© 2024. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
2024 թվականի նոյեմբերի 7 և 8-ին «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն և Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնը (DCAF)` «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» (DDF) հետ համագործակցությամբ կազմակերպեցին կլոր սեղան քննարկում՝ գնահատելու Հայաստանում անվտանգության ոլորտի բարեփոխումների ներկա վիճակը և զարգացման ուղղությունները։ Հայաստանի Ազգային ժողովի և Պաշտպանության նախարարության աջակցությամբ անցկացված այս միջոցառումը հարթակ ծառայեց առանցքային շահառուներին՝ այս հարցերի շուրջ կառուցողական քննարկումներ անցկացնելու համար։
Քննարկմանը մասնակցեցին հայկական և միջազգային մի շարք փորձագետներ, որոնք անդրադարձան հետևյալ թեմաներին.
- Անվտանգության ոլորտում խորհրդարանական վերահսկողության և հաշվետվողականության բարձրացումը
- Հետախուզական ծառայությունների վերահսկողությունն ու կառավարումը
- Պաշտպանության և անվտանգության ոլորտում պրոֆեսիոնալիզմի, հաշվետվողականության և բարեվարքության բարձրացումը
- Պաշտպանության ոլորտում գենդերային ներառականության խթանումը
- Զինվորական անձնակազմի բարեկեցության և հոգեկան առողջության բարելավումը
- Մարդու իրավունքների խթանումը անվտանգության ոլորտում
- Անկախ վերահսկողական հաստատությունների հզորացումը
Քննարկումները կենտրոնացած էին ռազմավարական միջամտության կարիք ունեցող ամենահրատապ խնդիրների բացահայտման և համատեղ լուծումներ գտնելու վրա։ Մասնակիցներն համատեղ ջանքերով սահմանեցին առաջնահերթությունները և քննարկեցին, թե ինչպես կարելի է արդյունավետ կերպով դիմագրավել գոյություն ունեցող մարտահրավերներին՝ համագործակցային ջանքերի շնորհիվ։
Մասնակիցները շեշտադրեցին համապարփակ ճանապարհային քարտեզի մշակման կարևորությունը անվտանգության ոլորտի բարեփոխումների համար՝ կենտրոնանալով ներառականության, մասնագիտական կառավարման և հաշվետվողականության վրա, միաժամանակ անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին։
Այս նախաձեռնությունը նշանավոր քայլ էր շահառուների միջև համագործակցության ամրապնդման և ավելի թափանցիկ ու արդյունավետ անվտանգության ոլորտի զարգացման ուղղությամբ։
Միջոցառումն իրականացվեց Ֆրանսիայի Հանրապետության և Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ, ինչն իր հերթին ցուցադրում է Հայաստանի անվտանգության ոլորտի ամրապնդման հավաքական հանձնառությունը՝ հիմք դնելով Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն բարեփոխումների և երկարաժամկետ կայունության ապահովման համար։
Լուսանկարը՝ Էնեաս Էնգստրոմի (DCAF)