«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | 2023-2024

Հունվարի 03, 2025
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | 2023-2024
© 2025. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Edgar Khachatryan«Անկախ հակամարտության բարդ դինամիկայից՝ «Խաղաղության երկխոսություն» հկ-ն հավատարիմ է մնում հակամարտությունից պառակտված հասարակությունների ներկայացուցիչների միջև երկխոսության խթանման քաղաքականությանը։ Միջսահմանային խաղաղությանն ուղղված նախաձեռնությունները մեր գործունեության հիմնաքարն են, որը խթանում է փոխհամաձայնություն, վստահություն և հակամարտության երկու կողմերի համայնքների միջև համագործակցություն…»

Էդգար Խաչատրյան
«Խաղաղության երկխոսություն» հկ-ի նախագահ

ԲԱՑՄԱՆ ԽՈՍՔ

«Խաղաղության երկխոսությունը» միշտ հավատացել է, որ ժողովրդավարությունը տևական խաղաղության հիմնաքարն է։ Մեզ համար ժողովրդավարությունը միայն կառավարումն ու ընտրությունները չեն. այն գործընթաց է, որը խաղաղության հիմքում դնում է մարդկային արժանապատվությունը, մասնակցային արդարությունը և ներառական երկխոսությունը։ Ժողովրդավարությունը կենդանի և զարգացող նվիրվածություն է արդարությանը, հաշվետվողականությանը և բոլոր, հատկապես հակամարտություններից տուժած հասարակությունների, ձայների հզորացմանը։ Վերջին երկու տարիների ընթացքում մեր տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս ծավալված քաղաքական և աշխարհաքաղաքական մարտահրավերները փորձության են ենթարկել այս համոզմունքը։ Այնուամենայնիվ, ականատես եղանք այն մարդկանց տոկունությանը, ում համար գործունեություն ենք ծավալում, և դա առավել ամրապնդեց  նման հրատապ խնդիրների լուծմանն ուղղված մեր հանձնառությունը։ Երկխոսության, շահերի պաշտպանության և կոլեկտիվ գործողությունների փոխակերպող ուժը մնում է որպես մեզ առաջնորդող սկզբունք, նույնիսկ երբ մեր աշխատանքի համատեքստը դառնում է ավելի բարդ և փխրուն:

Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումն ու դրան զուգահեռ աշխարհաքաղաքական ավելի լայնածավալ վայրիվերումները, ինչպիսիք են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան, Վրաստանում քաղաքական անկայունությունը և միջազգային այլ մարտահրավերներ, հիմնովին ձևափոխել են մեր գործունեության շրջանակները և ազդեցություն թողել այն մարդկանց կյանքի վրա, ում մենք աջակցում ենք։ Այս դինամիկան վերափոխել է ժողովրդավարության և մարդու իրավունքների ընկալումները՝ ավելի սրելով անվտանգության վերաբերյալ մարդկանց անհանգստությունը Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Մինչ անվտանգությունը գնալով ավելի խոցելի է դառնում, շատերն սկսել են կասկածի տակ դնել՝ արդյո՞ք ժողովրդավարությունն իրոք կարող է անվտանգություն ապահովել, մինչդեռ ավտորիտար ռեժիմներն այնպիսի պատմույթներ են առաջ տանում, որոնք փառաբանում են ռազմական ուժը և փորձում են ձերբազատվել ժողովրդավարական սկզբունքներից։

«Խաղաղության երկխոսությունը» խստապես դեմ է նման գաղափարախոսություններին։ Փոխարենը՝ կարևորում ենք այն գաղափարը, որ ժողովրդավարության իրական ուժը մարդկանց միավորելու, վստահություն խթանելու, դժգոհությունները հարթելու և տևական կայունության համար հիմք սահմանելու իր ունակությունն է։

Նման խոցելի միջավայրը հետագայում էլ ավելի է ապակայունանում հակամարտությունը խթանող պատմույթների, դիտավորյալ և ոչ դիտավորյալ կերպով տարածվող ապատեղեկատվության աճի պատճառով։  Նշված գործիքները մեծապես կիրառվում են հակամարտությունից տուժած և խոցելի հասարակություններին մանիպուլացնելու նպատակով՝ պղտորելով ժողովրդավարական արժեքների և հաստատությունների նկատմամբ վստահությունը։ Կեղծիքները հզոր զենք են ժողովրդավարության և անվտանգության դեմ՝ օգտվելով մարդկային վախերից և խորացող տարաձայնություններից: Նման գործելակերպը մոլորություն և անվստահություն է սերմանում նրանց մոտ, ովքեր վերապրում են հակամարտության հետևանքները, ինչն ավելի է բարդացնում դիմացկունության ու համերաշխության կառուցումը։ Այս վնասակար պատմույթներին հակազդելը դարձել է մեր գործունեության էական մասը, քանի որ ձգտում ենք ապացուցել, որ ճշմարտությունն ու թափանցիկությունը խաղաղության հենասյուներն են։

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | 2023-2024
© 2025. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

2023-2024 թվականների ընթացքում մենք կենտրոնացել ենք երեք հիմնական առաջնահերթությունների վրա. անդրադառնալ պաշտպանության ոլորտում համակարգային մարտահրավերներին, խթանել ներառական խաղաղասիրության ջանքերը, և հզորացնել համայնքները՝ մասնավորապես երիտասարդներին։

Աշխատել ենք հասցեագրել ՀՀ պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների հետ առնչվող խնդիրները, այդ թվում զորակոչիկների և ռազմական ավելի լայն անձնակազմի՝ ոչ մարտական պայմաններում մահացությունների, դաժան վերաբերմունքի դեպքերը և աջակցության անարդյունավետ համակարգերը։ Այս խնդիրները մեծ խոցելիություն են առաջացնում և հրատապ բարեփոխումներ են պահանջում։ Մեր կողմից իրականացվող ջատագովությունը կենտրոնացած է եղել թափանցիկության, պատասխանատվության, հոգեբանական և իրավաբանական բարելավված աջակցության ապահովման, ինչպես նաև զինված ուժերում ծառայողների համար ավելի ապահով և արժանապատիվ պայմաններ ապահովելու վրա։

Խաղաղաշինությանն ուղղված մեր ջանքերը ձևավորվել են հակամարտությունից տուժած համայնքների ձայնը լսելի դարձնելու հրատապ անհրաժեշտությամբ։ Լեռնային Ղարաբաղից տեղահանումը բազմաթիվ անհատների թողել է մեծ կորուստների և անորոշության մեջ, ինչն էլ ավելի կարևոր է դարձնում խաղաղության և հակամարտությանն առնչվող քաղաքականությունների մեջ նրանց կարիքների ապահովումը: Չնայած հակամարտության բարդ դինամիկային՝ «Խաղաղության երկխոսություն» հկ-ն հավատարիմ է մնում հակամարտությունից պառակտված հասարակությունների ներկայացուցիչների միջև երկխոսության խթանման քաղաքականությանը։ Միջսահմանային խաղաղությանն ուղղված նախաձեռնությունները մեր գործունեության հիմնաքարն են, որոնք խթանում են փոխըմբռնումը, վստահության ձեւավորումն ու հակամարտության երկու կողմերի համայնքների միջև համագործակցությունը։ Միջսահմանային ջանքերից բացի, հնարավորություն ենք ստեղծել նաև ազգային կարևոր երկխոսության համար՝ ներգրավելով տարբեր շահագրգիռ կողմերի, այդ թվում պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկերների։ Անվտանգության, բարեկեցության, ազատության և ինքնության վրա կենտրոնանալով՝ մենք նպատակ ունենք ստեղծելու այնպիսի լուծումներ, որոնք իսկապես արտացոլում են հակամարտությունից առավել տուժած մարդկանց ապրած իրականությանը։

Տեղի համայնքների և, մասնավորապես, երիտասարդության հզորացումը մնում է կազմակերպության առաքելության առանցքային մասը։ Աշխարհում, որտեղ ժամանակի ընթացքում մեծանում է ժողովրդավարական արժեքներին սպառնացող վտանգը, մենք գիտակցում ենք երիտասարդների քննադատական մտածողության և ակտիվ մասնակցության կարևորությունը: Խրախուսելով երիտասարդներին դիտարկել ժողովրդավարությունը ոչ թե որպես հեռավոր իդեալ, այլ որպես անձնական և համընդհանուր պատասխանատվություն, մենք նպատակ ունենք կերտելու այնպիսի սերունդ, որը գնահատում է մասնակցայնությունը, երկխոսությունն ու արդարությունը։ Դասընթացների, տեղական և տարածաշրջանային ծրագրերի միջոցով փորձել ենք ոգեշնչել երիտասարդներին ժողովրդավարության և խաղաղության համար կարևոր դերակատարներ դառնալ՝ այսպիսով հակադարձելով այն պատմույթներին, որոնք փորձում են վերացնել այս իդեալները։

Գիտակցում ենք նաեւ, որ ավելի լայն գլոբալ համատեքստը (ավտորիտար գործունեությունն արդարացնելը, ռազմական ուժի փառաբանումն ու միջազգային նորմերի ոտնահարումը) ավելի է բարդացրել մեր աշխատանքը։ Այս եւ նման միտումները մարտահրավեր են նետում ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին ընկալումներին` թողնելով մարդկանց հիասթափված և վախեցած։ «Խաղաղության երկխոսություն» հկ-ն շարունակում է հաստատակամ կերպով ցույց տալ, որ ժողովրդավարությունը ոչ թե թուլություն, այլ շատ ավելի մեծ ուժ է։ Ժողովրդավարությունը դիմացկունության, համագործակցության և հույսի շրջանակ է, որը հասարակություններին օգնում է կողմնորոշվել անորոշության մեջ և վերականգնվել հակամարտությունից հետո։

Ժողովրդավարությունը վերացական իդեալ չէ. այն կենդանի գործընթաց է, որը մշտական վերահսկողություն և ուշադրություն է պահանջում։ Մեծ ջանքեր ենք գործադրում ապացուցելու, որ խաղաղությունը հնարավոր է, երբ արդարությունը, կարեկցանքը և մարդկային արժանապատվությունը մեր աշխատանքի հիմքն են կազմում։ Դեռ այնքա՜ն աշխատանք կա կատարելու, սակայն հավատում ենք մեր ընտրած ուղուն։ Միասին, անհարմար ճշմարտություններին առերեսվելու քաջությամբ ու դրանց համապատասխան գործելու հանձնառությամբ, մենք կարող ենք կառուցել այնպիսի ապագա, որտեղ ժողովրդավարությունը ոչ միայն խաղաղություն է խոստանում, այլ նաև ապահովում է այն։ Այս համոզմունքը մեզ օր-օրի առաջ է մղում և հույս է տալիս Հայաստանի, Հարավային Կովկասի, ինչպես նաև դրանց սահմաններից դուրս տարածվող համայնքների համար։


pdf

Հաշվետվության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ անցնելով հետեւալ հղումով՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ». ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, 2023-2024ԹԹ.  (PDF, 9.6 Mb)

 


The Sigrid Rausing TrustՀաշվետվությունը հրատարակվել է «Սիգրիդ Րաուզինգ Թրասթ» (Sigrid Rausing Trust) հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ