ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՅՑՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿՎԵՑ

Հունվարի 26, 2016

Ընդդեմ պաշտպանության նախարարության «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հայցով վարչական գործով ՀՀ վարչական դատարանը դատաքննություն է նշանակել ս.թ. փետրվարի 19-ին՝ ժամը 15։30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում։

Ինչպես արդեն ներկայացրել ենք, «Խաղաղության երկխոսությունը» ՀՀ պաշտպանության նախարարի 09/07/2015թ․ թիվ 9-Ն հրամանով հաստատված ցանկի 17-րդ բաժնի 42 եւ 43 կետերում նշված տեղեկատվությունների գաղտնագրման օրինականությունը վիճարկելու եւ այդ մասով հրամանն անվավեր ճանաչելու հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան։ ՀԿ-ի գրասենյակ ուղարկված ծանուցագրում բացի այն, որ այս գործով առաջին լսումը նշանակված է փետրվարի 19-ին, տեղեկացվում էր նաեւ ՀՀ արդարադատության նախարարությանը որպես երրորդ կողմ ներգրավելու դատարանի որոշման մասին։

Դատարանը, մերժելով ՀՀ արդարադատության նախարարությանը որպես երկրորդ պատասխանող կողմ ներգրավելու մասին պաշտպանության նախարարության միջնորդությունը, անմիջապես էլ որոշում է կայացրել նրան որպես երրորդ կողմ ներգրավելու մասին։