© 2023. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` SILVIA MORALEJA: ԱՂԲՅՈՒՐԸ` ISTOCK
2023թ-ի սեպտեմբերի 19-ին, ժամը 13։22-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց Լեռնային Ղարաբաղում այսպես կոչված հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին։ Այս պահին Շուշի քաղաքից ռմբակոծվում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից խաղաղ բնակչության ահաբեկչական գործողությունը տրամաբանական շարունակությունն է 2022 դեկտեմբերից Լաչինի միջանցքի բլոկադայի, որը նպատակ ունի էթնիկ զտման ենթարկել ԼՂ-ն, որը միջազգային բոլոր նորմերով հանդիսանում է ցեղասպանություն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ռուս «խաղաղապահ ուժերի » հրամանատարությունն ու ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը տեղեկացված են Ադրբեջանի գործողություններից։
Խաղաղ բնակչության դեմ լայնածավալ ռազմական հարձակումը տեղի է ունենում ռուս խաղաղապահների տեղեկացվածությամբ և փաստացի անգործության պայմաններում, ի հակադրություն 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որով պարտավոր է կանխել հրադադարի ռեժիմի ցանկացած խախտում։
Սույն հայտարարությամբ դիմում ենք բոլոր միջազգային կառույցներին, կազմակերպություններին ու պետություններին, որոնց համար որևէ նշանակություն ունի մարդու իրավունքները և մարդու անվտանգությունը․ Ո՛չ միայն դատապարտել Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից իրականացվող հրեշավոր գործողությունը, այլև՛ հստակ քայլեր ձեռնարկել՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը։
Սույն հայտարարությունը SOS ազդանշան է ՝ հրատապ գործողություններ իրականացնելու ակնկալիքով։
Ստորագրյալ կազմակերպություններ՝
- Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
- Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
- «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
- Կանանց ռեսուրսային կենտրոն
- Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
- Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների
- Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
- Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
- Հանուն հավասար իրավունքների ՀԿ
- Հոդված 3 ակումբ