ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՆԱՅՔ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՍՏԱՆՁՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԵՐԸ

Ապրիլի 14, 2015
Լուսանկարը` © 2015, ԽԵ, «Երիտասարդ կանայք ձգտում են ստանձնել հայրենիքի պաշտպանի դերը»: Հեղինակ՝ Արմինե Զաքարյան

Լոռու մարզի Ալավերդի եւ Ստեփանավան քաղաքների շուրջ 60 բարձր դասարանի աշակերտներ, ուսանողներ եւ համայնքի ակտիվ երիտասարդներ 2014թ-ի ապրիլի 7-10-ը մասնակցեցին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից անգլիական «Միջազգային ահազանգ» խաղաղասիրական կազմակերպության աջակցությամբ իրականացված չորս աշխատանքային քննարկումին։

Հանդիպման նպատակն էր փոխել մասնակիցների իրազեկվածության մակարդակը եւ հասարակության կողմից պարտադրված ընկալումները տղամարդկանց եւ կանանց սոցիալական դերերի վերաբերյալ՝ շեշտադրելով որոշումների կայացման գործընթացներում երկու սեռերի համար հավասար հնարավորությունների ապահովման անհրաժեշտությունը։

Հանդիպումներն օգնեցին երիտասարդներին հասկանալու, թե ի՞նչ է նշանակում ունենալ սոցիալական դեր եւ թե որտեղի՞ց են գալիս տղամարդկանց եւ կանանց սոցիալական դերերի մասին ունեցած պատկերացումները։ Աշխատանքային քննարկումների ընթացքում խոսվեց նաեւ այն մասին, թե որքանո՞վ են մասնակիցները կարեւորում եւ ինչպե՞ս են ընկալում իրենց քաղաքացիական ներգրավվածությունը հասարակական-քաղաքական գործընթացներում եւ ինչպե՞ս է դա ազդում որոշումների կայացման քաղաքական գործընթացների վրա։

Ինչպես եւ կարելի էր սպասել, քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ մասնակիցների մոտ բավականին վառ են արտահայտված կանանց եւ տղամարդկանց սոցիալական դերերի եւ կերպարների մասին կարծրատիպային ընկալումները, ինչը, սակայն, չխանգարեց նրանց, որպեսզի փորձեն վերլուծել ու հասկանալ, թե որտեղից են գալիս այդ ընկալումները։ Մասնակիցներն սկսեցին մտածել նաեւ այն մասին, որ դրանք շատ ժամանակ կարող են պարտադրված լինել հասարակության կողմից, սակայն միշտ չէ, որ կարող են համընկնել անհատի պատկերացումների հետ, ընդունվել վերջինիս կողմից:

Հանդիպումների արդյունքում հետաքրքիր դիտարկումներ արվեցին կանանց եւ տղամարդկանց սոցիալական դերերի վերաբերյալ մասնակիցների ընկալումների ու նախապատվությունների վերաբերյալ։ Հատկանշական է, որ բոլոր հանդիպումների ժամանակ արական սեռի ներկայացուցիչ մասնակիցների գրեթե կեսն առավելապես կարեւորում էր հոգատար հոր կերպարը, ով բավականին ժամանակ է անցկանում տանը՝ ընտանիքի եւ երեխաների հետ։ Աղջիկների մոտ բացառապես այլ պատկեր էր։ Գրեթե ոչ ոք չէր ընտրել հոգատար մոր կամ կնոջ կերպարը, ինչը տարիներ առաջ, գուցե, շատ բնորոշ լիներ նրանց։ Հիմնականում նախապատվություն տվեցին զինվորական կնոջ կերպարին՝ մեկնաբանելով դա հայրենասիրական մղումներով։

Կազմակերպիչները գտնում են, որ վերոհիշյալ միտումներն ունեն իրենց օբյեկտիվ բացատրություններ ու պատճառները։ Խնդիրը նրանում է, որ սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով արդեն ավելի քան երկու տասնամյակ բազմաթիվ տղամարդիկ ստիպված են եղել ընտանիքը կերակրելու համար անհրաժեշտ միջոցներ փնտրելու նպատակով մեկնել արտագնա աշխատանքի։ Արդյունքում, հատկապես արական սեռի երեխաները հայրական խնամքի եւ աջակցության կարիք են զգում եւ որքան էլ ըմբռնումով մոտենան այս հարցին, այնուամենայնիվ, փորձում են չնմանվել ծնողներին. ունեն իրենց հստակ պատկերացումներն «իսկական հոր» կերպարի մասին։

Զինվորական դառնալու աղջիկների երազանքը հետեւանք է երկու կարեւոր հանգամանքների եւ նման ընտրությունը կարելի է համարել կանանց «ազատագրման» գործընթացի բաղադրիչ ։ Ենթադրելի է, որ պատրիարխալ հասարակության ճնշումները, վարքագծի պարտադրված կանոնները, այդ ամենի պատճառը հանդիսացող չափորոշիչներն այլեւս անցանկալի են։ Կանայք այլեւս չեն ցանկանում թույլ եւ անպաշտպան էակներ լինել, այդ իսկ պատճառով էլ ձգտում են ստանձնել մինչ այժմ կնոջ համար հասարակության համար անսովոր, անգամ՝ անընդունելի համարվող սոցիալական դերեր։ Զինվորականը, կին թե տղամարդ, ընդունակ է պաշտպանել իրեն, մյուսներին էլ։ Սակայն կարելի է ենթադրել, որ այդ ազատագրման գործընթացը դեռեւս լիովին եւ ըստ էության գիտակցված չէ հասարակության իգական սեռի ներկայացուցիչների կողմից։

Մեկ այլ պարագայում, կանանց այս ընտրությունը կարող է ուղիղ համեմատական լինել պետության կողմից իրականացվող քարոզչությանն ու հանդիսանալ հասարակության կողմից ռազմական մշակույթի վերդասման հետեւանք։ Ասել է թե՝ պետական քարոզչության արդյունքում կանանց սկսել է գրավել հասարակության կողմից խիստ կարեւորվող զինվորականի կերպարն ու նրա դիրքը հասարակության մեջ։ Կանայք, ինչպես յուրաքանչյուրը, ձգտում են լինել հասարակության կարեւոր եւ հարգված անդամներ։

Հետաքրքրական է, որ այս ամենով հանդերձ, թե՛ արական, թե՛ իգական սեռի մասնակիցների կողմից լիովին չէին կարեւորվում լիարժեք քաղաքացի լինելու եւ որոշումների կայացման գործընթացում ներգրավված լինելու հանգամանքները։

Տղաների կողմից՝ ընտանիքին ավելի շատ ժամանակ տրամադրող եւ հոգատար հոր, իսկ կանանց կողմից զինվորականի կերպարներին նախապատվություն տալը կարելի է դիտել որպես հայկական ավանդական մշակույթի մեջ փոփոխվող պարադիգմերի բավականին հետաքրքիր դրսեւորում, ինչը, անշուշտ, ավելի խոր ուսումնասիրության կարիք ունի։

Վերոհիիշյալ չորս հանդիպումները հնարավոր է՝ օգնել են մեզ հասկանալու կնոջից ու տղամարդուց ակնկալվող սոցիալական դերերի վերաբերյալ ընկալումների փոփոխման միտումներն այն դեպքում, երբ շատերը կարծում են, որ հայկական մշակույթն այս առումով «քարացել է» ժամանակի մեջ։