ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԹԱՓԱՆՑԻԿ, ՆԵՐԱՌԱԿԱՆ Եւ ՀԱՇՎԵՏՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

Փետրվարի 22, 2025
ԴԻՄԱԴՐՈՒՆԱԿ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
© 2025. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

ԴԻՄԱԴՐՈՒՆԱԿ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ

Ամփոփ նկարագիրը

Սույն ճանապարհային քարտեզում ներկայացված է Հայաստանի անվտանգության ոլորտի բարեփոխումների (ԱՈԲ) առաջխաղացման հետևողական ռազմավարություն՝ համակարգային անարդյունավետությունը հասցեագրելու և կառավարման կառույցները ժողովրդավարական սկզբունքներին համապատասխանեցնելու միջոցով: Ընդունելով, որ բարեփոխումների ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում, ճանապարհային քարտեզում նշվում է գործող ազգային ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը, այդ թվում՝ դատական ոլորտի բարեփոխումները, Հակակոռուպցիոն ռազմավարությունը, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը, ՄԱԿ-ի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի իրականացման գործողությունների ծրագիրը և մյուս ռազմավարական փաստաթղթերը ներդաշնակեցնող միասնական, ռազմավարական շրջանակ ունենալու ծայրահեղ անհրաժեշտությունը:

Համակարգային առաջնահերթություններ.

Ճանապարհային քարտեզում նշվում են բարեփոխումների կայունության և արդյունավետության ապահովման համար էական նշանակություն ունեցող համակարգային առաջնահերթությունները: Դրանք են Անվտանգության խորհրդի գրասենյակի կամ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին առընթեր համակարգող մարմնի ստեղծումը՝ բարեփոխումների գործընթացը համակարգելու նպատակով: Բացի դրանից, առաջարկվում է ստեղծել բոլոր հիմնական շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներից բաղկացած Բարեփոխումների համակարգման թիմ, որը կապահովի գործողությունների համաձայնեցվածություն և ներառականություն: Որպես հիմնական քայլեր են առանձնացվում մանրամասն ու ներդաշնակեցված գործողությունների ծրագրի մշակումը, տեղական ու միջազգային գործընկերների ընտրությունն ու չափելի կատարողականի հիմնական ցուցանիշների (ԿՀՑ-ներ) սահմանումը:

Ինստիտուցիոնալ բացերը կհասցեագրվեն օրենսդրական շրջանակի վերանայման, անկախ աուդիտների ինստիտուցիոնալացման և վերահսկողություն իրականացնող մարմիններին լրացուցիչ ռեսուրսների հատկացման միջոցով: Թափանցիկությունն ու վստահությունը խթանելու համար առաջարկվում է պարբերաբար իրականացնել գնահատումներ և խթանել հանրային իրազեկման արշավների կազմակերպումը: Ճանապարհային քարտեզով խրախուսվում է նաև արտաքին աջակցությունից կախվածության ձևաչափից անցում կատարել տեղական մակարդակում մշակված կառավարման կառուցակարգերի:

Ռազմավարական հենասյուներ.

Ճանապարհային քարտեզում մանրամասն ներկայացված են յոթ ռազմավարական հենասյուների վերաբերյալ գործուն առաջարկություններ.

Խորհրդարանական վերահսկողության և հաշվետվողականության բարձրացում.
  • Օրենսդրական շրջանակների ամրապնդում, մասնագիտացված ենթահանձնաժողովների ստեղծում և հանրային լսումների ինստիտուցիոնալացում՝ թափանցիկությունն ու վստահությունը բարձրացնելու նպատակով:
Հետախուզության կառավարում և վերահսկողություն. 
  • Գործառական գաղտնիության հավասարակշռում ժողովրդավարական հաշվետվողականության հետ՝ վերահսկողության համակարգված մեխանիզմների, նպատակային վերապատրաստումների և հանրային թափանցիկության նախաձեռնությունների միջոցով:
Պաշտպանության ոլորտում արհեստավարժության, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում.
  • Հակակոռուպցիոն միջոցառումների իրականացում, պաշտպանական գործելակերպերի արդիականացում և միջազգային գործընկերների հետ համագործակցության խթանում:
Գենդերային ներառականության խթանում.
  • Մշակութային արգելքների հասցեագրում և գենդերազգայուն բարեփոխումների ընդգրկում վերապատրաստումների ու առաջնորդության ծրագրերում, ինչպես նաև հաշվետվողականության մեխանիզմներում:
Զինվորական անձնակազմի բարեկեցության և հոգեկան առողջության բարելավում.
  • Հուսալի հոգեբանական ծառայությունների ստեղծում, վնասակար գործելակերպերի հասցեագրում և փաստերի վրա հիմնված հոգեկան առողջության չափանիշների ներդնում:
Մարդու իրավունքների խթանում. 
  • Oրենսդրական շրջանակների և վերահսկողության մեխանիզմների ամրապնդում` անվտանգության ոլորտում մարդու իրավունքների համակարգային խնդիրները լուծելու համար:
Վերահսկողություն իրականացնող անկախ կառույցների ամրապնդում.
  • Վերահսկողություն իրականացնող մարմինների կարողությունների ու անկախության ընդլայնում իրավական բարեփոխումների, նպատակային վերապատրաստումների և համագործակցային ցանցերի միջոցով:

Իրականացման շրջանակ.

Ճանապարհային քարտեզով նախատեսվում է փուլային մոտեցում՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ առաջարկություններով՝ ապահովելով ի հայտ եկող մարտահրավերներին հարմարվողականություն և արձագանքման պատրաստակամություն: Հրատապ առաջնահերթություններն են համակարգման մեխանիզմների ստեղծումը, նպատակային վերապատրաստման դասընթացների կազմակերպումը և օրենսդրական շրջանակի ուսումնասիրություններ նախաձեռնելը: Միջնաժամկետ գործողություններն ուղղված են բարեփոխումների ինստիտուցիոնալացմանն ու կարողությունների զարգացմանն ուղղված ջանքերի ընդլայնմանը, իսկ երկարաժամկետ գործողությունները նպատակ ունեն անվտանգության ոլորտում ներդնել պատասխանատվության և ներառականության մշակույթ:

Հասցեագրելով համակարգային ռիսկերը, խթանելով շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունը և համաժամանակեցնելով ԱՈԲ-ն գործող ազգային ռազմավարությունների հետ՝ սույն ճանապարհային քարտեզի նպատակն է կառուցել կայուն, թափանցիկ և հաշվետու կառույցներ, որոնք պաշտպանում են Հայաստանի ժողովրդավարական արժեքներն ու արդյունավետորեն արձագանքում են անվտանգության ժամանակակից մարտահրավերներին:


pdf

Հետազոտության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ անցնելով հետեւալ հղումով՝  ԴԻՄԱԴՐՈՒՆԱԿ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ․ Հայաստանում պաշտպանական ոլորտի թափանցիկ, ներառական և հաշվետու բարեփոխումների ճանապարհային քարտեզ (PDF, 791 Kb)


PD logo

DDFDCAF

Սույն փաստաթուղթը մշակվել է «Մարդու իրավունքների խթանումը ՀՀ պաշտպանական ոլորտում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) աջակցությամբ:
Փաստաթղթում ներկայացված ռազմավարական նպատակները, ինչպես նաև դրանում ներառված բազմաթիվ առաջարկություններ մշակվել են «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից՝ Ժնևի Անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) հետ համագործակցությամբ և փորձագիտական աջակցությամբ իրականացված մի շարք ուսումնասիրությունների հիման վրա և դրանցից ոգեշնչված: