ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ

Հոկտեմբերի 14, 2024
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2023-2025թթ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ. ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ
© 2024. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Ավելի քան 10 տարի «Խաղաղության երկխոսություն» հկ-ն գործունեություն է ծավալում ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակը բարելավելու ուղղությամբ։ 2015թ.-ից սկսած, կազմակերպության մշտադիտարկող խումբը պարբերական գնահատում է իրականացնում ոլորտում մարդու իրավունքների կարգավիճակի վերաբերյալ։ «Խաղաղության երկխոսություն» հկ-ն նաև ՀՀ կառավարության 2023թ.-ի սեպտեմբերի 28-ին ընդունած 1674-Լ որոշմամբ հաստատված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարման համակարգող խորհրդի կազմում է։ Կազմակերպությունը, միաժամանակ, բացահայտում է պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները և հնարավորինս աջակցում դրանց լուծմանն ուղղված ջանքերին։

Այս հաշվետվությունը, մասնավորապես, ուղղված է ՀՀ կառավարության կողմից նախագծված 2023-2024 թվականների գործողությունների մշտադիտարկմանը՝ թիրախավորելով պաշտպանության ոլորտում խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելումը։

Մշտադիտարկման գործընթացը մշակվել է երկու հիմնական նպատակներով.

  • գնահատել կառավարության կողմից մշակված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի համապատասխանությունն իր նպատակներին,
  • հասկանալ՝ արդյո՞ք գործողություններն իրականացվել են ըստ ծրագրի, չափել այդ գործողությունների ունեցած ներդրումը նախանշված ընդհանուր նպատակներին հասնելու ճանապարհին:

Ըստ 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի՝ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի կանխարգելման հետ կապված համընդհանուր նպատակը

«Քրեակատարողական հիմնարկներում, զինված ուժերում, հոգեբուժական հաստատություններում, կալանավայրերում և քրեական դատավարության ընթացքում խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ լինելու իրավունքի լիարժեք իրացումն ապահովելն է մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման և անհրաժեշտ գործիքների ու մեխանիզմների ներդրման միջոցով»։
ՀՀ կառավարությունը, մասնավորապես, նախանշել է զինված ուժերում խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի պաշտպանությանն ուղղված հետևյալ գործողությունները.
  • Զինված ուժերում ներդնել խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու միջոցներ` կատարելագործելու խոշտանգման և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ լինելու իրավունքի իրականացումը:
  • Վերապատրաստել զինված ուժերի հրամանատարական կազմին և ռազմական ոստիկանության ծառայողներին՝ վատ վերաբերմունքի արգելքի թեմայով։
  • ՀՀ պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում 1 մասնագետի պաշտոնի անձնագրում սահմանել հոգեբանության բարձրագույն կրթություն ունենալու պարտադիր պայման:
  • Ամրապնդել ՀՀ քննչական կոմիտեի՝ խոշտանգումների քննություն իրականացնող մասնագիտացված ստորաբաժանման կարողությունները:
  • Ընդունել «ֆիզիկական ուժեղ ցավ» և «հոգեկան տառապանք» եզրույթների մեկնաբանման և կիրառման վերաբերյալ ուղեցույցներ՝ միջազգային լավագույն փորձին և չափանիշներին համահունչ։
  • Երևանում և առնվազն 3 մարզերում ստեղծել խոշտանգումից տուժած անձանց աջակցության (իրավական, հոգեբանական, սոցիալական և այլն) կենտրոններ, որոնց միջոցով կբարելավվի խոշտանգումներից տուժած անձանց առողջական վիճակը:

ՀՀ կառավարության կողմից ընդունված 2023-2025 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված գործողությունների համապատասխանությունը գնահատելու համար «Խաղաղության երկխոսություն» հկ-ն մի շարք հարցումներ է հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազությանը, պաշտպանության նախարարությանը և քննչական կոմիտեին։ Բացի այդ, կազմակերպությունը մանրակրկիտ անանուն հարցազրույցներ է անցկացրել նախկին ժամկետային զինծառայողների հետ՝ աշխարհագրական լայն շրջանակ ընդգրկելու համար ներառելով Երևանը և ՀՀ գրեթե բոլոր մարզերը:


pdf

Ամբողջական զեկույցը կարող եք ներբեռնել այստեղ` ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2023-2025թթ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ. ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ (pdf, 1.Mb):


DDF

Հետազոտությունն իրականացվել է «Խաղաղության երկխոսություն» հկ-ի կողմից Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ