© 2024. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
Ավելի քան 10 տարի շարունակ «Խաղաղության երկխոսություն» հկ-ն իր գործունեությունն է ծավալում ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների կարգավիճակը բարելավելու շուրջ։ 2015թ.-ից սկսած, կազմակերպության մշտադիտարկող խումբը ջանասիրաբար գնահատում և վերահսկում է այս կարգավիճակը։ 2024թ.-ի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում «Խաղաղության երկխոսություն» հկ-ի մշտադիտարկող խումբը մի շարք մանրակրկիտ հարցազրույցներ է անցկացրել հայկական բանակում վարժական հավաքների մասնակիցների հետ։ Հարցազրույցի նպատակն էր վարժական հավաքների ընթացքում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ համապարփակ պատկերացումներ կազմել։
Մանրակրկիտ անանուն հարցազրույցներն ընդգրկել են աշխարհագրական լայն շրջան՝ ընդգրկելով Երևանը և ՀՀ գրեթե բոլոր մարզերը, բացառությամբ Արագածոտնի և Արմավիրի մարզերից։ Գործածվել է մանրամասն մշակված մեթոդաբանություն՝ իրականացնելով դեմ առ դեմ հարցազրույցներ նախապես կազմված հարցաշարի կիրառմամբ։ Ընդհանուր թվով 38 հարցվողներ ՀՀ տարբեր մարզերից, քաղաքներից և գյուղերից, ովքեր մասնակից են եղել 2021-2024թվականներին անցկացված վարժական հավաքներին, մասնակցել են հարցազրույցներին։
Ինչպես արդեն նշվել է, նմանատիպ հետազոտություն իրականացվել է կազմակերպության կողմից 2023 թվականին։ Կարևոր է նշել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում վարժական հավաքների ձևաչափը ենթարկվել է փոփոխությունների։ Վերջին երկու տարիներին վարժական հավաքների տևողությունը եղել է 25 օր, մինչդեռ նախկինում դրանք տևում էին 3 ամիս։ Հետևաբար, թե’ 2023, և թե’ 2024 թվականներին իրականացված հարցումներին մասնակցել են այն մարդիկ, ովքեր մասնակցել են և’ եռամսյա, և’ 25-օրյա վարժական հավաքներին։
Իրականացվել են նաև համեմատական վերլուծություններ որոշ հարցերի վերաբերյալ՝ համեմատելով 2023 և 2024 թվականների հարցումների արդյունքները։ Այս համեմատություններն անդրադառնում են վերջին 4 տարիների միտումներին և պայմաններին, բացառապես նախորդ տարվա վրա կենտրոնանալու փոխարեն։
Ամբողջական զեկույցը կարող եք ներբեռնել այստեղ` ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ (1 Mb)
Հետազոտույունը կատարվել է «Խաղաղության երկխոսություն» հկ-ի կողմից Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ