© 2023. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` AJIJCHAN: ԱՂԲՅՈՒՐԸ` ISTOCK
Ս․թ․ օգոստոսի 22-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից e-draft.am հարթակում հրապարակվել է «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ)։ Սույն Նախագծով նախատեսվում է ՀՀ հանրային խորհրդին կից ստեղծել Փաստահավաք հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի 1991թ․սեպտեմբերի 21-ից մինչև 2022թ․ ներառյալ ժամանակահատվածի իրադարձությունների և դեպքերի շրջանակում կամ դրանց հետևանքով տեղի ունեցած մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումները, նպաստի հնարավոր խախտումների կանխարգելմանը, կրկնության բացառմանը, հասարակության սոցիալական վերափոխմանը, սոցիալական արդարության վերականգնմանը, հաշտեցմանը, խախտումներից և իրադարձություններից տուժած կամ դրանց բացասական հետևանքները այլ կերպ կրած անձանց իրավունքների ճանաչմանը, վերականգնմանը և պաշտպանությանը:
Սույն կարծիքը մշակած քաղաքացիական հասարակության կազմակերպություններն անընդունելի են համարում նման կարգավիճակով և լիազորություններով Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման գաղափարը և հորդորում Արդարադատության նախարարությանը շրջանառությունից ամբողջությամբ հանել տվյալ Նախագիծը։
Մեր պատկերացմամբ այն ամբողջությամբ հեղինակազրկում է մարդու իրավունքների համակարգային խախտումների շուրջ ճշմարտության բացահայտման և անցումային արդարադատություն իրականացնելու գաղափարը, որը դրվել էր հետհեղափոխական շրջանում մշակված ռազմավարական փաստաթղթերի հիմքում։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության դատա-իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության «Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդում» վերտառությամբ գլխով նախատեսում էր նոր անկախ, ինքնավար մարմնի՝ Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը։ Դրանից հետո՝ հետպատերազմական շրջանում, գործադիրի կողմից քննարկման դրվեց նման Հանձնաժողովը Մարդու իրավունքների պաշտպանին կից ստեղծելու գաղափարը, իսկ հիմա արդեն նախագիծ է մշակվել իջեցնելու հանձնաժողովի մանդատը Հանրային խորհրդի մակարդակին, որն անընդունելի է ստորև ներկայացված պատճառներով․
Ա․ Փաստահավաք հանձնաժողովի առաջարկվող մոդելը չի ունենա անհրաժեշտ հանրային հեղինակությունը, որպեսզի իր հետ համագործակցեն և իր գործունեությանն աջակցեն տուժածների խմբերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու հասարակական գործիչները։
Հանձնաժողովի ստեղծումը նախատեսվում է Հանրային խորհրդին կից, որը ինքնին չի վայելում հանրության լայն շրջանակների վստահությունը, և բազմաթիվ մասնագետների գնահատմամբ անարդյունավետ կառույց է։ Միչդեռ, այլ պետություններում Փաստահավաք հանձնաժողովների կամ Ճշմարտության հանձնաժողովների հիմնական ուժը բխում է հենց հանձնաժողովի անդամների անձնական և հասարակական դիրքից և անցած հետագծից։ Այսինքն, այս մոդելով նույնիսկ ամենաբարձր հատկանիշներով օժտված անձանց Հանձնաժողովում ընդգրկվելու դեպքում Հանձնաժողովը չի ունենա անհրաժեշտ հանրային աջակցությունը, քանի որ միշտ ասոցացվելու է Հանրային խորհրդի հետ։
Բ․ Փաստահավաք հանձնաժողովի առաջարկվող մոդելը չունի անկախության անհրաժեշտ երաշխիքները իր գործունեության անաչառության և օբյեկտիվության ապահովման համար։
Նմանատիպ մարմինների ձևավորման հարցում առաջնային կարևորություն ունեն Հանձնաժողովի անդամների ընտրության մեխանիզմը։ Միայն մասնակցային և օբյեկտիվ մեխանիզմներով հանձնաժողովի անդամների ընտրությունը և նման երաշխիքները կապահովեն ճշմարտության հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը և հանրային վստահությունը։ Այդ իսկ պատճառով, այլ պետություններում նման հանձնաժողովների անդամները ընտրվում են օրենսդիր մարմինների կողմից, իսկ թեկնածուների ցանկի ձևավորմանը մասնակցում են բազմաթիվ ինստիտուտներ, մասնագիտական համայնքներ, զոհերի խմբեր և այլն։ Հանձնաժողովի ձևավորման մեխանիզմները պետք է լինեն այնպիսին, որ երաշխավորեն հանձնաժողովի անկախությունը քաղաքական կուսակցություններից և գործող իշխանությունից, ինչպես նաև ազդեցիկ գործարարներից, կորպորացիաներից և այլ պետություններից։ Ընդ որում, կարևոր կլինի նաև ընտրված թեկնածուների բարեվարքության ստուգում անցկացնել բացառելու համար Հանձնաժողովի անդամների շրջանում հնարավոր շահերի բախումը։
Ելնելով վերոգրյալից՝ անընդունելի է Նախագծով առաջարկվող Հանձնաժողովի ձևավորման մոդելը։ Նման Հանձնաժողովը անկախ չի լինի, քանի որ իր անդամների ընտրությունը (Համաձայն Նախագծի՝ «Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգը» վերտառությամբ 11․10-րդ հոդվածի), իր եզրափակիչ զեկույցի հաստատումը (համաձայն Նախագծի՝ 5-րդ հոդվածի), ամենօրյա աշխատանքների կազմակերպումն ամբողջությամբ կախված են Հանրային խորհրդից (համաձայն Նախագծի 11․2-րդ հոդվածի)։ Մինչդեռ Հանրային խորհուրդը ձևավորվում է մեծամասամբ կառավարության կողմից, իսկ Հանրային խորհրդի նախագահը առաջադրվում է ուղիղ վարչապետի կողմից։ Այսինքն, Հանրային խորհուրդն հենց ինքը չունի գործող իշխանությունից և գործադիրից անկախ աշխատելու երաշխիքներ, որպեսզի իր հերթին ապահովի Փաստահավաք հանձնաժողովի անկախությունն ու պաշտպանությունը քաղաքական ուժերի միջամտությունից։
Ոչ պակաս կարևոր է Հանձնաժողովի գործունեության ֆինանսական անկախությունը։ Սակայն Նախագիծը չի նախատեսում առանձին ֆինանսավորում Հանձնաժողովի անդամների աշխատանքi փոխհատուցման, փաստահավաք աշխատանքները ֆինանսավորելու նպատակով։ Ավելին, Նախագծով ամրագրվում է, որ Փաստահավաք հանձնաժողովի գործունեությունը հիմնված է կամավորության սկզբունքի վրա։ Մինչդեռ, անհրաժեշտ է բավարար վարձատրել Հանձնաժողովի անդամներին, որպեսզի նրանք ողջ նվիրումով, լիարժեք և անաչառ կերպով իրականացնեն իրենց առջև դրված խնդիրը։
Գ․ Փաստահավաք հանձնաժողովի առաջարկվող մոդելը չունի անհրաժեշտ մանդատ, որպեսզի արդյունավետ կերպով իրագործի իր առջև դրված խնդիրները։
Հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի ապահովման տեսանկյունից խիստ կարևոր է, որ Հանձնաժողովի անդամները հասանելիություն ունենան պետական, ծառայողական, առևտրային գաղտնիք համարվող տեղեկություններին։ Այսպես օրինակ՝ ոչ մարտական պայմաններում զինծառայողների սպանության դեպքերի քննությունը անխուսափելիորեն առնչվում է պետական գաղտնիք կազմող տեղեկություններին (ինչը և նախատեսված է Նախագծի 11․9-րդ հոդվածով)։ Սակայն, լինելով Հանրային խորհրդին կից կառույց, Հանձնաժողովը չի ունենա հեղինակության և աջակցության այն աստիճանը, որպեսզի պետական և տեղական ինքնակառավարման մարմինները համագործակցեն իրենց հետ և տրամադրեն օրենքով պահպանվող տեղեկությունները։ Նախագիծը չի սահմանում նաև մեխանիզմներ այն դեպքերի համար, երբ նման տեղեկությունների տրամադրումը Հանձնաժողովին մերժվի։
Նախագծով չեն սահմանվում առանձին երաշխիքներ Հանձնաժողովի անդամների և աշխատակազմի, ինչպես նաև հավաքագրվող տեղեկատվության պաշտպանության և պահպանման համար, մինչդեռ դրանք անհրաժեշտ են իրենց գործունեության պաշտպանության համար։
Ավելին, Նախագիծը չի նախատեսում առանձին ընթացակարգ Հանձնաժողովի վերջնական զեկույցի տեսանելիության ապահովման և հանրային քննարկումների կազմակերպման ուղղությամբ։ Մինչդեռ եզրափակիչ զեկույցը Հանձնաժողովի բազմամյա աշխատանքի վերջնարդյունքն է, որն ամփոփում է մարդու իրավունքների խախտումները, դրանց պատճառները, առաջարկում լուծումներ և համակարգային բարեփոխումներ։ Նման մասշտաբի և կարևորության զեկույցի համար առնվազն խորհրդարանական լսումների կազմակերպման անհրաժեշտություն կա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կամ Գլխավոր դատախազի տարեկան հաղորդման քննարկման նմանությամբ։
Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք Արդարադատության նախարարությանը շրջանառությունից ամբողջությամբ հանել տվյալ Նախագիծը և սկսել նոր հանրային քննարկումներ անցումային արդարադատության հայեցակարգի և, մասնավորապես, Փաստահավաք հանձնաժողով ստեղծելու հայեցակարգի շուրջ։
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի- Վանաձորի գրասենյակ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների
Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Հանուն հավասար իրավունքների ՀԿ
Հանրային լրագրության ակումբ ՀԿ
Խաղաղության երկխոսություն ՀԿ