
© 2025. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
Մարտի 28-30-ը կազմակերպությունն անցկացրեց եռօրյա ռազմավարական հանդիպում՝ միավորելով իր աշխատակազմը, կառավարման խորհրդի անդամներին և առանցքային գործընկերներին։ Հանդիպումն ուղղված էր կազմակերպության առաքելության վերագնահատմանը և ապագայի տեսլականի հստակեցմանը՝ ելնելով տարածաշրջանում և աշխարհում ձևավորված նոր քաղաքական և հասարակական իրողություններից։
Ռազմավարական նոր ուղղություն
Հենվելով իր երկու հիմնական ուղղությունների վրա՝ «Մարդու իրավունքների պաշտպանություն և ժողովրդավարության խթանում» և «Խաղաղության մշակույթի ձևավորում և կոնֆլիկտների փոխակերպում», կազմակերպությունն ընդունել է նոր ռազմավարական մոտեցում։ Այն ուղղված է հասարակության դիմակայունության ձևավորմանը՝ ի պատասխան ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և ազգային անվտանգությանը սպառնացող արտաքին հիբրիդային մարտահրավերների։
Նպատակը համայնքների ներգրավման խորացումն է և հասարակական կարողությունների զարգացումը՝ դիմագրավելու այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են ինքնիշխանության սահմանափակումը, ժողովրդավարական ինստիտուտների թուլացումը և քաղաքացիական տարածքի նեղացումը։ Տարածաշրջանում ծայրահեղ աջ հռետորաբանության աճը և ժողովրդավարական արժեքների խաթարումը առանձնացվել են որպես հիմնական մտահոգություններ։
Կազմակերպության ներուժի ամրապնդում
Նոր ռազմավարության իրականացման կարևոր նախապայմաններից է ինստիտուցիոնալ կայունության ապահովումը։ Քննարկումների ընթացքում ընդգծվեց ներքին կառավարման համակարգերի վերանայման անհրաժեշտությունը՝ ընդլայնվող ծրագրային գործունեությանը համընթաց և աշխատակազմի որակն ու համախմբվածությունը պահպանելու համար։
Մշտապես աճող ծանրաբեռնվածության պայմաններում կարևորվեց մարդկային ռեսուրսների նպատակային ընդլայնումը, կարողությունների շարունակական զարգացումն ու գործառնական հստակությունը։ Հատուկ ուշադրություն դարձվեց ծրագրերի գնահատման և վերահսկման գործիքների կատարելագործմանը, ինչպես նաև հաղորդակցության և հանրային կապերի խորացմանը՝ առկա ներքին հնարավորությունների շրջանակում։
Չնայած սահմանափակ ռեսուրսներին՝ կազմակերպությունը շարունակում է բարձր արդյունավետությամբ իրականացնել բազմաբնույթ նախաձեռնություններ։ Այս պայմաններում կայուն բազմակողմանի աջակցությունը և թիմի միասնականությունն առանցքային են կազմակերպության երկարաժամկետ ազդեցության պահպանման համար։
Հավատարիմ մնալով հիմնարար արժեքներին
Խաղաղաշինության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության մասին ընկալումների սրընթաց փոփոխությունների պայմաններում, հանդիպման մասնակիցները վերահաստատեցին կազմակերպության հավատարմությունը իր հիմնարար արժեքներին։ «Խաղաղության երկխոսություն»-ը վճռական է պաշտպանելու այդ սկզբունքները և հակազդելու նրանց շահարկման փորձերին՝ շարունակելով գործել բաց և արժեհամակարգային մոտեցմամբ՝ գործընկերային ծրագրերի շրջանակում։
Անցումային արդարադատություն. հույսեր և սահմանափակումներ
Քննարկումների առանցքում էր նաև անցումային արդարադատության գաղափարը՝ որպես ժողովրդավարական վերահսկողական մեխանիզմների ամրապնդման գործիք։ Չնայած դրա կարևորությանը, շեշտվեցին նաև գաղափարական և քաղաքական դժվարությունները՝ մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում, որտեղ առկա են հակասական նարատիվներ և պատմական վերքերը դեռևս բաց են։
Ղեկավարման համակարգի արդիականացում
Որպես ինստիտուցիոնալ զարգացման քայլ՝ «Խաղաղության երկխոսություն»-ը նախաձեռնել է կառավարման խորհրդի թարմացման գործընթաց՝ նպատակ ունենալով ապահովել բազմազանություն, բարձրացնել կառավարման արդյունավետությունը և խթանել ռազմավարական առաջընթացի հաջորդ փուլը։
Դեպի 2030
2025 թվականի ռազմավարական հանդիպումը կազմակերպության համար դարձավ ինչպես կողմնացույց, այնպես էլ նոր մեկնակետ։ Մարդու իրավունքների, արդարության և խաղաղության նկատմամբ ունեցած հանձնառության վրա հիմնվելով՝ «Խաղաղության երկխոսություն»-ը նոր ուժով առաջ է շարժվում դեպի 2030 թվականը՝ հստակ ռազմավարությամբ, ամրապնդված ներքին կառույցներով և կայուն արժեքային հիմքով։
Ռազմավարական հանդիպումն իրականացվել է «Sigrid Rausing Trust» հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի շրջանակում։