ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆՔ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ ԺՈՂՈՎՐԱԴԱՎԱՐ ԿԱՄ ԽԱՂԱՂԱՍԵՐ

Ապրիլի 22, 2014

Լուսանկարը` © 2014, ԽԵ, Պայքար Չախոյան, «Ժողովրդավարությունն իմ սկզբունքն է»


1980-ական թվականներին հրեա մի խումբ ուսուցիչներ եւ գիտնականներ անհանգստացած էին հրեական հասարակության մեջ ժողովրդավարական արժեքների հանդեպ խորացող թշնամանքով եւ օրեցօր աճող էթնոցենտրիզմով: Նրանց կողմից արդեն վաղուց արձանագրվել էր կրթական համակարգի ձախողումը ժողովրդավարության եւ խաղաղասիրության ոլորտում: Այս դարդապատճառները, ինչպես նաեւ՝ 1985թ.-ին Լիբանանում պատերազմի դեմ բողոքի ակցիայի ժամանակ սպանված խաղաղասեր ակտիվիստ Էմիլ Գրինզվայգի սպանությունը առիթ հանդիսացան, որ 1986թ.-ին ժողովրդավարական արժեքներին հավատարիմ ուսուցիչների եւ գիտնականների այս խումբն Իսրայելում հիմնադրի «Դեմոկրատիայի եւ խաղաղության Ադամի» ինստիտուտը, որը կոչված էր ակտիվ դեր խաղալու երկրում քաղաքական եւ խաղաղասիրական գիտությունների ոլորտում բարեփոխումների անցկացման գործում:

Ինստիտուտի հիմնադիր եւ տնօրեն Ակի Մառոշեկ-Կլերմանը գտնում էր, որ ժողովրդավարության եւ խաղաղության մասին կրթական ծրագրերը պետք է անխուսափելիորեն ներառեն եւ անդրադառնան հասարակության մեջ առկա հակամարտություններին եւ արժեհամակարգին, ինչի վրա էլ ձեւավորվեց ինստիտուտի ծրագիրը, որն իրենից ներկայացնում էր բոլորովին նոր մոտեցմամբ՝ փորձի վրա հիմնված/փորձին ուղղորդված մեթոդների մի համակարգ:

Կրթական այս ծրագիրը ստացավ Բեթզավտա անվանումը (Betzavta – անգլերեն՝ togetherness, հայերեն՝ համատեղ լինել):

2014թ.-ի ապրիլի 19-ին «Խաղաղության երկխոսություն» հկ-ի գրասենյակում այս մեթոդի կիրառմամբ առաջին դասընթացին մասնակցելու հնարավորություն ունեցան վանաձորցի 17 երիտասարդներ: Դասընթացի նպատակն էր՝ ստեղծել հակասություններ եւ երկընտրանքային իրավիճակներ հավասարության եւ ազատության, դեմոկրատիայի սկզբունքների, մեծամասնության եւ փոքրամասնության խնդիրների շուրջ, որտեղ միեւնույն մշակութային արժեհամակարգը կիսող մասնակիցները, հայտնվելով դժվարին իրավիճակներում, կփորձեին, ոչ բռնի ճանապարհով համագործակցության եզրեր գտնելով, բացահայտել սեփական վարքագծի դրսեւորումները: Հանդիպման առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ այն հարթակ էր ստեղծում մասնակիցների համար՝ չափելի դարձնել ժողովրդավարական սկզբունքների հանդեպ ունեցած հարգանքի եւ կարեւորության աստիճանը, ինչպես նաեւ՝ հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ համագործակցության կարողություններն ու պատրաստակամությունը:

Մասնակիցների համար մեթոդը բավականին գրավիչ էր եւ ազդեցիկ, քանի որ, խոսելով դրա առանձնահատկության մասին, հանդիպման մասնակիցներից Կառա Ղազարյանը նշեց. «Չնայած այն հանգամանքին, որ մենք ինքներս մեզ ժողովրդավար ենք համարում եւ թվում է, թե մեր գրեթե բոլոր գործողությունները պայմանավորված են եւ ելնում են այդ սկզբունքից, սակայն վարժությունների ժամանակ շատ հաճախ պարզ էր դառնում, որ մեր առօրյա կյանքում բավական քիչ ենք ուշադրություն դարձնում նմանատիպ իրավիճակներում մեր վարքագծի, ընկալումների եւ դրանց՝ ժողովրդավարության սկզբունքների հետ ունեցած կապի վրա»:

«Ժողովրդավարությունն իմ սկզբունքն է» դասընթացը իրականացվել է http://www.globalgiving.org/ կայքի աջակցությամբ հայթայթված միջոցներով: