
2016 թվականի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը, չպարզված հանգամանքներում, ՀՀ ՊՆ 28418 զորամասի ժամկետային պարտադիր զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը (ձախից) և Սուրեն Արթուրի Արամյանը (աջից) ստացած հրազենային մարմնական վնասվածքների հետևանքով տեղում մահացել են։
Սուրեն Արամյանի մահվան դեպքի առթիվ քննվող թիվ 90655516 քրեական գործով վարույթը նախաքննության մարմնի 2018 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը (անձինք) հայտնի չլինելու հիմքով։
Քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից բերված բողոքները դատախազության, այնուհետև ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվել են։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 27-ի որոշման դեմ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի փաստաբանի կողմից բերված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 2023 թվականի հունվարի 31-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
ՀՀ վճռաբեկ դատարանի 2025 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը բեկանվել է և տուժողի իրավահաջորդի բողոքը բավարարվել է։ Որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ տրված դատավարական խախտումների պայմաններում արդյունավետ քննություն չի իրականացվել, ինչը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել ստորադաս դատարանների կողմից։
Թիվ ԵԴ/0561/11/21 գործով կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է վարույթի իրականացման հետ կապված բազմաթիվ թերություններ և վարույթի իրավասու հանրային մասնակցի վրա դրել է Արթուր Գուրգենի Արամյանի իրավունքների՝ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելու պարտականություն։
Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև անդրադարձել է քրեական գործով վարույթի կասեցման և քրեական գործով վարույթի կարճման տարբերակման հարցին։ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է․
« ․․․ քրեական գործով վարույթի կասեցումը և քրեական գործով վարույթի կարճումը տարբեր բովանդակություն կրող և իրավական տարբեր հիմքեր, նշանակություն և հետևանքներ ունեցող ինստիտուտներ են, որոնք անհրաժեշտ է տարբերակել միմյանցից։ Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ի տարբերություն քրեական գործով վարույթի կարճման, ինչն օրենքով նախատեսված հիմքերից գեթ մեկի առկայության դեպքում հանգեցնում է քրեական գործով վարույթի ավարտման, քրեական գործով վարույթը կասեցնելու դեպքում, վարույթը ոչ թե ավարտվում է, այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված ժամանակավորապես ընդմիջվում, ընդ որում՝ եթե վարույթը կասեցվում է այն հիմքով, որ հայտնի չէ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը, ապա քրեական գործով վարույթը կասեցնելուց հետո քննիչն ինչպես անձամբ, այնպես էլ հետաքննության մարմնի միջոցով, միջոցներ է ձեռնարկում որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Մինչդեռ, սույն դեպքում թեև քննիչը կայացրել է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշում, սակայն որոշման պատճառաբանական մասում տվել է քրեական գործով վարույթի կարճմանը բնորոշ ձևակերպումներ, այն է՝ «սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները», ինչն անթույլատրելի է և օբյեկտիվ դիտորդի մոտ կարող է կասկածներ առաջացնել սույն գործով նախաքննության շարունակման հնարավորության կապակցությամբ»։