Լուսանկար` © 2013, ԽԵ, «Մեր անտարբերության ծառն իր պտուղներն է տվել»
Ապրիլի 8-ին Վանաձոր քաղաքի բնակիչները հնարավորություն ունեցան «քաղելու» իրենց անտարբերության ծառի պտուղները: Այդ օրը «Խաղաղության երկխոսություն» հկ-ի մի խումբ ակտիվիստներ Վանաձոր քաղաքի «Արցախ» պուրակում կազմակերպել էին «Մեր անտարբերության ծառը» խորագիրը կրող ակցիան, որի նպատակն էր բարձրաձայնել, ինչպես նաեւ՝ քաղաքի բնակիչներին հնարավորություն տալ ծանոթանալու երկրում առկա բազմաթիվ խնդիրների հետ եւ եւս մեկ անգամ խորհելու իրավիճակի շուրջ:
Ակտիվիստները խնձորի տեսքով պտուղներ էին ամրացրել ծառին, որոնց վրա շարադրել էին ՀՀ զինված ուժերում ինքնասպանությունների, սպանությունների եւ իրավախախտումների, երկրում մեծ չափերի հասնող եւ անընդհատ աճող բնապահպանական, առողջապահական, արտագաղթի, սոցիալական անարդարություների, գնաճի, կոռուպցիայի, աղքատության, ՀՀ արտաքին պարտքի մասին պատմող բազում խնդիրներ:
Վանաձորցիների մոտ նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Շատերը գտնում էին, որ վերջինս իրազեկման տեսանկյունից բավականին հետաքրքիր էր մտածված եւ, չնայած քաղաքացիները գիտեին այդ խնդիրների մասին, սակայն ակցիան եւս մի հնարավորություն էր առավել մանրամասն եւ կոնկրետ տեղեկություն ստանալու այս կամ այն խնդիր մասին:
Նախաձեռնությանն անմասնակից չմնաց նաեւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Պատահաբար մոտակայքով անցնող քաղաքապետին եւս կազմակերպիչները հրավիրեցին հաղորդակից դառնալու նախաձեռնությանը եւ ծանոթանալու «պտուղների» բովանդակությանը: Քաղաքապետը, հատկապես, անդրադարձավ ՀՀ զինված ուժերում միջադեպերին, մարդու իրավունքների ոտնահարման եւ բռնությունների դեպքերին՝ կարծիք արտահայտելով, թե հիմնախնդրի պատճառներից մեկն էլ այն է, որ ներկայիս սերունդն ունի հաղորդակցվելու թույլ կարողություններ եւ իր պահանջմունքներն ու կարիքները բարձրաձայնելու բարդույթ: Առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների բանակ զորակոչելու խնդրի կապակցությամբ՝ 2012 թ.-ին ՀՀ զինված ուժերում գրանցված 49-ը ողբերգական դեպքերից 6-ը առողջական խնդիրների եւ ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման հետեւանք են, Ս. Դարբինյանը նշեց, որ առողջական խնդիրներով ոչ մեկին չեն տանում բանակ, եթե լինում են այդ տեսակ դեպքեր, հրամանատարները այդպիսի զինվորների շատ արագ տանում, նորից բժշկական զննման են ենթարկում եւ ազատում:
Խնդիրների ծառը հանրային ակցիայից հետո տեղափոխվել է ԽԵ գրասենյակ եւ ակնկալվում է, որ այնտեղ եւս քաղաքացիները հնարավորություն կունենան ցանկության դեպքում «քաղել» իրենց անտարբերության պտուղները:
Տե՛ս լուսանկարները «Խաղաղության երկխոսություն» հկ-ի Facebook– ի էջում: