ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ 2023թ. ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Նոյեմբերի 09, 2023
ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ 2023թ. ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
© 2023. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Զեկույցը պատրաստվել է
Անի Հարությունյանի կողմից:
Խմբագիր` Վահագն Անտոնյան:

Ներածություն

Հայաստանի Հարապետության զինված ուժեր (ԶՈւ) զորակոչի ընթացքում մարդու իրավունքների իրավիճակը, ինչպես նաև զինվորական ծառայության մասին զորակոչիկների ընկալումներն ուսումնասիրելու նպատակով, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծվել է ՀՀ տարբեր մարզերի իրավապաշտպաններից բաղկացած մշտադիտարկող խումբ։

Խումբը դեռևս 2020թ. ամառային, 2021թ. ձմեռային, 2022թ. ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչի գործընթացին ենթակա քաղաքացիների շրջանում հարցումներ է անցկացրել, որի արդյունքները տեղ են գտել «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի՝ ՄԻՊ ռազմավարության և ԳԾ-ի 2020-2022թթ. պաշտպանական ոլորտի մշտադիտարկման զեկույցներում։

Մշտադիտարկող խումբը 2023թ. հունիսի 26-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ամառային զորակոչի ընթացքում, կրկին հարցումներ է անցկացրել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչի գործընթացին ենթակա քաղաքացիների շրջանում։

Մեթոդաբանություն

Հարցումներն իրականացվել են Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզերում, բացի Արագածոտնի և Արմավիրի մարզերից ։

Հարցազրույցներն անցկացվել են նախապես մշակված մեթոդաբանության հիման վրա կազմված հարցաշարի կիրառմամբ։ Հարցվողների ընտրությունն իրականացվել է ձնակույտի մեթոդով՝ զորակոչիկների կուտակման հիմնական վայրերում։ Հարցումների մեծ մասն անցկացվել է զինկոմիսարիատների շենքերում և բակերում, որոշները՝ զորակոչիկների տներում, հանրային վայրերում և հեռախոսով։

Ներկայացուցչական ընտրանք իրականացնելն անհնար է եղել, քանի որ մշտադիտարկող խմբի անդամներին չէր կարող հասանելի լինել զորակոչվողների ամբողջական ցանկը։

Հարցման մասնակիցներ

Հարցմանը մասնակցել է 18-23 տարեկան 361 քաղաքացի, որոնց մեծ մասը՝

306 հոգի (84,8%), եղել է 18,
42 հոգի (11,6%)՝ 19,
4 հոգի (1,1%)` 20,
7 հոգի (1,9%)` 21,
1 հոգի (0,3)` 22, ևս
1 հոգի (0,3)` 23 տարեկան։

Հարցվածների գերակշիռ մեծամասնությունը՝ 330 հոգի (91,4%), հարցման պահին իմացել է, որ գնալու է ծառայության, 22-ը (6,1%) չի իմացել, իսկ 9-ը (1,9%) ասել է, որ տարկետում է ստանալու։

Նկ. 1. Գնալո՞ւ եք ծառայության, թե՞ տարկետում եք ստանալու։

www.peacedialogue.am

Ընդհանուր վերաբերմունքը ծառայության նկատմամբ

Զինվորական ծառայության նկատմամբ հարցվածների մեծ մասը՝ 245 հոգի (74%), դրական է տրամադրված եղել ծառայությանը, 12-ը (4%)՝ բացասական, իսկ 73-ը (22%)՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական։

Նկ. 2. Դրակա՞ն եք տրամադրված ծառայությանը։

www.peacedialogue.am

Զինվորական ծառայության նկատմամբ տրամադրվածության հետ կապված՝ հարցվածները նաև մեկնաբանություններ են արել, որտեղ մեծամասամբ նշել են, որ ծառայությունն իրենց պարտքն է հայրենիքի առաջ, իմաստ չկա վատ տրամադրվելու, պետք է անցնել դրա միջով, ուզում են ծառայել և չեն ուզում վատ տրամադրվել։ Եղել են նաև պատասխաններ, որ չեն ուզում, բայց ստիպված են ծառայել, սովորական տրամադրություն է և, որ կարոտելու են հարազատներին։

Հարցված զորակոչիկների մեծամասնությունը ծառայության մեջ ամենալավ բանը համարել է հայրենիքի պաշտպանությանը մասնակցելը, այնուհետև՝ նոր ընկերներ, ռազմական ոլորտի գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելը, հետո՝ ինքնուրույն կյանքը, կյանքի փորձը, հիշողությունները։ Որոշները լավ բան չեն տեսել ծառայությունում, իսկ մի մասը՝ չի իմացել։

Բժշկական զննություն

Զորակոչի ընթացքում քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության ընթացակարգերի վերաբերյալ փորձին ծանոթանալու նպատակով՝ մշտադիտարկող խումբը զորակոչիկներին հարցրել է բժշկական զննություն անցնելու, առողջական խնդիրների առկայության և այդ խնդիրները բժիշկներին հաղորդակցելու, բժշկական զննության փաստաթղթերը ստանալու, զննության անցկացման վայրի և վճարումների վերաբերյալ։

Բժշկական հետազոտություն անցած հարցվածների գերակշիռ մեծամասնությունը` 302 հոգի (84%), ասել է, որ իրենց մանրամասն հետազոտել են։ 57 հոգի (16%) նշել է, որ իրենց հետազոտությունը եղել է հապճեպ և մակերեսային, մեկ հոգու մոտ մանրամասն հետազոտել են միայն այն խնդիրը, ինչից ինքը դժգոհել է, իսկ մեկ հարցված չէր անցել բժշկական զննություն։

Նկ. 3. Բժշկական զննություն անցե՞լ եք, մանրամա՞սն են հետազոտել:

www.peacedialogue.am

Բժշկական հետազոտության վայրի հետ կապված՝ հարցվածների կեսից ավելին՝ 197 հոգի (55%), նշել է, որ բժշկական զննությունն անցել է միայն զինկոմիսարիատում, կեսից մի փոքր պակաս՝ 158 հոգի (44%), գնացել է հիվանդանոց կամ նրանց ուղարկել են հիվանդանոց, եւս 2 (0,5%) հոգու ուղարկել են հիվանդանոց, նրանք, սակայն, չեն գնացել։

Հարցվածների կեսից ավելին` 207 հոգի (57%), ասել է, որ առողջական խնդիրներ չունի, 118 հոգի (33%) ունեցել է առողջական խնդիրներ, որոնց մասին տեղեկացրել է բժիշկներին, իսկ 11-ը (3%), ունենալով առողջական խնդիրներ, բժիշկներին չի ասել դրանց մասին։ 25 հոգի (7%) չի պատասխանել հարցին։

Նկ. 4. Առողջական խնդիրներ ունե՞ք, դրանց մասին ասե՞լ եք բժիշկներին:

www.peacedialogue.am

Այն 11 զորակոչիկները, ովքեր բժիշկներին չեն տեղեկացրել իրենց առողջական խնդիրների մասին, կա՛մ չեն բացատրել, թե՝ ինչու, կա՛մ դա արել են մի քանի պատճառով. օրինակ, ոմանք չեն ցանկացել սահմանափակումով ծառայել, որոշներն ամաչել են, մյուսներն անիմաստ են համարել, քանի որ գտել են, որ ուշադրություն չեն դարձնելու։

Հիվանդանոց գնացած 158 զորակոչիկից գրեթե բոլորը՝ 155 հոգի (98%), որևէ վճարում չի կատարել հիվանդանոցում, և միայն 3-ն (2%) է վճարում կատարել հիվանդանոցի դրամարկղում։

Այն հարցին, թե արդյոք բժշկական հետազոտման փաստաթղթերը (ախտորոշում, եզրակացություն) զորակոչիկին տրվել են, և եթե տրվել են, հետազոտությունից հետո երբ են դա արել, հարցվածների մեծ մասը՝ 153 հոգի (42%), նշել է, որ ոչ մի փաստաթուղթ չեն տվել, 64 հոգի (18%) ասել է, որ փաստաթղթերը տրամադրվել են հետազոտությունից հետո երեք օրվա ընթացքում, իսկ 78 հոգու (22%) փաստաթղթերը տրվել են հետազոտությունից հետո երեքից ավելի օրերից անց։

Զորակոչիկներից 33-ը (9%) չի հիշել և նշել է, որ եթե տվել են, ուրեմն ծնողներին են փոխանցել, 26-ի (7%) դեպքում բոլոր փաստաթղթերը հենց հետազոտության օրն են տվել, չորս հոգու (1%) փաստաթղթերն ուղարկել են զինկոմիսարիատ, իսկ 3 հոգի (1%) չի հիշել, թե երբ են տրվել փաստաթղթերը։

Այն 78 (22%) զորակոչիկները, ում բժշկական փաստաթղթերը տրվել են երեքից ավելի օրերի ընթացքում, մանրամասնել են, թե քանի օր է դա տևել։ Այսպես, նրանցից 38-ին (49%) փաստաթղթերը տրվել են 4-ից 10 օրվա ընթացքում, 13-ին (17%)՝ 11-ից 20 օրվա, 17-ին (22%)՝ 21-ից 30 օրվա ընթացքում։ Հինգ հոգի (6%) նշել է, որ բժշկական հետազոտման փաստաթղթերը տրվել են 1 ամսից ավել ժամանակահատվածում, մեկ հոգի (1,3%) դրանք ստացել է 2 ամսվա ընթացքում, ևս մեկ հոգի (1,3%) հստակ չի հիշել, իսկ երեք (4%) զորկոչիկ չի մանրամասնել։

Բժշկական փաստաթղթերը չստացած զորակոչիկների մեծամասնությունը (145 հոգի, 90%), չի պահանջել դրանք, 4 հոգի (2%) չի իմացել, որ ինչ-որ բան պետք է տային, 4 հոգի (2%) պահանջել է, որից հետո բոլոր փաստաթղթերը տրվել են, 1 հոգի (0,6%) պահանջել է, սակայն չի ստացել։ Հարցվածներից մեկը նշել է.

«Շատ դեպքերում չեն լսում, երբ ասում ես, խնդիրներ ունես, արագ գործը անում են՝ առանց ուշադրություն դարձնելու քո վրա»։

Իրազեկվածությունը զինվորական ծառայության վերաբերյալ

Հաշվի առնելով, որ զինվորական ծառայությանը աշակերտների ծանոթացումը սկսվում է «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի շրջանակներում, մշտադիտարկող խումբը զորակոչիկներին հարցրել է՝ արդյոք անցել են ՆԶՊ և, եթե այո, ապա ինչ են սովորել։

Հարցվածների մեծամասնությունը՝ 209 հոգի (58%), դպրոցում անցել է ՆԶՊ առարկան և շատ օգտակար բաներ է սովորել, 131 հոգի (36%) ասել է, որ սովորել է, բայց ոչ մի օգտակար բան չի քաղել, 12-ը (3%) այս առարկան չի անցել դպրոցում, 7-ը (2%) անցել է, բայց չի հիշել, իսկ 2-ը (0,5%) այդ դասերին չի հաճախել։

Նկ. 5. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան անցե՞լ եք, սիրու՞մ եք, ի՞նչ եք սովորել այդ դասի ընթացքում:

www.peacedialogue.am

Այն հարցին, թե արդյոք զորակոչիկները հեռուստացույցով կամ ինտերնետով զինծառայության մասին որևէ տեսանյութ տեսել են, և ինչն է տպավորվել, հարցվածներից 140-ը (39%) նշել է, որ ոչ մի տեսանյութ չի տեսել, 112 հոգի (31%) տեսել է, բայց չի հիշել, թե ինչի մասին էին դրանք, իսկ 108 հոգի (30%) տեսել է և հիշել՝ ինչի մասին էր տեսանյութը։ Զորակոչիկներից մեկը հեռուստացույց չի ունեցել։

Նկ. 6. Հեռուստացույցով կամ ինտերնետով զինծառայության մասին որևէ տեսանյութ տեսե՞լ եք, եթե այո՝ ի՞նչ եք հիշում, ի՞նչն է տպավորվել:

www.peacedialogue.am

Իրազեկվածությունը ԶՈՒ-ում մարդու իրավունքների վերաբերյալ

Հաշվի առնելով, որ Մարդու իրավունքների պաշտպանության 2020-2022թթ. գործողությունների ծրագրով նախատեսված է եղել զինկոմիսարիատներում փակցնել մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկող պաստառներ, մշտադիտարկող խմբի անդամները զորակոչիկներին հարցրել են, թե արդյո՞ք զինկոմիսարիատում տեսել են մարդու իրավունքների վերաբերյալ պաստառներ ։

Հարցվածների մեծ մասը՝ 241 հոգի (67%) զինկոմիսարիատում որևէ նման պաստառ չի տեսել, 64 հոգի (18%) տեսել է, բայց չի կարդացել, 43 հոգի (12%) տեսել և կարդացել է, իսկ 13 հոգի (3%) ուշադիր չի եղել։

Մշտադիտարկող խումբը նաև փորձել է պարզել՝ ըստ զորակոչիկների ծառայության ընթացքում նո՞ւյն իրավունքներն ունեն, ինչ քաղաքացիական կյանքում, թե՞ ոչ, և որոնք են այդ դրանք։

Հարցվածներից 134-ը (37%) չի իմացել, բայց ենթադրել է, որ ավելի քիչ իրավունքներ ունեն ծառայության ընթացքում, քան քաղաքացիական կյանքում, 132-ը (37%) ասել է՝ գիտի, որ ավելի քիչ իրավունքներ կունենան ծառայության ընթացքում, 61 հոգի (17%) ընդհանրապես չի իմացել, իսկ 34 հոգի (9%) նշել է, որ տեղյակ է, որ ծառայության ու քաղաքացիական կյանքում նույն իրավունքներն ունեն։

Նկ. 7. Գիտե՞ք, թե ինչ իրավունքներ պիտի ունենաք ծառայության ժամանակ։ Նո՞ւյն իրավունքները, ինչ հիմա՝ մինչև զինծառայության մեկնելը:

www.peacedialogue.am

Զորակոչիկները նաև մանրամասնել են, թե ըստ իրենց որ իրավունքներն են սահմանափակվում զինվորական ծառայության ընթացքում։ Ամենաշատ ձայներ է հավաքել ազատ տեղաշարժվելու իրավունքը (142 հոգի, 46%), այնուհետև գրեթե հավասար են եղել աշխատանքի իրավունքը՝ 57 հոգի (18%), և անձնական կյանքի իրավունքը՝ 53 հոգի (17%)։

Այն հարցին, թե ծառայության ընթացքում ով է պատասխանատու զինծառայողի կյանքի և առողջության պաշտպանության համար, զորակոչիկների կեսից ավելին՝ 183 հոգի (51%), նշել է իրեն և հրամանատարությանը (ՊՆ, ԳՇ և այլն), 132 հոգի (37%) գտել է, որ բացառապես ինքն է պատասխանատու ծառայության ընթացքում իր կյանքի և առողջության պաշտպանության համար, իսկ 38 հոգի (10%)՝ որ բացառապես հրամանատարությունը։ Ութ զորակոչիկ (2%) չի իմացել։

Նկ. 8. Ծառայության ընթացքում ո՞վ է պատասխանատու Ձեր կյանքի և առողջության պաշտպանության համար:

www.peacedialogue.am

Խոշտանգում և այլ վատ վերաբերմունք

Խոշտանգումների և այլ դաժան ու անմարդկային վերաբերմունքի նկատմամբ զորակոչիկների մոտեցումները պարզելու նպատակով մշտադիտարկող խումբը հարցեր է տվել հրամանատարի և (կամ) այլ զինծառայողի կողմից զորակոչիկին և (կամ) իր ծառակցին հարվածելու, ծաղրելու, հայհոյելու, այլ զինծառայողների պարտականությունները կատարելուն ուղղված հորդորների կամ հարկադրանքի, ինչպես նաև այդ դեպքերում զորակոչիկի անելիքների մասին։

«Հրամանատարն իրավունք ունի՞ հարվածելու զինծառայողին» հարցին ճնշող մեծամասնությունը՝ 296 հոգի (82%), բացասական պատասխան է տվել, 55 հոգի (15%) գտել է, որ որոշ դեպքերում հրամանատարն այդ իրավունքն ունի, 5 հոգի (1,3%)՝ որ ունի, 3 հոգի (1%)՝ որ չունի, բայց բացի երկուսից (1%) բոլորը գիտեն, որ հարվածում են, և ոչ միայն հրամանատարները։

Նկ. 9. Հրամանատարն իրավունք ունի՞ զինծառայողին հարվածելու:

www.peacedialogue.am

Հարցված զորակոչիկները մանրամասնել են, թե ո՞ր դեպքում, ըստ իրենց, հրամանատարն իրավունք ունի հարվածելու զինծառայողներին։ 82-ից 33-ը նշել է անձնական վիրավորանքը, 24-ը՝ հրամանը չկատարելը կամ որևէ այլ սխալ անելը, 10-ը՝ ի պատասխան զինվորի հարվածելու, 8-ը՝ օրենքը խախտելը, 3-ը` առանց պատճառի, ևս 3-ը չի իմացել, իսկ մեկ հոգի նշել է դաստիարակչական նպատակները։

Մշտադիտարկող խումբը նաև հարցրել է՝ ինչ կանի զորակոչիկը, եթե իր ծառայության ընթացքում սպան (վերադասը) և (կամ) այլ զինվոր ծաղրի, հայհոյի, հարվածի կամ ծեծի իր ծառայակից ընկերոջը։

Սպայի (վերադասի) կողմից նման պահվածքի դեպքում զորակոչիկների տված ամենաշատ պատասխանը եղել է՝ «չգիտեմ, կախված իրավիճակից», հետո՝ «հաշիվ կպահանջեմ, «ռազբորկա» կանեմ», այնուհետև՝ «կդիմեմ վերադաս (զորամասի) հրամանատարին» և «ես էլ ի պատասխան կծաղրեմ, կհայհոյեմ, կխփեմ», որոշները ոչինչ չէին անի, կթողնեին՝ կանցներ, իսկ մի քանի հարցվածներ կդիմեին ՌՈ, ՊՆ թեժ գիծ, ընկերներին, ծնողներին, երկու հոգի էլ՝ կխոսեր, կհասկանար։

Մեկ այլ զինվորի կողմից զորակոչիկի ծառայակից ընկերոջը ծաղրելու, հայհոյելու, հարվածելու կամ ծեծելու դեպքում զորակոչիկների տված ամենաշատ պատասխանները եղել են «հաշիվ կպահանջեմ, «ռազբորկա» կանեմ», «չգիտեմ, կախված իրավիճակից», այնուհետև՝ «ես էլ ի պատասխան կծաղրեմ, կհայհոյեմ, կխփեմ», մի մասը ասել է «կդիմեմ հրամանատարին», «կխոսեմ, կհասկանամ», իսկ ոմանք՝ կդիմեին ըներներին ու ծնողներին, ոչինչ չէին անի, կթողնեին անցներ՝ գնար, իսկ երկու հոգի էլ կարծել է, որ նման իրավիճակում չէր հայտնվի։

Մեկ այլ զինվորի կողմից ծաղրելու, հայհոյելու, հարվածելու կամ ծեծելու դեպքում ամենատարածված պատասխանը եղել է հաշիվ պահանջելը։ Ընդ որում, ավելի շատ հաշիվ կպահանջեին, «ռազբորկա» կանեին, եթե մեկ այլ զինվորի կողմից տեղի ունենար ծաղրելը, հայհոյելը, հարվածելը կամ ծեծելը, քան սպայի (վերադասի)։ Միևնույն ժամանակ այս պատասխանը երկրորդ տեղում է սպայի (վերադասի) կողմից նման պահվածքի դեպքում՝ միայն «չգիտեմ, կախված իրավիճակից» պատասխանից հետո։ Այսինքն՝ բարձր ցուցանիշ է նաև սպայի (վերադասի) կողմից ծաղրելու, հայհոյելու, հարվածելու կամ ծեծելու դեպքում։ Մյուս ամենատարածված պատասխանը մեկ այլ զինվորի կողմից նման պահվածքի դեպքում եղել է «Ես էլ ի պատասխան կծաղրեմ, կհայհոյեմ, կխփեմ», որը երկու անգամ ավելին է, քան սպայի (վերադասի) կողմից նույն պահվածքի դեպքում։ Քչերը, բայց ընկերներին ավելի շատ կդիմեին այլ զինվորի կողմից սխալ պահվածքի դեպքում, իսկ ծնողներին՝ սպայի (վերադասի) կողմից։ Իսկ ՌՈ, ՊՆ թեժ գիծ, ՄԻՊ թեժ գիծ ոչ միայն քչերը կդիմեին, այլ նաև միայն սպայի (վերադասի) պահվածքի հետ կապված կդիմեին, այլ ոչ թե մեկ այլ զինվորի։

Քչերը նաև ոչինչ չէին անի, սակայն սպայի (վերադասի) դեպքում ավելի շատ թվով հարցվողները ոչինչ չէին անի, քան մեկ այլ զինվորի պահվածքի դեպքում։ Միևնույն ժամանակ, ավելի շատ կխոսեին, կհասկանային մեկ այլ զինվորի, քան թե սպայի (վերադասի) նման պահվածքի դեպքում։

Հարցին, թե ինչ կանի զորամասում ինքնազգացողությունը վատանալու դեպքում, հարցվածների գերակշիռ մեծամասնությունը` 255 հոգի (71%), ասել է, որ կդիմի զորամասի բժիշկին, 65 հոգի (18%) նշել է, որ կախված է նրանից, թե ինչքան վատ կլինեն, 63 հոգին (17%) կտեղեկացներ հրամանատարին, 13-ը (4%) ոչինչ չէր անի, 11-ը (3%) կտեղեկացներ ծնողներին, իսկ մեկ զորակոչիկ (0,3%) կդիմեր ծառայակից ընկերներին։

Նկ. 10. Եթե զորամասում վատ զգաք Ձեզ (տաքություն, փորացավ, հազ, այլ ցավեր և այլն) ի՞նչ կանեք, ո՞ւմ կդիմեք:

www.peacedialogue.am

Այն հարցին, թե ինչ կանի զորակոչիկը, եթե իրեն ծառայության ժամանակ համոզեն կամ ստիպեն կատարել այլ զինվորների պարտականությունները, գերակշռող մեծամասնությունը՝ 211 հոգի (58%), ասել է, որ կտրուկ կհրաժարվի, 91 հոգին (25%) կգործի իրավիճակից կախված, 67 հոգի (19%) հաշիվ կպահանջի, 7-ը (2%) կհամաձայնվի ու կանի, 6-ը (2%) կդիմի (վերադաս) հրամանատարին, 3-ը (1%) կդիմի ընկերներին, իսկ երեք (1%) այլ հարցված կդիմի ծնողներին։

Զորամասում ազատ ժամանակի անցկացում

Այն հարցին, թե ծառայության ընթացքում ազատ ժամանակ զորամասում ինչով կզբաղվեն, ամենատարածված պատասխանը եղել է ընկերների հետ շփվելը, այնուհետև՝ սպորտով զբաղվելը, հետո՝ կախված առկա հնարավորություններից, գիրք կարդալը, ինտերնետից օգտվելը։ Մի քանի հոգի ասել է, որ ոչինչ չի անի, կծխի, օղի կխմի և մարիխուաննա կծխի, հեռախոսով կխոսի, նկարչությամբ կզբաղվի։ Միայն մեկական հոգի ասել է, որ մաքրությամբ ու հիգիենայով կզբաղվի և կհանգստանա։

ԶՈւ մարդու իրավունքների խախտումների բողոքարկում

Մշտադիտարկող խումբը նաև պարզել է, թե զորակոչիկները որքանով են տեղյակ, թե որ պետական մարմիններին կարող են դիմել իրենց կամ ծառայակիցների իրավունքների խախտման դեպքում, ինչպես նաև՝ արդյոք կդիմե՞ն այդ մարմիններին, թե՞ ոչ, իսկ բացասական պատասխանի դեպքում՝ ինչու։

Հարցված զորակոչիկների կեսը՝ 179 հոգի (50%), չի իմացել, թե ինչ պետական մարմնի կարող է դիմել իր կամ ծառայակցի իրավունքների խախտման դեպքում, 80 հոգի (22%) գիտի, բայց ոչ-ոքի չի դիմի, 48-ը (13%) վստահ է, որ պետական մարմինները չեն օգնելու, իմաստ չկա դիմելու, իսկ 54-ը (15%) գիտի և կդիմի։

Նկ. 11. Գիտե՞ք, թե ինչ պետական մարմինների կարող եք դիմել, եթե Ձեր կամ Ձեր ընկերների իրավունքները հրամանատարներներից որեւէ մեկը կամ ծառայակիցները խախտեն:

www.peacedialogue.am

Այն 54 զորակոչիկները, ովքեր գիտեին և կդիմեին պետական մարմիններին իրենց կամ ծառայակիցների իրավունքների խախտման դեպքում, թվարկել են այդ մարմինները։ Ամենաշատը կդիմեին ՊՆ թեժ գիծ, ՌՈ ու հրամանատարությանը (վերադասին)։ Այնուհետև՝ ավելի քիչ, բայց կդիմեն իրավաբանի ու բարեկամներին, իսկ ոմանք իրենք կլուծեն, կորոշեն կախված իրավիճակից, կդիմեն ՄԻՊ։

Այն 80 զորակոչիկները, ովքեր ասել են, որ գիտեն, բայց չեն դիմի որևէ պետական մարմնի, բացատրել են, թե ինչու։ Մեծամասնությունը նշել է, որ իր հարցերն ինքնուրույն կլուծի, մի մասը գտել է, որ տղամարդուն հարիր չէ, կորոշի իրավիճակից կախված, իսկ ոմանք չեն դիմի, որպեսզի խուսափեն խնդիրներից, չեն ցանկանում կամ չգիտեն։

Ամփոփում

2023թ. ամառային զորակոչի ընթացքում 361 զորակոչիկների հետ անցկացրած հարցազրույցների արդյունքում մշտադիտարկող խումբը պարզել է, որ նրանք ավելի շատ դրական են վերաբերվում զինվորական ծառայությանը, քան՝ բացասական։ Մեծամասնությունը համարել է, որ դա հայրենիքի առջև իր պարտքն է և, որ հայրենիքի պաշտպանությանը մասնակցելն է զինծառայության ամենալավ բանը։

Զորակոչիկների մեծամասնությունը բժշկական հետազոտությունը համարել է մանրակրկիտ, չնայած եղել են նաև հապճեպ և մակերեսային զննություններ։ Նրանց կեսը բժշկական զննությունն անցել է միայն զինկոմիսարիատում, իսկ մյուս կեսը՝ զինկոմիսարիատում եւ հիվանդանոցում։ Զորակոչիկները հիմնականում նշել են, որ առողջական խնդիրներ չունեն, բայց շատերն այդպիսի խնդիրներ ունեցել եւ այդ մասին տեղեկացրել են բժիշկներին։ Առողջական խնդիրների մասին չեն տեղեկացրել սահմանափակումով ծառայել չցանկանալու, ամաչելու և անիմաստ համարելու պատճառով։ Գրեթե բոլոր հարցվածները հիվանդանոցում որևէ վճարում են կատարել։ Զորակոչիկների գրեթե կեսին բժշկական հետազոտման փաստաթղթերը չեն տրվել, իսկ մյուսներին տրամադրվել են երեք օրվա, կամ մի փոքր ավել զորակոչիկների դեպքում՝ երեք օրից ավել ժամանակահատվածում, և փոքրամասնությանը փաստաթղթերը տրվել են նույն օրը։ Գերակշիռ մեծամասնությունը չի պահանջել դրանք։

Ինչ վերաբերում է զինվորական ծառայության մասին իրազեկվածությանը, ապա զորակոչիկների կեսից ավելին դպրոցում անցել է ՆԶՊ առարկան և օգտակար է համարել, շատերը, սակայն, այն օգտակար չեն համարել։ Ավելի շատ զորակոչիկներ հեռուստացույցով կամ ինտերնետով չեն դիտել զինծառայության մասին տեսանյութեր։ Գրեթե նույն քանակությամբ էլ տեսել, բայց չեն հիշել, և տեսել ու հիշել են՝ ինչի մասին է եղել տեսանյութը։ Մեծամասնությունը մարդու իրավունքների վերաբերյալ պաստառներ չի նկատել զինկոմիսարիատներում։ Շատերը նկատել են, բայց չեն կարդացել, և դրանից մի փոքր քիչը նկատել և կարդացել է։

Զինվորական ծառայության ընթացքում մարդու իրավունքների իրազեկվածության առումով․ զորակոչիկների մեծ մասը չի իմացել նո՞ւյն իրավունքներն ունեն ծառայության ընթացքում, ինչ քաղաքացիական կյանքում, թե՞ տարբեր, բայց ենթադրել են, որ ավելի քիչ են իրավունքները ծառայության ընթացքում։ Փոքրամասնությունը գտել է, որ իրավունքները նույնն են։ Ըստ հարցվածների՝ ամենաշատը սահմանափակվում է ազատ տեղաշարժվելու իրավունքը, այնուհետև՝ աշխատանքի և անձնական կյանքի իրավունքը։ Ըստ զորակոչիկների՝ ծառայության ընթացքում բացառապես իրենք կամ իրենք ու հրամանատարությունն են պատասխանատու իրենց կյանքի և առողջության պաշտպանության համար։

Խոշտանգման և այլ վատ վերաբերմունքի հետ կապված՝ ճնշող մեծամասնությունն ասել է, որ հրամանատարն իրավունք չունի հարվածելու զինծառայողին։ Մյուսները կարծել են, որ որոշ դեպքերում, օրինակ՝ անձնական վիրավորանքի, հրամանը չկատարելու, ի պատասխան զինվորի հարվածելու, օրենքը խախտելու կամ դաստիարակչական նպատակով, նման իրավունք հրամանատարն ունի։ Սպայի (վերադասի) կամ այլ զինվորի կողմից ծաղրի, հայհոյելու, հարվածելու կամ ծեծի դեպքում հարցվածների մեծամասնությունը կա՛մ չի իմացել ինչ կանի, կա՛մ նախընտրել է հաշիվ պահանջել։ Զորամասում վատ զգալու դեպքում ճնշող մեծամասնությունը կդիմի զորամասի բժիշկին, իսկ մյուսները կգործեին ըստ իրավիճակի կամ կտեղեկացնեին հրամանատարին։ Մեծամասնությունը նաև կտրուկ կհրաժարվեր կատարել այլ զինծառայողների պարտականությունները, շատերն, անգամ, նման հորդորների կամ հարկադրանքի դեպքում հաշիվ կպահանջեին։

Ինչ վերաբերում է մարդու իրավունքների խախտումների դեպքում բողոքարկման մեխանիզմներին, ապա զորակոչիկների կեսը չի իմացել, թե ինչ պատկան մարմնի կարող է դիմել, մյուսներն իմացել են, բայց չէին դիմի, որովհետև իմաստ չեն գտնում, կամ իմացել են ու կդիմեն։ Դիմողներն ամենաշատը նշել են ՊՆ թեժ գիծը, ՌՈ-ն ու հրամանատարությանը (վերադասին)։


pdfԱմբողջական զեկույցը էլեկտրոնային տարբերակով կարող եք ներբեռնել այստեղ` Զորակոչիկների շրջանում 2023թ. ամառային զորակոչի ընթացքում իրականացված հարցումների արդյունքները (PDF,4 Mb)


BSTՈւսումնասիրությունն իրականացվել է German Marshall հիմնադրամի ներքո գործող տարածաշրջանային համագործակցության Black Sea Trust ծրագրի ֆինանսավորմամբ: