© 2023. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ` freepik.com
2023 թ. հունվարի 26-27-ը «Խաղաղության երկխոսություն» հկ-ն հանդիպում անցկացրեց «Հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ժամանակակից պատմույթների և գերակշռող խոսույթների համատեղ վերլուծություն» խորագրով։ Միջոցառումը տեղի ունեցավ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության, փորձագիտական խմբերի ներկայացուցիչների և խաղաղասերների մասնակցությամբ։ Այն նպատակ ուներ իրականացնել հայ-ադրբեջանական հակամարտության քաղաքական զարգացումների վերաբերյալ համատեղ վերլուծություն` հակամարտությունից տուժած հասարակություններում գերակշռող պատմույթների և խոսույթների փոխանակմամբ՝ դիտարկելով հավանական հեռանկարները, կոնֆլիկտի սրման ռիսկերը և դրանց կանխարգելումը միջոցառման մասնակիցների տեսանկյունից։ Քննարկումները վարում էին «Խաղաղության երկխոսություն»-ից Էդգար Խաչատրյանը և Լոնդոնի «Հաշտեցման Ռեսուրսներ» հկ-ից Լորենս Բրոերսն ու Ջեննի Թոբիասը։
Միջոցառումը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից.
- Հայ-ադրբեջանական պատմույթների և գերակշռող խոսույթների ժամանակագրական վերադասավորում, համակարգում ու համեմատական վերլուծություն 2020 թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո,
- Հակամարտության հետևանքով տուժած հասարակություններում գերակշռող խոսույթների հիման վրա հավանական սցենարների և հակամարտության սրման ռիսկերի քննարկում։
Երկօրյա քննարկման ընթացքում մասնակիցները բացահայտեցին հակամարտության զարգացման հավանական հեռանկարների վերաբերյալ հասարակություններում լայնորեն տարածված խոսույթներից երկուսը։
Ադրբեջանում հետևյալն է.
«Հայաստանը ժամանակի խաղ է տանում, որպեսզի պահպանի ստատուս-քվոն և ժամանակ շահի։ Հայաստանի հայտարարությունները հակասական են և չեն կարող վստահելի լինել, ինչն արդարացնում է առկա խնդիրների լուծումն ուժի կիրառմամբ»։
Հայաստանում գերակշռող խոսույթներից է.
«Ադրբեջանն ունի ռազմական գերակայություն, և Հայաստանի կողմից ցանկացած զիջում բխեցնում է նոր պահանջներ՝ իրավիճակի սրացմամբ և հարցի տակ դնելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը և նույնիսկ պետականությունը»։
Այնուհետև միջոցառման ներկաները փորձեցին մշակել հակամարտության գոտում սպասվող լավագույն և վատագույն սցենարները՝ անդրադառնալով հակամարտության գոտու բնակիչներին հուզող խնդիրներին.
- Լաչինի միջանցքի շրջափակումը և ԼՂ հայ ազգաբնակչության իրավունքները,
- Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը շրջանառության մեջ դնելով, և որո՞նք են հարաբերությունների զարգացման հեռանկարները հակամարտող կողմերի միջև, եթե այդպիսի «միջանցքը» տրամադրվում է կամ մերժվում Հայաստանի կողմից,
- Ո՞րն է Ռուսաստանի և Թուրքիայի` որպես միջազգային ներկայացուցիչների դերը հակամարտության դինամիկայում։ Որո՞նք են նոր զարգացումներին նպաստող գործոնները։ Ինչպե՞ս է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա ազդում կովկասյան տարածաշրջանի զարգացումների վրա, և ինչպիսի՞ դեր կարող են ունենալ ԱՄՆ-ը և Եվրոմիությունը նոր զարգացումների ուղղությամբ ռիսկերը նվազեցնելու գործում։
Հատկանշական է, որ նախքան այս միջոցառումը «Խաղաղության երկխոսությունը» նման ձևաչաձով քննարկում էր կազմակերպել հունվարի 20-21-ին Երևանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ: Երկու քննարկումներից հետո մասնակիցները մշակեցին գործողությունների ծրագիր Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար։ Նրանք ընդգծեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար հաղորդակցման ուղիները բաց պահելու անհրաժեշտությունը և հակամարտությամբ բաժանված հասարակությունների միջև վստահության վերականգնմանն ուղղված գործողությունների կարևորությունը:
Միջոցառումն իրականացվում էր «Խաղաղության երկխոսություն» հկ-ի «Բաց պատմություններ» ծրագրի շրջանակում: Այն կազմակերպվել է «Հաշտեցման Ռեսուրսներ» հկ-ի հետ սերտ համագործագծությամբ` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։