նորերի նշանակմանը (ՊԵԿ, ԿԳՆ, ՊՆ, ոստիկանություն եւ այլն), մի շարք կարեւորագույն դիրքերում, ինչպիսին է, օրինակ, ՀՀ գլխավոր դատախազը, դեռեւս շարունակում են պաշտոնավարել նախորդ վարչակարգի ներկայացուցիչներ։ Վարչապետի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ (2010-2016), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։
Արմատական դրական փոփոխությունների մասին խոսելը դեռ վաղ է. առջեւում, մասնավորապես, Աժ արտահերթ ընտրություններն են, որից մեծապես կախված կլինի նաեւ թավշյա հեղափոխության վերջնական ամրագրումը։ Ըստ նոր կառավարության ծրագրի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։
Կառավարության ծրագիր
Նոր ձեւավորված կառավարությունն ԱԺ ներկայացրեց իր ծրագիրը, որը հունիսի 7-ին հաստատվեց ձայների մեծամասնությամբ։ Ծրագրի քաղհասարակությունը եւ քաղաքական դաշտը ներկայացնող ընդդիմախոսների գլխավոր հիմնավորումներից մեկն այն էր, որ այն հիմնականում բարի ցանկությունների շարան է հիշեցնում՝ զրոյական չափելիությամբ։ Աժ-ում կառավարության ծրագրի քննարկումների ընթացքում փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ ծրագրի իրականացման համար մշակվում է եւ շուտով կներկայացվի գործողությունների պլանը, որում հստակ տեսանելի կլինեն դրանց իրականացման ժամկետները, ինչպես նաեւ կապահովվի գործողությունների արդյունքների չափելիությունը։
Ծրագրի առաջնահերթություններից մեկն, ըստ առանցքային նշանակություն ունեցող հարցերի, ընտրական օրենսգրքի բարեփոխումից հետո ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումն է, իշխանության ձևավորումը՝ բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ Շոշափելի անդրադարձ կա նաեւ զինված ուժերի խնդիրներին։
«Զինված ուժերի մարտունակության և արդյունավետության բարձրացման կարևորագույն միջոցը բանակաշինության և զինվորական ծառայության շուրջ հաստատված մթնոլորտի ու մոտեցումների արմատական փոփոխությունն է», – ասված է ծրագրում, – «Յուրաքանչյուր հրամանատար պետք է գիտակցի ծնողների կողմից իրեն վստահված զորակոչիկների կյանքի և անվտանգության ապահովման բարձր պատասխանատվությունը»։
Կառավարության ներկայացրած նոր ծրագրում անդրադարձ է կատարված նաեւ զինված ուժերում մարդու իրավունքների հիմնախնդրին։ Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում նշվում է, որ անհրաժեշտ է անձնակազմի հետ տարվող աշխատանքների որակը և արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ էականորեն բարձրանա զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակը, կարգապահությունը, ապահովվի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը, նվազագույնի հասնեն ոչ կանոնադրային հարաբերությունները, դրանց հետևանքով զինծառայողների արժանապատվության խոցումը, ինքնավնասման և ինքնասպանության (ինքնասպանության փորձերի) դեպքերը։ Իսկ այս նպատակի իրագործման համար կարևորագույն խնդիր է նշվում ժամկետային զինծառայողների կրթության շարունակականության ապահովումը զինվորական ծառայության ողջ ընթացքում. «Զինվորի կրթական ցենզի բարձրացումը և ինտելեկտուալ մակարդակի աճը պետք է լինի Զինված ուժերի զարգացման ռազմավարության կարևորագույն ուղղություն»։
Կառավարությունն իր նոր ծրագրով խոստանում է ժամկետային զինծառայողների պատշաճ և ամբողջական նյութական բավարարումը կազմակերպել այնպես, որ ծնողներն ստիպված չլինեն շոշափելի մասնակցություն ունենալ այդ գործընթացին, հավաստիացնում, որ շարքային կազմի իրավունքների պաշտպանությունը, թիկունքային, նյութատեխնիկական և բժշկական ապահովումը պետք է լինի զինված ուժերի ղեկավարության հոգածության եւ ուշադրության առարկա և մնան հասարակության վերահսկողության ուշադրության կենտրոնում:
Հայեցակարգերի վերանայում
ՀՀ անվտանգության ապահովման հենասյունը, գլխավոր տարրն, ըստ նախորդ վարչակարգի, «Ազգ-բանակ» հայեցակարգն էր՝ իր արբանյակ ծրագրերով ու հայեցակարգերով (ինչպես, օրինակ, սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգը)։ Մեր նախորդ հաշվետվություններում արդեն նշել ենք, որ մարդու իրավունքների պաշտպանությանն ու Հայաստանի ժողովրդավարացմանը վերաբերող բարձրացված հիմնախնդիրները նախորդ վարչակարգի կողմից ի սկզբանե չեն դիտարկվել որպես պաշտպանական ոլորտի բնականոն զարգացման համար առաջնահերթություն ներկայացնող հիմնահարցեր։ Հանրային վստահության կամ զինվորական մասնագիտության արժեւորման հիմքում ընկած էր ոչ թե զինծառայողի իրավունքների եւ արժանապատվության պաշտպանվածությունը, այլ հասարակության մոտ քարոզչության միջոցով հայրենասիրության ներարկումն ու ծառայության դիմաց սոցիալապես ծանր վիճակում հայտնված մարդկանց որոշ սոցիալական խնդիրների մասնակի լուծումը։ Ընդ որում, ըստ մեր ուսումնասիրությունների ոչինչ չէր նախատեսվում անել կոռուպցիան, սոցիալական անարդարությունը նվազեցնելու, զինված ուժերում ծառայության համար անվտանգ եւ առողջ մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ (մշակված հայեցակարգերն ու օրենքներն այդ ուղղությամբ ոչինչ չէին նախատեսում)։ Ելնելով կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններից, որի հիմքում ընկած են հենց կոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարը, զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի բարելավումը, ակնհայտ է դառնում, որ անվտանգության ոլորտում նոր իշխանությունները չեն բավարարվելու միայն ռազմահայրենասիրական ոգու դաստիարակությամբ։
Կասեցվել է ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգը
Որոշել էինք սույն եռամսյակային հաշվետվությունում անդրադառնալ «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությանը» (ՌՀԴ), սակայն չհասցրեցինք։ ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը կասեցրեց կրթության եւ գիտության նախարարության կողմից մշակված եւ շրջանառության մեջ դրված այդ կասկածելի (ըստ էության՝ ազգայնական) նախագիծը. «Ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգը հետ ենք կանչել քննարկելու համար», – հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց նա: Ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգին, որի տակ ըստ նախարարի չկա որեւէ ծրագիր, նախատեսվել էր բյուջեից տասնյակ միլիոնավոր դրամներ հատկացնել:
Նրա խոսքով, կրթության ոլորտի 2020-2030 թվականների հայեցակարգի ծրագրի քննարկումից հետո դրան կանդրադառնան:
Իսկ ի՞նչ կլինի Ազգ-բանակի հետ
«Ինձ համար ամենեւին էլ կարեւոր չէ, թե դա ինչպիսի քաղաքական փաթեթավորում կստանա, կկոչվի «Ազգ-բանակ», թե կունենա մեկ այլ անվանում։ Առավել կարեւորը բովանդակությունն է, այն խնդիրը, որը մենք պետք է լուծենք համազգային համախմբման միջոցով» – հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրա հավաստմամբ, այն ծրագրերը, որոնք ունեն երկարաժամկետ բնույթ եւ ուղղված են բանակաշինության գործին, անկախ պաշտպանական կառույցի ղեկավարի փոփոխությունից, պետք է շարունակվեն։
Ըստ նախարար Դ. Տոնոյանի «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում իր նախորդի՝ Վիգեն Սարգսյանի կողմից առաջ քաշված «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը շարունակվելու են, քանի որ զինվորական ծառայության տեսակ են։
«1000 դրամների» օրենքի վերացման հիմք նախարարը եւս չի տեսնում։
«Մենք ունենք մեզանից առկախ մի քանի գործոններ՝ օբյեկտիվ իրողություններ, որոնց հետ չենք կարող հաշվի չնստել։ Մասնավորապես, ունենք Արցախյան հակամարտություն, որի արդյունքում՝ մի կողմից տասնամյակներ շարունակվող քաղաքական բանակցային գործընթաց, մյուս կողմից՝ անմիջական ռազմական սպառնալիք։ Այս իրավիճակը մեզ այլընտրանք չի թողնում, քան պահել եւ զարգացնել մեծաթիվ զինված ուժեր, պահպանել պարտադիր ժամկետային ծառայությունը, պաշտպանության ոլորտին հատկացնել զգալի ֆինանսական ռեսուրսներ եւ այլն։ Դա մեծ ծանրաբեռնվածություն է թե պետության եւ թե հասարակության համար։ Ուստի մեր խնդիրն է, որպեսզի մեր հասարակությունը ամբողջովին վստահի բանակին, վստահ լինի, որ ամեն ինչ արվում է, որ
ա. Զինված ուժերն ունենան անհրաժեշտ մարտունակություն սպառնալիքներին դիմագրավելու համար,
բ. իր կողմից հատկացվող ռեսուրսներն օգտագործվում են առավելագույնս արդյունավետ եւ նպատակային։
Իսկ դրան հնարավոր չէ հասնել առանց բանակ-հասարակություն կապերի ամրապնդման, առանց թափանցիկության եւ հաշվետվողականության մակարդակի բարձրացման, առանց հասարակության մի շարք հատվածների կողմից բանակաշինության գործում անմիջական մասնակցության, առանց կրթությունն ու գիտությունը բանակ բերելու եւ այլն։
Այս համատեքստում դժվար է պատկերացնել, թե ինչպիսի փոխակերպման կենթարկվի «Ազգ-բանակ» հայեցակարգը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայեցակարգի վերաբերյալ ԽԵ հարցմանն ի պատասխան, այն ժամանակ դեռեւս ԱԺ Ելք խմբակցության նախագահ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր մտահոգությունն էր արտահայտել հենց հայեցակարգում եւ դրա շրջանակներում ներկայացված օրենքում նոր կոռուպցիոն վտանգների մասին, համոզմունք էր հայտնել, որ ‹‹Ազգ-բանակ›› հայեցակարգի որոշ դրսևորումներ «… հանգեցնում են Հայաստանում միլիտարիզացիայի անհամաչափ աճին, ինչը, երկարաժամկետ հեռանկարում, կարող է ոչ թե նպաստել, այլ վնասել ժողովրդավարացման գործընթացներին՝ բանակը դարձնելով իշխանության ձեռքին գործիք՝ ներքին խնդիրները լուծելու համար››։ Հայեցակարգի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի ներգրավվածությունը Փաշինյանը գնահատել էր ոչ բավարար, եւ նշել, որ էական բաց է՝ քաղաքացիական հասարակության կողմից ՀՀ ԶՈՒ-ի գործունեության վերահսկողության առումով:
Կարծես թե, Փաշինյանի հայտնած բոլոր մտահոգությունները այս կամ այն կերպ արտացոլվել են կառավարության նոր ծրագրում։ Մնում է հուսալ, որ անկախ նրանից, թե ի վերջո ի՞նչ վերնագիր կստանա պաշտպանական ոլորտի նոր հայեցակարգը, կառավարությունը երկրի անվտանգության հետ կապված խնդիրների լուծումը կդիտարկի ԶՈՒ գործունեության թափանցիկության բարձրացման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանվածության համատեքտում։
Բժշկական փաստաթղթերի պարտադիր տրամադրման ողջամիտ ժամկետի սահմանումը ՄԻՊ ազգային ռազմավարության շրջանակներում
ԽԵ-ն մշտադիտարկում է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագիրը։ Վերջինով նախատեսված կետերով գործողության կատարման վերստուգելի չափանիշներ են սահմանված՝ գործողությունների կատարման համար նախատեսված վերջնաժամկետներով։ Այս տարվա առաջին եռամսյակի ավարտից հետո արդեն մի քանի կետերով նախատեսված գործողություններով ակնկալվող արդյունքների համար վերջնաժամկետն ավարտվում էր։ Դրանց վերաբերյալ հարցումներն ու պատկան մարմիններից ստացած պատասխանը ներկայացնում ենք ստորեւ։
ՄԻՊ ազգային ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրի 28-րդ եւ 29-րդ կետերով նախատեսվում էր, համապատասխանաբար, մշակել մեխանիզմներ զորակոչիկներին իրենց բժշկական զննության եզրակացության ակտի պարտադիր տրամադրման համար եւ սահմանել առողջական խնդիրների հիմքով վաղաժամկետ զորացրված անձանց փաստաթղթերի տրամադրման ողջամիտ ժամկետ։ Որպես ակնկալվող արդյունք նախատեսվել է, որ առողջական խնդիրների հիմքով վաղաժամկետ զորացրված անձանց իրավունքների իրացման համար պետք է սահմանվի փաստաթղթերի տրամադրման ողջամիտ ժամկետ, որում պատշաճ կերպով կարտահայտվեն վաղաժամկետ զորացրման պատճառները։ Որպես գործողությունների կատարման վերստուգելի չափանիշ դիտարկվել է իրավական ակտի նախագծի ներկայացումը ՀՀ կառավարություն։ Որպես գործողության պատասխանատուներ նշվում են ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարությունները։ Նշված գերատեսչություններին համապատասխան հարցումներով խնդրեցինք տեղեկացնել.
- պատրա՞ստ է, արդյոք, համապատասխան իրավական ակտի նախագիծը, որը սահմանում է բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների կողմից զորակոչիկներին իրենց վերաբերող որոշումների, ինչպես նաև բժշկական հաստատությունների կողմից բժշկական զննության եզրակացության ակտերի պարտադիր տրամադրման կարգը, նաեւ սահմանում է առողջական խնդիրների հիմքով վաղաժամկետ զորացրված անձանց փաստաթղթերի տրամադրման ողջամիտ ժամկետ, որում պատշաճ կարտահայտվեն վաղաժամկետ զորացրման պատճառները,
- ի՞նչ մեխանիզմներ են նախատեսվել զորակոչիկներին իրենց բժշկական զննության եզրակացության ակտի պարտադիր տրամադրման համար,
- բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների կողմից զորակոչիկներին իրենց վերաբերող որոշումները, ինչպես նաև բժշկական հաստատությունների կողմից բժշկական զննության եզրակացության ակտերը պարտադիր կերպով տրամադրվելու ժամկետներ սույն իրավական ակտով սահմանվե՞լ են, թե՞ ոչ։
- Եթե այո, ապա պարտադիր կերպով տրամադրվելու ի՞նչ ժամկետներ են սահմանվել։
Առողջապահության նախարարությունից, հարցմանն ի պատասխան, ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը տեղեկացրեց, որ սույն հարցերով պատասխանատու մարմինը ՀՀ ՊՆ-ն եւ հենց նրան պետք է դիմել պահանջվող տեղեկատվությունն ստանալու նպատակով։
ՊՆ աշխատակազմի ղեկավար, քհծ առաջին դասի պետական խորհրդական Գ. Հայրապետյանն իր պատասխանում մատնանշում է, որ հարցը կարգավորվում է Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ, 29-րդ հոդվածի 3-րդ մասերով եւ կառավարության 2018թ.ապրիլի 12-ի 405-Ն որոշմամբ։
ՊՆ պատասխանում նշված օրենքում կամ իրավական ակտում մանրազնին ուսումնասիրության արդյունքում հնարավոր չեղավ գտնել այն կետը, որը կսահմաներ առողջական խնդիրների հիմքով վաղաժամկետ զորացրված անձանց փաստաթղթերի տրամադրման ողջամիտ ժամկետ։ Դրա փոխարեն հարցը կարգավորվում է Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 25-րդ հոդվածի (Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպումն ապահովող մարմինները) 6-րդ կետով. «Հանրապետական կամ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների, ինչպես նաև իրավասու բժշկական հանձնաժողովների և զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) որոշումները (տրված եզրակացությունները) դրանց կայացման օրվանից եռօրյա ժամկետում տրվում են քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին: Հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշումները դրանց կայացման օրվանից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել դատարան` օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին››:
Այսպիսով, ՊՆ պատասխանից կարելի է եզրակացնել, որ ՄԻՊ ազգային ռազմավարությամբ նախատեսված այս կետն իրականացված է համարվում Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի ընդունմամբ, որում, թեեւ զորակոչային հանձնաժողովների, ինչպես նաև իրավասու բժշկական հանձնաժողովների և զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) որոշումները (տրված եզրակացությունները) քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին տրամարելու եռօրյա ժամկետ է սահմանվում, սակայն ոչինչ չկա պարտադիր տրամադրման վերաբերյալ։
Սպաների բնակարանային հերթը պահպանվում է
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով սպայական կազմի պայմանագրային զինծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման պետական նպատակային ծրագրերից: Նոր ծրագրով նախատեսվում է, որ սպան 20 տարվա ընթացքում վճարելով բնակարանի միայն մայր գումարը, կկարողանա բնակարան ձեռք բերել, իսկ տոկոսները սուբսիդավորվելու են պետության կողմից և եկամտահարկի վերադարձի միջոցով հավասարվելու են զրոյի։ Առաջարկվող պայմանների դիմաց սպան ստանձնում է 20 տարվա պարտադիր ծառայության պարտավորություն։ Հատուկ բնակարանային ծրագիրը, որն արմատապես տարբերվում է մինչ օրս գործած հիպոթեկային ծրագրերից, մի շարք հարցերի տեղիք է տալիս։ Մասնավորապես, հազարավոր զինծառայողներ երկար տարիներ սպասում են բնակարան ստանալու իրենց հերթին (ըստ ԱԺ-ում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարության՝ «… ձևավորվել է հսկայական ցուցակ») և չեն կարող եւս 20 տարվա պարտադիր ծառայության պարտավորություն ստանձնել։
ԽԵ-ն ՊՆ ուղարկված հարցմամբ խնդրեց պարզաբանել, թե նոր ծրագրի գործել սկսելուց հետո ի՞նչ է սպասվում վերը նշված հսկայական ցուցակում ներառված, բնակարան ստանալու իրենց հերթին տարիներ շարունակ սպասող զինծառայողներին, լուծվելո՞ւ է, արդյոք, նրանց բնակարանով ապահովելու հարցը, ինչպե՞ս։ Պարզաբանման կարիք ունի նաև վերոնշյալ ծրագրի հետ կապված այլ հարց. օրինակ, եթե զինծառայողն ստանձնում է 20 տարվա պարտադիր ծառայության պարտավորություն, ապա, որոշ ժամանակ անց, արձակվում է ծառայությունից առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ «զինվորական ծառայությունից արձակում» կարգապահական տույժ կիրառելու կամ այլ հիմքով, ի՞նչ կարգավորումներ են նախատեսված այդ դեպքում։
Ըստ ՊՆ-ից ստացած պարզաբանման՝ զինծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած զինծառայողների համար պահպանվում է պետբյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան ստանալու իրավունքը։ Նշված զինծառայողները, սակայն, կարող են հրաժարվել սույն իրավունքից եւ օգտվել օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակային ծրագրից։
ԽԵ կողմից առաջ քաշված մյուս հարցերի վերաբերյալ ՊՆ-ից հայտնեցին, որ «Մատչելի բնակարան զինծառայողին» պետական աջակցության նպատակային ծրագիրը ներկայում գտնվում է մշակման փուլում, կառավարության քննարկմանը ներկայացվելու է շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ համաձայնեցվելուց եւ վերամշակվելուց հետո։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ընդունումից բխող իրավական ակտերը ենթական են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ուստի վերը նշված հարցադրումներին իրավական ակտերով սահմանված դրույթների շրջանակներում համապատասխան պարզաբանումներ կարող է տրամադրվել օրենքով սահմանված ժամկետում համապատասխան իրավական ակտերի ընդունումից հետո միայն։
Հասանելի է պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների եւ սահմանափակումների ցանկը
Նախորդ հաշվետվություններում քանիցս անդրադարձել ենք զինվորական ծառայության սահմանափակումներով զորակոչված զինծառայողների պիտանելության «պիտանի` սահմանափակումներով» սահմանման նշանակության անորոշությանը։ Մտահոգություն էինք հայտնել, որ ինչպես այժմ գործող օրենքում, այնպես էլ նոր ընդունված օրենքի նախագծում հնարավոր չէ նշմարել, թե զինվորական ծառայության համար սահմանափակումներով պիտանի եզրակացությամբ զինվորական ծառայության անցած զինվորներն ի՞նչ կերպ կարող են ծանոթանալ, թե զինծառայության ո՞ր պայմաններն են հակացուցված իրենց առողջական վիճակին, կամ վերջինից ելնելով ինչպիսի՞ սահմանափակումներով ծառայություն է նախատեսվում։ Պիտանի՝ սահմանափակումներով զորակոչված զինծառայողները միայն զորամասի հրամանատարությունից կարող էին տեղեկանալ, թե զինծառայության ո՞ր պայմաններն են հակացուցված իրենց առողջական վիճակին, կամ ինչպիսի՞ սահմանափակումներով ծառայություն է նախատեսվում՝ ելնելով առողջական վիճակից։
Այս տարվա ապրիլին ընդունվեց ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԱՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ՈՐՈՇՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԱՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշումը, որին կից հավելվածներում կարելի է գտնել
- զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը,
- քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները` ըստ զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 1-ին և 3-րդ սյունակներով փորձաքնվողների զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրերի և զինվորական ծառայության ընթացքում չթույլատրվող ֆիզիկական վարժությունների:
ՀՀ ԶՈւ-ում և ԼՂ ՊԲ-ում 2018թ.-ի առաջին կիսամյակում գրանցված մահվան դեպքերի վիճակագրությունը
2018թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը հայտնի է դարձել ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ -ում գրանցված մահվան ելքով 24 դեպքի մասին։ Ութ (8) դեպք գրանցվել է ՀՀ, 16-ը՝ ԼՂ տարածքում։
Հաշվետու ժամանակամիջոցում գրանցվել է երկու (2) սպանության, 4 ինքնասպանության դեպք, հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է 5 , դժբախտ պատահարների արդյունքում՝ 7, երկու (2)՝ առողջական խնդիրների, մեկ (1)՝ անվտանգության կանոնների խախտման արդյունքում։ Երեք (3) դեպքում զինծառայողների մահվան պատճառը դեռեւս հայտնի չէ։
Հիշեցնենք, որ պատճառները ներկայացվում են ըստ պաշտոնական հայտարարություններում նշված մահվան պատճառների, չնայած այս դեպքերից առնվազն մեկի՝ Լեւոն Թորոսյանի դեպքում, մեծ է հավանականությունը, որ իրական պատճառը չի համընկնում պաշտոնական վարկածում ներկայացվածի հետ։
Ի դեպ, ՀՀ ՊՆ-ն «Խաղաղության երկխոսության» հարցմանն ի պատասխան հայտնել է, որ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված արձանագրվել է զինծառայողների մահվան ելքով ինը դեպք, այնինչ, ըստ ԽԵ տվյալների, նշված ժամանակահատվածում արձանագրվել է այդպիսի 11 դեպք։ Նշված հակասությունը կփորձենք պարզաբանել նոր հարցում ուղարկելով ՊՆ։
Զինծառայող Դավիթ Տերտերյանի մահվան գործի նախաքննության հետ կապված տեղեկություններ
Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարության, 2016թ. փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային մահացու մարմնական վնասվածքով, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահեի Տերտերյանի դին:
Դեպքի վայրի և դիակի նախնական զննության արդյունքներով առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Տուժող կողմը համաձայն չէ ինքնասպանության վարկածի հետ եւ մի շարք օբյեկտիվ պատճառներով կարծում է, որ կատարվածն սպանություն է, իսկ նախաքննական մարմինը կեղծ քննությամբ փորձում է կոծկել գործը։ Նախաքննության ընթացքում կատարված անօրինականություններին, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ, քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանի կողմից քննության նյութերում հայտնաբերած հակասություններից ամենակարեւորներին անդրադարձել ենք նախորդ հաշվետվության մեջ։
Այս գործով նախաքննությունն իբր շարունակվում է, սակայն իրականում ակնհայտ դիտավորյալ սպանության բացահայտման մասով որևէ քայլ չի կատարվում, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ ոչ մի քննություն չի կատարվում: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը ևս մեկ անգամ բացարկ է հայտնել քննիչին ու զինվորական քննչական վարչությանը:
17.05.18-ին տուժող կողմը դիմում-բողոք է ուղարկել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին:
Զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանի եւ Սուրեն Արամյանի մահվան գործի հետ կապված տեղեկություններ
Ըստ նախաքննական մարմնի՝ ՀՀ ՊՆ Սևանի կայազորի Վարդենիսի ՌՈ բաժնի կողմից 2016թ.-ի ապրիլի 6-ին ՀՀ ՔԿ ՎՔԳՎ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժին տրված հեռախոսագրի համաձայն, 2016թ.-ի ապրիլի 5-ի, լույս 6-ի գիշերը, ժամը 02։30-03։00-ի սահմաններում, չպարզված հանգամանքներում ՀՀ ՊՆ 75937 զորամասի հրետանային կրակային դիրքում ՀՀ ՊՆ 28418 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը և Սուրեն Արթուրի Արամյանն ստացած հրազենային մարմնական վնասվածքների հետևանքով տեղում մահացել են, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայողներ Հակոբ Գևորգյանը և Արեգ Բաղդասարյանն ստացել են ստորին վերջույթների հրազենային վնասվածքներ։
Միևնույն հանցավոր խմբի կողմից, միևնույն ժամանակ կատարված այս երկու զինծառայողների սպանության գործն ապօրինի կերպով, արհեստականորեն տարանջատելուց հետո, նախաքննական մարմինը գործերից մեկով՝ Սուրեն Արամյանի սպանության մասով, ըստ էության որևէ քննություն չի կատարում և չի էլ կարող կատարել, քանի որ կոռումպացված նախաքննական մարմինը շահագրգռված չէ բացահայտել սպանությունը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանը հերթական անգամ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և բացարկ հայտնել գործը քննող նախաքննական մարմնին:
Իսկ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Գրիգոր Ավետիսյանի մասով դատաքննությունը՝ դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ: Չնայած 4 ամիսների ընթացքում տուժող կողմը երկու անգամ միջնորդություն է ներկայացրել նախագահողին, սակայն վերջինս, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված միջնորդությունների լուծման կարգը, առ այսօր տուժողի միջնորդությունը քննության չի առել: Մեկ անգամ ևս նշենք, որ այս գործով իրական մարդասպանների փոխարեն ապօրինաբար Գրիգոր Ավետիսյանի սպանության մեջ է մեղադրվում Դավիթ Դումիկյանը, որը որևէ կապ չունի տվյալ սպանության հետ:
17.05.18-ին տուժող կողմը դիմում-բողոք է ուղարկել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին:
Զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան գործի դատաքննության հետ կապված տեղեկություններ
Ըստ ՊՆ-ի կողմից տարածած հաղորդագրության, 2013թ.-ի հուլիսի 31-ին, ժամը 13:20-ի սահմաններում, Քանաքեռի զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մանուչար Մերուժանի Մանուչարյանը, գտնվելով պահակակետի դիտաշտարակում, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում:
Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
Ինչպես Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը, այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանի դատական կազմը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարության կողմերի իրավահավասարության սկզբունքը, ինչպես նաև նույն՝ քր. դատ. օր-ի միջնորդությունների եւ պահանջների՝ քննության առնելու պարտադիր լինելը նախանշող 102-րդ հոդվածը: Երկու դատարանների կողմից խախտվել են նաև ՄԻԵԿ-ի՝ արդար դատաքննության իրավունք վերտառությամբ 6 հոդվածը, ինչպես նաև առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, այն է՝ ՄԻԵԿ 2-րդ հոդվածի խախտման փաստով մահվան պատճառը և հանգամանքները պարզելու և մեղավորներին արդարադատության առջև կանգնեցնելու նպատակով չի իրականացվել արդյունավետ քննություն, ինչը ուղղակիորեն հանգեցրել է տուժողի՝ ՄԻԵԿ 2-րդ հոդվածով նախատեսված իրավունքների խախտման:
Ներկայումս քրեական գործը գտնվում է վճռաբեկ դատարանի վարույթում: Տուժող կողմը պատրաստվում է բողոք ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ միջնորդելով, որպեսզի վերոնշյալ դատավորների հանդեպ հարուցվի կարգապահական վարույթ:
17.05.18-ին տուժող կողմը դիմում-բողոք է ուղարկել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին՝ խնդրելով նրա միջամտությունը Մ. Մանուչարյանի սպանության գործի արագ բացահայտման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։
Ըստ դիմումի պատասխանի՝ այն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազին։
Զինծառայող Հարություն Համբարյանի մահվան գործի դատական քննության հետ կապված տեղեկություններ
ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ։
2015 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Հրայրի Համբարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգից գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:
Այս գործով քննություն է կատարվում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Սարգսյանի նախագահությամբ: Տուժող կողմը բողոք էր ուղարկել դատավոր Սարգսյանին՝ մեկ առ մեկ նշելով այն բոլոր անօրինականությունները, որոնք կատարվել էին նախաքննության ընթացքում: Ապացույցներ էին ներկայացվել նաև, որ կատարվածը դիտավորյալ սպանություն է, սակայն նախաքննական մարմինն այն ներկայացրել է որպես ինքնասպանություն: Խախտելով քր. դատ. օր.-ով նախատեսված կարգը, դատավորը բողոքն ստանալուց հետո շուրջ մեկ տարի անց էր այն քննության առել՝ 2016 թվականին:
Դատարանը գտել էր, որ բողոքը օրինական է, հիմնավոր և որոշում էր կայացրել դրա շուրջ մի շարք անձանց հարցաքննելու, դրանց վերաբերյալ մի շարք փորձաքննություններ կատարելու և այլնի վերաբերյալ:
Ավելի ուշ, սակայն, խախտելով իր կողմից կայացված որոշումը, չկատարելով իր իսկ որոշման համաձայն կատարվելիք քննչական գործողությունները, արագացված դատաքննություն էր կատարել՝ Սմբատ Հայրապետյանի մասով, ինչի շուրջ տուժող կողմի համաձայնությունը չէր ստացել:
Ելնելով վերոհիշյալից՝ Դավիթ Սարգսյանի 16.01.18 թվականին կայացրած դատավճռի դեմ տուժող կողմը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան:
22.06.2018-ին կայացավ նշված գործով երկրորդ դատական նիստը, որի ժամանակ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանը ցանկացավ բացարկ հայտնել գործով մեղադրող Կ. Աղաբեկյանին, սակայն չհասցրեց, դատական նիստն ընդհատվելու պատճառով: Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 1-ի:
17.05.18-ին տուժող կողմն այս գործով դիմում-բողոք է ուղարկել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին, որում մանրամասն նկարագրվել է գործի քննությունը, ինչպես նաև նախաքննական մարմնի ապօրինությունները։
Ըստ դիմումի պատասխանի՝ դիմում-բողոքն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազին։
Զինծառայող Լևոն Թորոսյանի մահվան գործի նախաքննության հետ կապված տեղեկություններ
2018 թվականի մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ 21127 զորամասի պահպանության տեղամասի «Հակոբասար» մարտական հենակետի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017թ. երկրորդ զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է թիվ 90753018 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը։
Ինչպես արդեն հայտնել ենք, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը նաեւ այս գործով է ներգրավվել որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ։ Մասնակցելով դիակի զննությանը, պարզել է, որ առկա է հրազենային վնասվածք, որի մուտքը կզակի տակից է, ելքը՝ գլխի գագաթային մասում։
Նշված հրազենային վնասվածքից բացի, զինվորի մարմնի վրա հայտնաբերվել են հետևյալ մարմնական վնասվածքները.
- արյունազեղում՝ զինվորի սեռական օրգանների շրջանում,
- աջ և ձախ ձեռքերի արմնկահոդային շրջանում քերծվածքներ, որոնք ունեն միևնույն չափսերը, միևնույն վաղեմությունը և կարելի է ասել, որ առաջացել են միևնույն պատճառով (սինխրոն, նույնանման վնասվածքներ են):
Ելնելով վերոնշալից, Ռուբեն Մարտիրոսյանը եկել է միանշանակ եզրակացության, որ կատարվածը դիտավորյալ սպանություն է. մինչ սպանություն կատարելը, մարդասպանները ուժեղ հարված են հասցրել զինվորի սեռական օրգաններին, որի հետևանքով զգացել է սուր ցավ, զրկվել է դիմադրություն ցույց տալու, պաշտպանվելու հնարավորությունից։ Դա տեղի է ունեցել մահվանից ոչ շատ առաջ, քանի որ արյունազեղված տեղամասերը ունեցել են վարդագույն կամ բաց կարմիր գույն։ Օգտվելով զինվորի անօգնական վիճակից, մարդասպանները բռնել են նրա ձեռքերից, այնուհետև հրազենային վնասվածք են հասցրել։
Տուժող կողմը մայիսի 8-ին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որով բացարկ էր հայտնել ՀՀ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական կոմիտեի պետին և քննիչին:
Տուժող կողմը միջնորդել էր, որպեսզի քրեական գործով նախաքննությունը հանձնարարվի ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը: Տուժող կողմի միջնորդությունը բավարարվել է մասամբ: Գործով նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ (հատկապես կարևոր գործերի քննության) գլխավոր վարչությանը:
Ներբեռնել pdf տարբերակով. «ԽԵ» ՀԿ-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԱՊՐԻԼ-ՀՈՒՆԻՍ, 2018թ.) (pdf, 322 Kb)