Լուսանկարը` © 2014, ԽԵ, Արմինե Զաքարյան, «Երիտասարդ կանանց եւ աղջիկների առաջնորդության դասընթաց»
Հայաստանի տարբեր քաղաքներում եւ գյուղերում քաղաքացիական գործունեությամբ զբաղվող կանանց եւ աղջիկների`մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ կոնֆլիկտների խաղաղ կարգավորման ուղղությամբ կարողությունների զարգացման նպատակով, օգոստոսի 15-17-ը «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն կազմակերպել էր «Երիտասարդ կանանց եւ աղջիկների առաջնորդության» եռօրյա դասընթաց: Վանաձորում կայացած այս դասընթացին մասնակցեցին Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերից հրավիրված երիտասարդ կանայք եւ աղջիկներ:
Դասընթացի ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց սեփական փորձի վրա հիմնվելով ուսումնասիրել հասարակության մեջ առկա բազմաթիվ հասարակական երեւույթների միջեւ փոխադարձ կապերը, այդ երեւութների ազդեցությունը Հայաստանում տեղի ունեցող քաղաքական եւ քաղաքացիական գործընթացների վրա:
Մասնակիցները ծանոթացան «կոնֆլիկտ» եւ «բռնություն» հասկացությունների հետ, փորձեցին ուսումնասիրել ժողովրդավարության դերը կոնֆլիկտների խաղաղ կարգավորման գործընթացներում:
Մասնակիցները տարբեր վարժությունների միջոցով խոսեցին ինքնությունների եւ դրանց վրա ազդեցություն ունեցող բազմաթիվ երեւույթների մասին, ինչպես նաեւ՝ սեփական, բեմականացված օրինակների հիման վրա փորձեցին վերլուծել եւ հասկանալ կոնֆլիկտի մեջ ներգրավված կողմերի վարքագիծը պայմանավորող վախերն ու պահանջմունքները:
Բացի կոնֆլիկտների խաղաղ կարգավորմանն առնչվող տեսական գիտելիքներ եւ գործիքներ տրամադրելուց, կազմակերպիչները ձգտել էին նաեւ ստեղծել մի հարթակ, որտեղ մասնակիցները կկարողանային սովորել միմյանցից՝ կիսելով բազմաթիվ ոլորտներում ձեռք բերած փորձն ու քաղված դասերը:
Դասընթացի վերջում, անդրադառնալով ծրագրի բովանդակությանը, մասնակիցներից շատերը նշեցին, որ բացի վերոնշյալ թեմաների շուրջ ձեռք բերած նոր գիտելիքները, իրենց համար հատկապես հիշարժան էր շատ հասկացությունների (այդ թվում՝ խաղաղասիրություն, գենդեր կամ ինքնություն) նորովի մեկնաբանումը: Ըստ նրանց`մեր իրականությունում, հասարակության մեջ շատ հասկացություններ փաստորեն խեղաթուրվել, ձեռք են բերել այլափոխված մեկնաբանություններ:
Յերիտասարդ կանանց եւ աղջիկների առաջնորդության դասընթացը իրականացվում է http://www.globalgiving.org/ կայքի աջակցությամբ հայթայթված միջոցներով: