Այսօր առավոտյան՝ ապրիլի 7-ին, Հիմնադիր խորհրդարանի կենտրոնական եւ ՀՀ տարբեր մարզերում գտնվող գրասենյակներում իրականացված խուզարկությունների, քաղաքացիական նախաձեռնության ղեկավարներին բերման ենթարկելու լուրը տրամաբանական շարունակությունն է իշխանությունների կողմից այս կամ այն չափով չվերահսկվող ընդդիմադիր ուժերի նկատմամբ վերջին ժամանակներս սկսված ահաբեկման քաղաքականության։
Ըստ «Խաղաղության երկխոսության»՝ իր յուրաքանչյուր քայլով ՀՀ իշխանությունն, ի դեմս իշխող քաղաքական մեծամասնության եւ նախագահ Սերժ Սարգսյանի, պարզ հասկացնում է, որ չնայած ժողովրդի կողմից ունեցած վստահության անբավարարությանը, ոչ մի քննադատության չդիմացող, ապաշնորհ (եթե ոչ հանցագործ) կառավարմանը՝ դրանից դժգոհ քաղաքական ուժերին ենթարկվել ստիպելու, վախեցնելու, «գնելու» բոլոր «քաղաքակիրթ» փորձերի ձախողման դեպքում իր զինանոցում դեռ մնում է բռնաճնշումների հին ու բարի մեթոդը։
Իշխանական լիազորությունները պարբերաբար չարաշահելու, ուժային կառույցներն՝ ամբողջությամբ ռեժիմին ու նրա անվտանգությունն սպասարկող գրասենյակների վերածելու, Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաներն ուժով ճնշելուց, օրեցօր ավելի մեծ թիվ կազմող անհնազանդներին վարչական ռեսուրսների եւ իշխանական լծակների գործադրմամբ լռեցնելու քաղաքականության հաջորդ քայլն էլ պիտի լիներ այլախոհների նկատմամբ դատաստան տեսնելու նման մեծամասշտաբ գործողությունը։
Դատապարտելով՝ գտնում ենք, որ նման, ՀՀ քաղաքացիների իրավունքները ոտնահարող եւ սեփական երկրում վերջիններիս անվտանգությունը կասկածի տակ դնող (երբ կարող ես թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես հալածվել քաղաքական ճաշակիդ եւ հայացքներիդ համար) գործելաոճը չի կարող նպաստել ժողովրդավարության վերջերս միմիայն թուլացող դիրքերի ուժեղացմանը. նոր քաղբանտարկյալների առկայության արդյունքում միայն իշխանությունների ներքին քաղաքականությունից դժգոհ քաղաքացիների թիվը կավելանա, մեծապես կարող է տուժել նաեւ Հայաստանի միջազգային վարկը։
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպություն