ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ

Հոկտեմբերի 26, 2024
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ
© 2024. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Ավելի քան 10 տարի «Խաղաղության երկխոսություն» հկ-ն գործունեություն է ծավալում ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակը բարելավելու ուղղությամբ։ 2015թ.-ից սկսած, կազմակերպության մշտադիտարկող խումբը պարբերական գնահատում է իրականացնում ոլորտում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։ «Խաղաղության երկխոսությունը» նաև ՀՀ կառավարության 2023թ.-ի սեպտեմբերի 28-ին ընդունած 1674-Լ որոշմամբ հաստատված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարման համակարգող խորհրդի կազմում է։ Այս ամենի հետ մեկտեղ, հկ-ն փորձում է բացահայտել պաշտպանական ոլորտում առկա մարտահրավերները և հնարավորինս աջակցում դրանց լուծմանն ուղղված ջանքերին։

Այս հաշվետվությունը, մասնավորապես, ուղղված է ՀՀ կառավարության կողմից նախագծված 2023-2024 թվականների գործողությունների մշտադիտարկմանը՝ թիրախավորելով պաշտպանության ոլորտում կյանքի իրավունքի պաշտպանությունը:

Մշտադիտարկման գործընթացը մշակվել է երկու հիմնական նպատակով.

  • գնահատել կառավարության ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի համապատասխանությունն իր նպատակներին,
  • հասկանալ՝ արդյոք ծրագրում ներառված գործողություններն իրականացվել են ըստ ծրագրի, որոշել այդ գործողությունների ունեցած ներդրումը նախանշված ընդհանուր նպատակներին հասնելու ճանապարհին:

Ըստ 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի՝ կյանքի իրավունքի հետ առնչվող համընդհանուր նպատակը վերջինիս արդունավետ պաշտպանությունն է զինված ուժերում, քրեական դատավարության ընթացքում, իրավապահ մարմինների հետ առնչվելիս, քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրելիս կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման դեպքում։

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

  • Մինչև 2025 թվականի ավարտը ակնկալվում է զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների, այդ թվում կարգապահական և քրեական հանցագործությունների դեպքերի թվի կրճատում առնվազն 15 տոկոսով՝ ըստ 2022 թվականի վիճակագրական տվյալների (ընդգրկված չէ 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի մեջ)։
  • Մինչև 2025 թվականի ավարտը ակնկալվում է զինված ուժերում և քրեակատարողական հաստատություններում ծառայողների և ոչ մարտական պայմաններում ազատությունից զրկված անձանց մահվան դեպքերի թվի կրճատում առնվազն 25 տոկոսով՝ ըստ 2022 թվականի վիճակագրական տվյալների (ընդգրկված չէ 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի մեջ)։

Կառավարությունն առանձնացրել է զինված ուժերում կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված մեկ հիմնական գործողություն՝ ամրապնդել հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը որպես կյանքի իրավունքի պաշտպանության կարևոր բաղադրիչ։ Գործողության իրականացման նպատակով նախատեսվում են հետևյալ քայլերը.

  • մշակել զինվորական կարգապահության կարևորության մասին վեց տեսանյութ և տարածել դրանք զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև ավագ դպրոցներում՝ որպես սոցիալական նշանակության հոլովակներ,
  • զինված ուժերում գործունեություն ծավալող հոգեբան-սպաների 100 տոկոսին ապահովել մասնագիտացված վերապատրաստումներով։

pdfԱմբողջական զեկույցը կարող եք ներբեռնել այստեղ` ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ (pdf, 1.Mb):

 


DDFՀետազոտությունն իրականացվել է «Խաղաղության երկխոսություն» հկ-ի կողմից Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ