«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբերի 11, 2015

«ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆԱՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանի կապակցությամբ:

2015 թ․-ի փետրվարին ՀՀ վարչական դատարանը  վարույթ ընդունեց «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ Պաշտպանության նախարարության: Կազմակերպությունը հայց էր ներկայացրել դատարան՝ ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ 1994-2014 թթ. ԶՈՒ-ում զինծառայողների մահվան հանգեցրած դեպքերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն (մասնավորապես՝ մահացածների անուն-ազգանունները, դեպքի վայրը, ամսաթիվը, զորամասի համարը, զորամասի հրամանատարի անունը, ազգանունը ու կոչումը, տուժողի մահվան պատճառը և դեպքի վերաբերյալ համառոտ նկարագրությունը) տրամադրել պարտավորեցնելու նպատակով:

Պաշտպանության նախարարության կողմից ՀՀ վարչական դատարանի դատավոր Կ․ Զարիկյանին և «ԽԵ»-ին հասցեագրված սույն վարչական գործով ներկայացված հայցապահանջի դեմ առարկությունների ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ ՀՀ պաշտպանության նախարարի 09/07/2015թ․ թիվ 9-Ն հրամանով ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատվել է «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը», որի բաժին 17-ի՝ («Տեղեկություններ ռազմական ոստիկանության գործունեության , ինչպես նաև` իրավախախտումների եւ պատահարների վերաբերյալ») համաձայն, կազմակերպության կողմից պահանջվող տեղեկություններն այսուհետ գաղտնագրման ենթակա տեղեկություն են համարվում:

Ըստ վերոնշյալ հրամանի 17–րդ բաժնի 42 եւ 43 կետերի՝

  1. Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերը, պատահարները, ինչպես նաև դրանց պատճառները բացահայտող ամփոփ տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի` պայմանավորված ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրության փոփոխությամբ համարվում են գաղտնագրման ենթակա տեղեկություններ,
  2. Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերի ու պատահարների արդյունքում ի հայտ եկած իրավախախտումների առնչությամբ անցկացված ծառայողական քննության նյութերը բացահայտող տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի

Հարկ է նշել, որ մինչ այժմ, չնայած «Տեղեկատվության Ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջին, ՀՀ Պաշտպանության Նախարարությունը չի տրամադրել կազմակերպությանը թիվ 9-Ն հրամանի հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերի պատճեները, որոնք կազմակերպությունը պահանջել էր նախարարությունից դեռեւս օգոստոս ամսին:Մանրամասն ուսումնասիրելով Պաշտպանության նախարարի կողմից հաստատված գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկը եւ առաջնորդվելով՝

  • ՀՀ Սահմանադրության մեջ,
  • ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում,
  • «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում,
  • «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում,
  • «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում նշված դրույթներով

Գտնում ենք, որ.

Ա) Նախարարի թիվ 9-Ն հրամանով «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկում» ներառված 42-րդ և 43-րդ կետերում նշված տեղեկությունները «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախատեսված դրույթով գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկում ներառված չեն, չեն տեղավորվում օրենսդիրի կողմից սահմանված ձևակերպումների մեջ և չեն ապահովում օրենքի սույն դրույթների իրականացումը:

Բ) Ցանկի 42-րդ և 43-րդ կետերում նշված տեղեկատվության գաղտնագրումը ակնհայտորեն նպատակ չի հետապնդում կանխելու իրավական պետությունում դրսևորվող հնարավոր կամայականությունները և չի երաշխավորում անձանց, անձանց խմբերի իրավունքները և շահերը, ինչպես նախատեսում է ՀՀ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքը:

Գ) Այս հրամանի  42-րդ և 43-րդ կետերում նշված տեղեկատվության գաղտնագրման ենթարկված տեղեկությունների մատչելիությունը չի կարող խոչընդոտել ժողովրդավարական  հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանությանը, քանի որ, համաձայն ՀՀ Սահմանադրության, քաղաքացիների հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն այդ նկատառումներով:

Հայտարարում ենքոր

  • ՀՀ Պաշտպանության Նախարարի թիվ 9-Ն հրամանով հաստատված ցանկի 17–րդ բաժնի 42 եւ 43 կետերի գաղտնագրումը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ՀՀ օրենքներին եւ Հայստանի կողմից վավերացված միջազգային պայմանավորվածությունների դրույթներին:
  • Այս տեղեկությունների գաղտնագրումը խիստ սահմանափակում է ՀՀ քաղաքացիների կողմից Պաշտպանության Նախարարության գործունեության վերաբերյալ քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու հնարավորությունները եւ ակնհայտորեն շեղում Պաշտպանական գերատեսչությանը ՀՀ կողմից որդեգրած՝ պետական մարմինների  թափանցիկության ապահովման ուղուց:
  • «Խաղաղության երկխոսությունը» դատական կարգով կվիճարկի ՀՀ Պաշտպանության Նախարարի թիվ 9-Ն հրամանով հաստատված ցանկի 17–րդ բաժնի 42 եւ 43 կետերում նշված տեղեկատվությունների գաղտնագրման օրինականությունը եւ պահանջ կներկայացնի անվավեր ճանաչել հրամանով հաստատված ցանկի հատկապես վերոհիշյալ դրույթները:

Կոչ ենք անում

Հայաստանյան իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին, քաղաքացիական խմբերին անտարբեր չմնալ և անել ամեն հնարավորը՝ զինված ուժերի գործունեության նկատմամաբ քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու առանց այն էլ չնչին այս հնարավորությունը չկորցնելու համար:

Հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից անգնահատելի ներդրում կհանդիսանա Նախարարի թիվ 9-Ն հրամանով հաստատված ցանկի այլ կետերի վերաբերյալ ավելի խորքային ուսումնասիրումը և, անհրաժեշտության դեպքում, դրանց՝ օրենքին համապատասխանությունը վիճարկելուն ուղղված գործողությունները (ռեսուրսների սահմանափակության պատճառով «ԽԵ»-ն վիճարկում է հրամանի միայն 42 եւ 43 կետերում նշված տեղեկատվության գաղտնագրման իրավաչափությունը), քանի որ նախարարի հրամանում բերված ոչ հստակ, խուսանավելու մեծ հնարավորություններ տվող ձեւակերպումները կարող են հիմք հանդիսանալ հետագայում  ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնյաների կողմից օրենքին չհամապատասխանող եւ կամայական գործողությունների ու որոշումների համար:

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ