Լուսանկարը` © 2014, ԽԵ, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը: Հեղինակ՝ Արմինե Զաքարյան
Այսօր «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության գրասենյակում կայացած հանդիպում-քննարկման ընթացքում ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը ներկայացրեց Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության առանձնահատկությունները:
Դեսպանը վանաձորցի երիտասարդների, հկ-ների, լրատվամիջոցների, կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկեց հակամարտությունը, սակայն ավելի շատ ցանկացավ ուշադրություն դարձնել դրա կարգավորման ընթացքում խաղաղասիրական նախաձեռնությունների արդյունքում քաղած դասերի վրա:
«Այս հակամարտությունն այնքան հին պատմություն ունի, որ դրա առաջացման պատճառները, շարժառիթները թաղված են հեռավոր անցյալի խավարում: Մի քանի խաղաղասիրական նախաձեռնություններ են ձախողվել, մինչեւ որ 1998թ․-ին հաջողվեց խաղաղություն հաստատել», – ասաց Քեթրին Ջեյն Լիչը: Ըստ նրա՝ այդ խաղաղության հաստատման համար մի շարք նախադրյալներ կային․ մարդիկ հոգնել էին բռնություններից, հասկանում էին խաղաղության անհրաժեշտությունը, Լոնդոնը եւ Իռլանդիայի Հանրապետությունը բացառել էին հողային հավակնությունները եւ հայտարարել, որ ժողովուրդը պետք է որոշի, թե ինչպես է ցանկանում ապրել: Բացի այդ՝ մի շարք քաղաքական, սոցիալ-տնտեսական փոփոխություններ հնարավոր դարձրին պայմանագրի կնքումը:
«Ըստ էության, կարելի է ասել, որ ճիշտ ղեկավարներ հայտնվեցին ճիշտ տեղում եւ խաղաղություն հաստատվեց», – նշեց դեսպանը՝ մատնանշելով այն ժամանակ նորընտիր Թոնի Բլերի եւ Հս․ Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության կողմից բանակցողների դերն այս հարցում, սակայն նաեւ, որպես քաղաքական գործիչ, մեկնաբանեց այն հսկայական պատասխանատվությունն ու վտանգները, որ կախված էին այդ պահին նրանց վրա: 1998թ․-ից հետո եւս 7 տարի պահանջվեց, որպեսզի «Իռլանդիայի հանրապետական բանակը» դադարեցնի իր ահաբեկչական գործունեությունը, եւս 9 տարի, որպեսզի Հս․ Իռլանդիայում ձեւավորված համատեղ կառավարությունն սկսի արդյունավետ գործել:
Հանդիպման ընթացքում ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչն անդրադարձավ նաեւ Շոտլանդիայի հետ ունեցած հակամարտությանը՝ նշելով, որ ցանկացած հակամարտություն յուրահատուկ է, եւ այս դեպքում Հս․ Իռլանդիայի հակամարտությունից լրիվ տարբեր մոտեցումներ են պետք եղել համաձայնության հասնելու համար․ անգամ հարկ եղավ փոխել օրենսդրությունը, որպեսզի Շոտլանդիայում անկախության հանրաքվե անցկացնելու հնարավորություն լինի: «Չնայած այն բանին, որ բրիտանական կառավարությունը համոզված է, որ մենք առավել հզոր կլինենք, եթե մնանք միասին, սակայն պատրաստ ենք ընդունել այդ հանրաքվեի արդյունքներն՝ ինչպիսին էլ որ դրանք լինեն», – ասաց դեսպանը:
Հանդիպման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել Ք․ Ջ․ Լիչին, զուգահեռներ անցկացնել այս եւ ԼՂ հակամարտությունների միջեւ, այս հարցին նրա տեսակետին ծանոթանալ:
Հանդիպման ավարտից հետո դեսպանը ծանոթացավ «Խաղաղության երկխոսություն» հկ-ի աշխատակազմի, կազմակերպության նախագծած աշխատանքների հետ: