© 2023. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ:
ՀԵՂԻՆԱԿ` ԱՆՆԱ ԶՈՒՐԱԲՅԱՆ
«Անվտագային ոլորտի մասնակցային վերահսկողության զարգացումը» (DIOS) ծրագրի շրջանակներում, Նիդերլանդների Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի (CESS) և «Խաղաղության երկխոսություն» հկ-ի համագործակցությամբ 2023 թ. հունվարի 18-19-ին Երևանում անցկացվեց երկու փորձագիտական քննարկում:
Հունվարի 18-ի քննարկումը նպատակ ուներ տարբեր շահագրգիռ կողմերի միջև իրականացնել խորհրդակացություն՝ նախագծելով ազգային անվտանգության ռազմավարության առաջնահերթությունները, ինչպես նաև մշակել կարճաժամկետ ու առավել տևական քաղաքականություններ՝ հետամուտ լինելով դրանց արդյունավետ իրականացմանը՝ գործող ռիսկերի համատեղ վերլուծության, միջազգային փորձի և արդեն իսկ քաղված դասերի ուսումնասիրության հիման վրա։
Հունվարի 19-ի քննարկման թեման պաշտպանության և անվտանգության վերաբերյալ տեղեկատվության դասակարգումն էր։ Այս հանդիպման նպատակն էր տարբեր շահագրգիռ կողմերի միջև իրականացնել խորհրդակցություն ոլորտին առնչվող հարցերի շուրջ.
- սահմանել թափանցիկության քաղաքականություն, որի միջոցով հնարավոր կլինի տարբերակել տեղեկատվության գաղտնիությունն ու հասանելիությունը,
- սահմանել քաղաքականության նպատակները` ձևավորելով համապատասխան միջոցներ այդ նպատակներին հասնելու համար՝ միաժամանակ հաշվի առնելով անձնական, գործառնական և ազգային անվտանգության անհրաժեշտությունը:
Երկօրյա քննարկումներին ներկա էին 20 տեղական փորձագետներ և ներկայացուցիչներ խորհրդարանից, Ազգային անվտանգության խորհրդից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, պաշտպանության նախարարությունից և քաղաքացիական հասարակական կազմակերպություններից: Նիդերլանդներից հրավիրված փորձագետների հետ համատեղ մասնակիցները փորձեցին բացահայտել մարտահրավերները և մշակել գործողությունների ծրագրեր` հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա, որոնց միջոցով հնարավոր կլինի ուժեղացնել և բարելավել Ազգային անվտանգության ռազմավարության իրականացման, ինչպես նաև պաշտպանության ոլորտի տեղեկատվության դասակարգման և գաղտնազերծման գործընթացների վերահսկողությունը:
Երևանում Նիդերլանդների դեսպան Նիկո Շերմերսը, ով բացման խոսքով հանդես եկավ պաշտպանության և անվտանգության տեղեկատվության դասակարգման վերաբերյալ փորձագիտական քննարկմանը, հայտնեց, որ Նիդերլանդները շահագրգռված է աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին` շեշտելով իր անձնական աջակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտների ժողովրդավարական վերահսկողության հզորացման գործում թե՛ պետական կառույցների և խորհրդարանի գործընկերների և թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և համայնքային փորձագետների նախաձեռնությամբ:
Նախագիծն իրականացվում է նիդերլանդական անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի (CESS) և հայաստանյան «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: