ԵԼԵՆԱՆ, ԵՀՈՒԴԱՆ ԵՒ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ»

Հունիսի 09, 2015
Լուսանկարը` © 2015, ԽԵ, Արմինե Զաքարյան

Եթե անգամ միշտ հետեւում եք համաշխարային անցուդարձի մասին պատմող միջազգային լրահոսին, քիչ հավանական է, որ լսած լինենք Ելենայի, Եհուդայի կամ «Խաղաղության մարտիկների» մասին: Սովորաբար լրատվամիջոցները շրջանցում են նրանց եւ նրանց նմանների պատմությունները, փոխարենը՝ նախընտրելով քաղաքական գործիչների կամ կինոաստղերի մասին, փայլփլուն լուսանկարներով նկարազարդված հոդվածներ տեղադրել իրենց լրատվամիջոցների էջերում:

Շատ քչերը գիտեն, որ Մակեդոնիայում քաղաքացիական պատերազմի ավարտից հետո ԵԱՀԿ-ի գրասենյակում աշխատող Ելենան, որի հայրը մուսուլման, իսկ մայրը՝ քրիստոնյա է, տարիներ շարունակ գրեթե միակն է եղել, ով կարողացել է միմյանց հետ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել մուսուլման ալբանացիներին եւ քրիստոնյա մակեդոնացիներին: Եզակի մարդիկ են տեղյակ, որ պաղեստինյան Հեբրոն քաղաքում բնակվող զինվորական Յեհուդան, ով իր ամբողջ ուժն ու եռանդը ներդրել էր պաղեստինյան զորքերին դիմակայելու նպատակով իսրայելական բանակին ծառայելու գործին, մի օր որոշեց, որ այն ամենն ինչ արել է մինչ այժմ, երբեք խաղաղություն չի բերի իր երկրին: Պատերազմելու փոխարեն Եhուդան որոշեց Վեսթ-Բանկում գտնվող իրենց Հեբրոն քաղաք հրավիրել իսրայելցիներին, որպեսզի նրանք իրենց աչքով տեսնեն, թե իսրայելական օկուպացիայի հետեւանքով ինչ պայմաններում են ապրում պաղեստինցի իր հայրենակիցները: Մամուլում հազիվ թե հանդիպած լինեք նաեւ Լիբանանում քաղաքացիական պատերազմի ավարտից հետո ձեւավորված «Խաղաղության մարտիկների» շարժման մասին, որոնք պայքարում են իրենց երկրում հանուն խաղաղության եւ պատերազմի վերսկսման վտանգների դեմ:

Գերմանական «Բերգհոֆ» հիմնադրամի «Peace Counts» ծրագիրը նպատակ ունի բարձրաձայնելու եւ միջազգային հանրության համար ճանաչելի դարձնելու նման պատմությունները: Ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների, քննարկումների կամ ցուցահանդեսների միջոցով, ծրագրում ներգրավված տարբեր երկների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները տարիներ շարունակ տարածում են մարդու իրավունքների եւ խաղաղության համար պայքարող այս մարդկանց պատմությունները: Ի սկզբանե «Peace Counts»-ը ստեղծվել էր որպես լրագրողական ծրագիր, սակայն այսօր այն ներառում է իր մեջ ոչ միայն լրագրողների, այլ նաեւ աշխարհի տարբեր ծայրերում գործող մեծ թվով հկ-ների, հասարակական շարժումների ներկայացուցիչների:

Այս տարվա Հունիսի 4-7֊ը «Խաղաղության երկխոսություն» հկ-ի գրասենյակում դասընթացավարների համար կայացավ «Peace Counts»-ի հերթական դասընթացը։ Դասընթացը վարեցին գերմանացի, վրացի եւ աբխազ դասընթացավարներ՝ Անդրեա Զեմսկոֆ-Զյուգգեն, Դագմար Նոլդենը, Ելենա Նաթենադձեն եւ Ջամիլա Ամիչբան: Երեւանից, Սպիտակից եւ Վանաձորից ժամանած մասնակիցները մոտ ապագայում՝ աշխարհի տարբեր անկյուններում խաղաղասիրությամբ կամ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «սովորական» մարդկանց պատմությունների վրա հիմնված մի շարք միջոցառումներ կիրականացնեն ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղում: