© 2024. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ: ՀԵՂԻՆԱԿ` ՌԻՄԱ ԳԱԼՍՏՅԱՆ
2024 թվականի հուլիսի 29-ից օգոստոսի 3-ը «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն Գյումրիում կազմակերպեց «Գլուխկոտրուկ» ամառային դպրոցը, որի նպատակն էր Հայաստանի Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերից ժամանած 12 երիտասարդների շրջանում զարգացնել ստեղծագործական, վերլուծական կարողությունները և քննադատական մտածողությունը: Մասնակիցների թվում էին նաև 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի հյուսիսային մարզերում ապաստանած ընտանիքների երիտասարդ ներկայացուցիչները: Այս նախաձեռնությունը հանդիսանում է «Contact 3.0» ծրագրի մասը, որը «Խաղաղության երկխոսություն» հկ-ն իրականացնում է OWEN կազմակերպության՝ իր գերմանական գործընկերոջ հետ համագործակցությամբ:
«Գլուխկոտրուկ» ամառային դպրոցը հանդիսանում է «Contact 3.0» ծրագրում ներգրավված գործընկեր Ռիմա Գալստյանի գաղափարը, ով վանաձորցի ակտիվ կամավորների հետ համագործակցությամբ ստեղծեց երիտասարդ մասնակիցների համար այս հարթակը: Ծրագիրը ներառում էր բազմազան բաղադրիչներ՝ խրախուսելով մասնակիցներին կիսվել սեփական փորձով, բարելավել հաղորդակցման հմտությունները և կիրառել կոնֆլիկտների վերլուծության ժամանակակից գործիքներ:
Ամառային դպրոցի ընթացքում կիրառված գործիքներից մեկը «Վերապրումի» թատրոնն էր (Playback Theatre), որը մասնակիցներին հնարավորություն էր տալիս ստեղծագործական և ինտերակտիվ մեթոդներով ուսումնասիրել առաջադրված իրավիճակները տարբեր տեսանկյուններից: Ավելին, կարծրատիպերի և ինքնության վերաբերյալ առանցքային քննարկումներին զուգահեռ, մասնակիցները անցան կոնֆլիկտների վերլուծության հագեցած երկօրյա դասընթաց, որը վարում էր փորձագետ Հայկ Թորոյանը: Այս դասընթացը նպաստեց մասնակիցների վերլուծական և քննադատական մտածողության հմտությունների զարգացմանը՝ ընդլայնելով նրանց պատկերացումները կոնֆլիկտների կարգավորման վերաբերյալ: Թիմային ոգու ամրապնդմանն ուղղված ինտերակտիվ վարժությունները ևս ավելի խորացրին մասնակիցների միջև վստահությունն ու համագործակցությունը:
Հատկանշական է, որ «Խաղաղության երկխոսության» նախորդ ծրագրերին մասնակցած կամավորների ներգրավվածությունը վճռորոշ նշանակություն ունեցավ այս նախաձեռնության հաջողության համար։ Սա ևս մեկ ներդրում էր կազմակերպության ռազմավորությանը՝ երիտասարդներին զորեղացնելու և նրանց գաղափարները կյանքի կոչելու գործում:
Միջոցառումն իրականացվել է «Կոնտակտ 3.0» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.):
«Կոնտակտ 3.0» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով: