Հայտարարություն

Մայիսի 07, 2014

Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինը, ով 2007 թվականին Վրաստանի հանդեպ հետախուզական գործունեություն ծավալելու համար իշխանությունների կողմից հայտարարվեց անցանկալի անձ (pesona-non-grata) եւ վտարվեց երկրից, «Նոյան Տապան» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է. «Ես վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի աշխույժ հայտարարի Հայաստանի ինֆորմացիոն դաշտում իր ներկայության մասին:

Դրանում ոչ մի կասկած չկա: Սակայն, զբաղվել այն ՀԿ-ների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, թերեւս հարկ է օգտագործելով նաեւ այլ մեթոդներ: Ռուսաստանում, ի դեպ, ընդունված է օրենք, որը միանգամայն հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Վերջնարդյունքում միանգամայն ակնհայտ է, որ նրանք, ովքեր ուղղում են իրենք գործունեությունը հայ-ռուսական բարեկամության դեմ, բարին չեն ցանկանում թե Ռուսաստանին, թե Հայաստանին»: Ավելի վաղ` 2014 թ. ապրիլի 12-ին Երեւանում նույն Վոլինկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կկանխի «մեր մտքին ու սրտին խորթ գաղափարներ սերմանելու պատրվակով» իրականացվելիք ցանկացած ագրեսիվ միջամտություն իր բարեկամ երկրների ներքին գործերին։

Այս գնահատականները առայժմ, պատշաճ պատասխան չեն ստացել ՀՀ իշխանությունների կողմից:

Մենք այսօրինակ հայտարարությունները գնահատում ենք ինչպես դիվանագիտական ընդունված նորմերի ոտնահարում, այնպես էլ` կոպիտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին եւ Հայաստանի հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության հերթական փորձ:

Դեսպան Վոլինկինը պարտավոր է զգոն եւ աչալուրջ լինել, հասկանալ եւ հարգել ՀՀ Սահմանադրությունը, իմանալ, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն է: Այս հայտարարություններով Վոլինկինն իրեն օրենքից դուրս է դրել:

ՀՀ իշխանություններից պահանջում ենք կարգի հրավիրել Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինին, հասնել նրան, որ վերջինս կամ հեռացվի իր պաշտոնից, կամ պատշաճ կերպով ներողություն խնդրի Հայաստանի քաղաքացիներից:

Միաժամանակ հայտարարելով, որ Հայաստանում չկան հայ-ռուսական բարեկամության դեմ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններ, դեսպան Վոլինկինին խորհուրդ ենք տալիս այդպիսի վհուկների դեմ որսը կազմակերպել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Համագործակցություն հանուն ժողովրդավարության
«Մենք պլյուս» սոցիալական ՀԿ
«Կրթության ասպարեզ» ՀԿ
«Գոեֆոն» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ
«Մարդու իրավունքների եւ կոնֆլիկտների ուսումնասիրության ինստիտուտ» ՀԿ
Հայկ Նազարեան