Լուսանկար` © 2013, ԽԵ, «Ֆորում-թատրոնի ներկայացումներ բանակում առկա հիմնախնդիրների վերաբերյալ»
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակեպության գրասենյակում երեկոյան ժամերին արդեն երկու շաբաթից ավելի գործող «Ճնշվածների թատրոնի» խմբակի անդամներն առաջին ներկայացումները բեմադրեցին Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար: «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում գործող խմբակի նպատակը ֆորում-թատրոնի ներկայացումներ կազմակերպելն է՝ բանակում առկա հիմնախնդիրների վերաբերյալ, որպեսզի դրանք ներկայացվեն Լոռու մարզի մի քանի դպրոցներում: Ըստ խմբի մասնակիցների, գաղափարը հետեւյալն է․ այցելել Վանաձորի, այլ քաղաքների ավագ դպրոցներ, խաղալ ներկայացումները բարձր դասարանների երեխաների համար, ովքեր շուտով բանակում են հայտնվելու եւ լավ կլիներ, եթե տեղեկացված լինեին նաեւ բանակի խնդիրների եւ իրենց իրավունքների մասին, հարկ եղած դեպում իրենց շահերը պաշտպանել կարողանալու համար:
Սոցիալական արդիական խնդիր է նաեւ բանակում մարդու իրավունքների արհամարհված լինելը, այդ իսկ պատճառով կազմակերպությունը, խմբակի մասնակիցները որոշել են այս անգամ հենց այս թեման ներկայացնել բարձր դասարանցիներին: Ներկայացումների ավարտից հետո համատեղ քննարկվեցին ճնշող եւ ճնշվող կողմերի պահանջմունքները, նրանց դրդապատճառները, ինչից հետո երեխաներին հնարավորություն տրվեց իրենց հետաքրքրող հարցերի պատասխաներն ստանալ ներկայացման մեջ առկա կերպարներից, իսկ դրանից էլ հետո նրանք հնարավորություն ստացան ստանձնելու ճնշվող կերպարի դերն ու սեփական տարբերակներն առաջարկել իրավիճակը փոխելու համար: Սկզբնական լարվածությունն անցնելուց հետո ցանկացողները շատ էին, եւ, ինչպես ԽԵ ներկայացուցիչներից Աննա Զաքարյանն է իր տպավորությունը կիսում, չնայած այն բանին, որ առաջարկներից մի քանիսը հակաօրինական էին (նույնիսկ կաշառք առաջարկելու, հրամանատարին շանտաժի ենթարկելու փորձեր եւս եղան), սակայն հակաօրինական լուծումների անընդունելիության մասին խմբակի անդամների բացատրություններից հետո մասնակիցներն սկսեցին հանդես գալ բացառապես իրավունքի դիրքերից եւ բավական արդյունավետ պայքարեցին ճնշող կերպարի կամայականության դեմ:
«Ուրախացնող էր, որ ակտիվ էին, ստեղծագործական, ոչ ստանդարտ, բազմազան տարբերակներ էին առաջարկում, Իսկ այս ամենը գալիս էր նրանից, որ երեխաներն այդ խնդիրներն իրոք սկսեցին խնդիր համարել: Ցանկություն հայտնեցին ֆորում-թատրոնի խմբակի անդամագրվել, որպեսզի իրենք էլ ուսումնասիրեն այդ մեթոդոլոգիան, որպեսզի կարողանան որոշակի, իրենց հետաքրքրող խնդիրներ բարձրաձայնել իրենց հասակակիցների շրջանում: Պայմանավորվածություն կա եւս երկու դպրոցի հետ, որտեղ մոտակա օրերին եւս կլինենք», – ասաց Ա․ Զաքարյանը:
Տես լուսանկարները «ԽԵ» Ֆեյսբուքյան էջում:
«Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է Pax կազմակերպության աջակցությամբ:
– ը նիդերլանդական կազմակերպություն է, որն իր տեղական գործընկերների հետ համատեղ աշխատում է աշխարհում խաղաղության, համերաշխության եւ արդարության կառուցման ուղղությամբ: Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում իրականացվող խաղաղասիրական նախաձեռնություններին եւ կամուրջներ կառուցում հակամարտող խմբերի հաշտեցման համար՝ նպատակ ունենալով ձեւավորել խաղաղ, ժողովրդավարական եւ արդար հասարակություն: