ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՎԱԾ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԵՏԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Օգոստոսի 15, 2023
Հայրենադարձված ռազմագերիների իրավունքների պաշտպանությանն ուղղված առաջարկների վերաբերյալ պետական գերատեսչությունների արձագանքը
© 2023. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

2023թ.-ի հունիսի 10-ին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հրապարակել էր «Նախկին ռազմագերիների իրավական կարգավիճակը ՀՀ-ում» խորագիրը կրող ամփոփ զեկույցը: Փաստաթղթում ներկայացվել են այն միջազգային իրավական ակտերը, որոնցով անհրաժեշտ է ղեկավարվել նախկին ռազմագերիների վերաբերյալ իրավակարգավորումներ սահմանելիս՝ այդ խմբի իրավունքներն ապահովելու նպատակով: Զեկույցում կազմակերպությունը ներկայացրել էր շուրջ տաս կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ, որն ուղարկվել էր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, պաշտպանության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի և արդարադատության նախարարություններ, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի, անվտանգության խորհրդի և միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակներ:

pdfԶեկույցում տեղ գտած առաջարկությունները PDF տարբերակով կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ:

Վերոնշյալ կառույցներին խնդրել էինք տրամադրել իրենց գործառույթներին առնչվող առաջարկների վերաբերյալ եզրակացություն՝ հայրենադարձված նախկին ռազմագերիների իրավունքների պաշտպանությանն ուղղված առաջիկա համատեղ արդյունավետ քայլեր մշակելու նպատակով:

Ստորև ներկայացնում ենք կառույցների արձագանքը:

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

pdfԳլխավոր դատախազությունը 2023թ. հունիսի 22-ին մուտքագրված կազմակերպության գրությանն ի պատասխան նշել է, որ ընդունել է զեկույցն ի գիտություն և փաստաթղթի վերաբերյալ առաջարկություններ չունի:


ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

pdfԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից նույնպես հայտնել են, որ զեկույցի վերաբերյալ նախարարությունը առաջարկություններ և դիտողություններ չունի:


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

pdfԱրդարադատության նախարարությունից հայտնել են, որ տեղ գտած առաջարկները դուրս են գերատեսչության իրավասության շրջանակից:


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

pdfՈղջունելի համարելով նմանատիպ զեկույցի հրապարակումը և ընդգծելով վերջինիս մեջ բարձրացված խնդիրների կարևորությունը՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից այնուամենայնիվ հայտնել են, որ զեկույցում տեղ գտած առաջարկները դուրս են կառույցի լիազորությունների շրջանակից: Բացի այդ, կառույցից հայտնել են, որ զեկույցը փոխանցվել է գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով՝ ի գիտություն:


ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

pdfՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից նույնպես տեղեկացրել են, որ առաջարկությունները դուրս են կառույցի իրավասությունների շրջանակից՝ միառժամանակ նշելով, որ հարցմամբ նշված զեկույցի վերաբերյալ անվտանգության խորհրդի գրասենյակը կարևորում է ՀՀ պաշտպանության նախարարության դիրքորոշումը:


ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

pdfԻ պատասխան «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված գրության՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հետևյալ դիրքորոշումը.

«Զեկույցը համապատասխան փաստաթղթերի, օրենքների, իրավակարգավորումների, կոնվենցիաների ուսումնասիրությունների հիման վրա իրականացված համապարփակ վերլուծություն է, որում ներառված է նաև նախկին ռազմագերիների կարգավիճակի առնչությամբ օտարերկրյա պետությունների փորձը և իրավական դաշտը։»

Գերատեսչությունում ընդգծել են, որ վերլուծության մեջ ներկայացված առաջարկություններն արժեքավոր են, հիմնավորված և որ առաջարկները հաշվի կառնվեն ՀՀ-ում օրենսդրական բացերը լրացնելու նպատակով փոփոխությունների իրականացման ընթացքում:

Պաշտպանական գերատեսչությունից մասնավորապես հայտնել են, որ.

ա.      Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի 2021 թվականի № հրամանի՝ գերությունից վերադառնալուց հետո զինծառայողները պարտադիր անցնում են առողջական վիճակի հետազոտում, անհրաժեշտության դեպքում բուժում, և եթե ենթադրվում է զինծառայողի պիտանիության աստիճանի փոփոխություն՝ իրականացվում է ռազմաբժշկական փորձաքննություն:

բ.        Գերությունից վերադարձած և զինվորական ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողների՝ յուրաքանչյուր դեպքում մարտական հերթապահության ընդգրկելու նպատակահարմարության վերաբերյալ որոշումը կայացվում է վերջիններիս հոգեբանական (հոգեֆիզիոլոգիական) վիճակի գնահատմամբ:

գ.      Գերությունից վերադարձած զինծառայողների հիվանդությունների կամ վնասվածքների՝ գերության ընթացքում ստանալու կամ ձեռք բերելու պատճառական կապը հաստատելու վերաբերյալ առաջարկի կապակցությամբ, նախարարությունից հայտնել են, որ մեծ ժամանակահատված անցած լինելու դեպքում այն իրականացնելը գրեթե իրատեսական չէ։ Միաժամանակ, զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության արդյունքներով կայացվող եզրակացությունների շրջանակներում պարտադիր է ստացած վնասվածքի կամ ձեռք բերած հիվանդության՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապի որոշումը՝ համաձայն ՀՀ կառավարության 12.04.2018թ. թիվ 405-Ն որոշման պահանջների:

դ.      Գերության մեջ գտնված և վերադարձած զինծառայողի համար ամբողջ կյանքի ընթացքում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունքի հարցը անհրաժեշտ է քննարկել այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, քանի որ վերջինիս զորացրվելուց հետո նրա բժշկական սպասարկումը ՊՆ տիրույթում չէ և պետք է իրականացվի քաղաքացիական հիվանդանոցներում: Միևնույն ժամանակ, նախարարությունը նչել է, որ

«… անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք միայն այն դեպքում պետք է սահմանել, երբ զինծառայողի կողմից գերության մեջ գտնվելու փաստի կապակցությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում հիմնավորվել է, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի՝ զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու և (կամ) կամովին գերի հանձնվելու հետևանք չէ, կամ եթե առկա չէ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի (Հանցավոր գործողությունները գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից) հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթ և հաստատվել է, որ ստացած վնասվածքը (խեղումը) կամ ձեռք բերած հիվանդությունը գերության արդյունք է:»

ե.       Նախարարությունը իր համաձայնությունն է հայտնել գերությունից վերադարձած, ինչպես նաև խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու այլ դեպքերում բժշկական փորձաքննությունը Ստամբուլյան արձանագրության դրույթներին համապատասխան իրականացնելու համար ներգրավվող մասնագետների վերապատրաստումների ու դասընթացների անցկացման առաջարկի հետ: Նախարարությունից հայտնել են, որ շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համատեղ նման վերապատրաստումների ու դասընթացների կազմակերպումը նույնպես նպատակահարմար է՝ հավելելով, որ նշվածով նաև կապահովվի պետության պոզիտիվ պարտականությունը խոշտանգման և վատ վերաբերմունքի զոհերի նկատմամբ:


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

pdfԱնրադառնալով «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից նախկին ռազմագերիների իրավունքների պաշտպանությանն ուղղված առաջարկություններին ՀՀ առողջապահության նախարարությունից մասնավորապես հայտնել են.

ա.      Զեկույցի՝ «Նախկին ռազմագերիների առողջության պահպանման իրավունքը» բաժնի առաջին պարբերության` «ՀՀ օրենսդրությամբ ամրագրված չէ նախկին ռազմագերիների իրավական կարգավիճակը, իրավունքներն ու պարտականությունները, առկա չէ նաև կարգավորում՝ համաձայն որի նախկին ռազմագերիները հնարավորություն կունենային անվճար բժշկական օգնություն ստանալու» վերաբերյալ նախարարությունից հայտնել են, որ Կառավարության 30.03.2006թ. N 420-Ն որոշման հավելված 1-ով հաստատված առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգի 6-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի (այդ թվում Զեկույցում նշված հայրենադարձված ռազմագերին) պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություններ է ստանում այն ԱԱՊ բժշկական հաստատության ԱԱՊ բժշկի մոտ, որին կամավոր ընտրել է և ում մոտ սահմանված կարգով գրանցվել է: Պետական պատվերի շրջանակներում ԱԱՊ բժշկական հաստատություններում մատուցվող ծառայությունների ծավալները, այդ թվում` ըստ բժշկական ցուցումների ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ նեղ մասնագիտական խորհրդատվությունները (ակնաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի, սրտաբանի, նյարդաբանի, վիրաբույժի) և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ցանկը հաստատված են Առողջապահության նախարարի 13.06.2022թ. N 40-Ն հրամանի հավելվածով հաստատված չափորոշչով:

բ.       «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, օրենսդրությամբ նախատեսված կարգով և դեպքերում պետությունը յուրաքանչյուր հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար երաշխավորում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում անհետաձգելի հոգեբուժական օգնությունը և սպասարկումը, ինչպես նաև հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնությունը և սպասարկումը:

գ.      Ըստ նախարարության, զեկույցում բերված հետևյալ ձևակերպումը. «…Կարգում լրացում կատարելու միջոցով, մինչդեռ, հնարավոր է ապահովել նաև նախկին ռազմագերիների անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունքը…» հստակեցման կարիք ունի, քանի որ հասկանալի չէ, թե որ կարգին է վերաբերում առաջարկը: Նույն բաժնի «…Հնարավոր են իրավիճակներ, երբ զինծառայողը գերության ընթացքում ստանա վնասվածք, սակայն չճանաչվի հաշմանդամ և ծառայությունից արձակվի այլ հիմքով, որի պարագայում չի կարող անվճար բժշկական օգնությունից օգտվել վերը նշված 10-րդ կետի հիմքով…» ձևակերպումը նույնպես հասկանալի չէ ըստ գերատեսչության պատասխանատուների, քանի որ Կառավարության 04.03.2004թ. N 318-Ն որոշման հավելված 1-ով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում 19-րդ կետով ընդգրկված են զինծառայության ընթացքում ստացած վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված այն անձինք, ովքեր ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից կազմված ծառայությունների անհատական ծրագրի շրջանակներում):

դ.      Զեկույցի` «Նախկին ռազմագերիների առողջության պահպանման իրավունքը» և «Առաջարկություններ» բաժիններում ներկայացված նախկին ռազմագերիներին ողջ կյանքի համար անվճար և որակյալ բժշկական օգնություն ստանալու իրավունքի ապահովման առնչությամբ, նախարարությունից տեղեկացրել են, որ այդ հարցը կարող է դիտարկվել առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման  համատեքստում, որը մեկնարկվելու է 2024 թվականից և իրականացվելու է փուլային կարգով:

ե.       Առողջապահության նախարարությունը պատրաստակամությոն է հայտնել քննարկում կազմակերպել զեկույցում նշված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության համաձայն` նախկին ռազմագերիների առողջական խնդիրների, այդ թվում` հոգեկան առողջության վերաբերյալ բողոքների առնչությամբ:


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

pdfՄարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտից հայտնել են, որ զեկույցում տեղ գտած գաղափարները, այդ թվում՝ նախկին ռազմագերիների իրավական կարգավիճակի վերաբերյալ միջազգային փորձի և ներպետական կարգավորումների համադրությամբ ներկայացված առաջարկները կարող են դառնալ արդյունավետ միջոց ոլորտում առկա խնդիրները քննարկելու և դրանց թիրախային լուծումներ գտնելու հարցում։ Նշել են նաև, որ ՄԻՊ-ը ստանում է բազմաթիվ բողոքներ, որոնք վերաբերում են գերությունից վերադարձածների ու նրանց ընտանիքների իրավունքների պատշաճ իրացման հետ կապված հարցերին, օրինակ, գերությունից վերադարձած քաղաքացիների բժշկական հետազոտությանն ու փորձաքննությանը, կրկին զինվորական ծառայության ներգրավմանը, մարտական հերթապահության մեջ չընդգրկելուն, սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելուն և այլն: Բացի այդ, պատասխան գրության մեջ ՄԻՊ աշխատակազմից նշել են, որ Պաշտպանը պատրաստակամ է համագործակցել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հետոլորտային խնդիրները վեր հանելու և դրանց համակարգային լուծումներ գտնելու հարցերում։


PD logo
Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամThe Sigrid Rausing Trust
«Նախկին ռազմագերիների իրավական կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցը հրապարակվել է «Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի» (EED) կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում:
Զեկույցի հիմքում ընկած ուսումնասիրություններն, ինչպես նաև նախկին ռազմագերիների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններն իրականացվում են Sigrid Rausing Trust հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհի միջոցներով: