© 2023. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ https://www.istockphoto.com
Նյութի հեղինակ` Նիկոլա Տուրիեր (Ֆրանսիա)
«Խաղաղության երկխոսություն» հկ-ն իր գերմանական գործընկեր «Օվեն» հասարակական կազմակերպության հետ համատեղ 2023 թ.-ի մայիսի 8-12-ին Թբիլիսիում իրականացրեց միջազգային քննարկում, որը տեղի ունեցավ վերջերս մեկնարկած Կոնտակտ 3.0 ծրագրի շրջանակներում: Ներգրավելով Հայաստանը, Ադրբեջանը և Գերմանիան ներկայացնող երիտասարդ ակտիվիստների՝ ծրագրի անձնակազմն այս միջոցառմամբ նպատակ ուներ ստեղծել հարթակ, որտեղ հակամարտությունից տուժած երկրներից երիտասարդները կուսումնասիրեն անձնական և ազգային գերիշխող պատմույթները` առանձնացնելով այն կարիքահեն և մարդակենտրոն թեմաները, որոնց շուրջ կցանկանան աշխատել իրենց իսկ համայնքներում: Բացի այս քննարկումներից, ծրագրի անձնակազմն ու մասնակիցները անդրադարձան հետագա քայլերին, ինչպես նաև համատեղ մշակեցին Հայաստանում ու Ադրբեջանում խաղաղությանն ուղղված ծրագրերի շուրջ գաղափարներ:
Քննարկման հիմնական թեմատիկ ուղղություններն էին.
- Հայաստանում, Ադրբեջանում և Գերմանիայում պատերազմի/հակամարտության շուրջ գոյություն ունեցող անհատական, ազգային և տարածաշրջանային ընկալումներին անդրադարձը;
- Խաղաղաշինություն գործընթացին մարդու անվտանգության՝ որպես մարդակենտրոն մոտեցման ինտեգրումը;
- Տեղական նախաձեռնություններում երիտասարդների ակտիվությանը խոչընդոտող հանգամանքների սահմանումն ու վերլուծությունը;
- Ծրագրի առաջիկա ամիսներին Հայաստանից, Ադրբեջանից և Գերմանիայից երիտասարդ դերակատարների կողմից կազմակերպվող տեղական նախաձեռնությունների համար գաղափարների մշակումը:
Կիրառելով տարաբնույթ ինտերակտիվ մեթոդներ և խմբային աշխատանքեր՝ մասնակիցները թե՛ անհատական և թե՛ տարածաշրջանային մակարդակներում ծանոթացան պատերազմի և հակամարտության վերաբերյալ պատմույթներին, ինչպես նաև անդրադարձան Հարավային Կովկասում, հետխորհրդային երկրների արևմտյան հատվածում, ինչպես նաև Գերմանիայում տիրող իրավիճակին։ Պատմույթներին ուղղված այս հիմնական շեշտադրումը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց ավելի լայն պատկերացում կազմել հակամարտության ազդեցությունների վերաբերյալ, ինչպես նաև բարձրացնել վստահության ձևավորմանն առնչվող թեմաների իրազեկվածության մակարդակը, ինչը կնպաստի հակամարտությունից տուժած հասարակություններում խաղաղաշինությանն ուղղված ջանքերի գործադրմանը։ Պատմույթների շուրջ բազմաբովանդակ քննարկումներն ավելի հստակեցրին խոսույթների վերափոխման վերաբերյալ մասնակիցների ունեցած պատկերացումները և հնարավորություն տվեցին նրանց ինքնաքննադատորեն վերանայելու թե՛ անձնական, և թե՛ իրենց հասարակություններում լայնորեն տարածում գտած պատմույթների շուրջ իրենց տեսլականը։
Միջոցառման օրակարգում տեղ էր գտել նաև մարդու անվտանգության ոլորտի վերաբերյալ դասընթացը, որն անցկացրեց Վրաստանից հրավիրված ոլորտի փորձագետը։ Դասընթացի նպատակն էր մասնակիցների ուշադրությանն արժանացնել խաղաղաշինության և մարդու իրավունքների ոլորտների բարելավման գործընթացում պետական անվտանգային խնդիրներից զատ նաև առավել մարդակենտրոն մոտեցման կարևորությունը։ Երիտասարդները անդրադարձան այն հարցին, թե ինչպես կարելի է տեղական ծրագրերի շրջանակներում կիրառել այս տեսական մոտեցումները` դարձնելով դրանք առավել արդյունավետ։
Միջոցառումն ամփոփվեց խմբային աշխատանքով, որի նպատակն էր վերհանել այն հանգամանքները, որոնք խոչընդոտում են երիտասարդներին ակտիվ մասնակցություն ունենալ տեղական նախաձեռնություններում։ Այս քննարկումները նպաստեցին Հայաստանի և Ադրբեջանի մասնակիցների առաջին քայլերին, որոնք միտված էին տեղական ծրագրերի գաղափարներ մշակելուն։ Գալիք հինգ ամիսների ընթացքում ծրագրի գլխավոր դերակատարները կիրականացնեն իրենց կողմից մշակված նախաձեռնությունները` նպատակ ունենալով իրենց համայնքների երիտասարդների շրջանում հետաքրքրություն ձևավորել արդիական թեմաների նկատմամբ, ինչպես նաև զորեղացնել նրանց, նպաստել նրանց առավել ակտիվորեն ներգարվվածությանը և ստեղծել կայուն ու վստահելի հարաբերություններ իրենց համայնքներում։
Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.):
«CONTACT 3.0» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով: