© 2022. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ:
ՀԵՂԻՆԱԿ` ԱՆՆԱ ԶՈՒՐԱԲՅԱՆ
Անչուրիա և Չիկոզա պետությունների հարաբերությունները լարվեցին այդ երկրների սահմանագծում գտնվող մի Կաղնու պատճառով։ Չիկոզան պնդում էր, որ ծառն ամբողջությամբ գտնվում է միջազգայնորեն ճանաչված իր սուվերեն տարածքում և իրենք լիարժեք իրավունք ունեն տիրապետելու ծառի հետագա ճակատագրին, իսկ Անչուրիան հայտարարում էր, որ ծառը տնկել են իրենց նախնիները: Կաղնուն հարակից սահմանագծում սկսվեցին ժամանակ առ ժամանակ երկու կողմից էլ հրաձգային միջոցներից կրակոցներ արձակվել։ Օրեցօր դեպի սահմանագիծ էին տեղափոխվում ավելի ու ավելի մեծ քանակի զինտեխնիկա և զորք։ Արդարության և Փոխըմբռնման Կազմակերպությունը (ԱՓԿ) արտահերթ նիստ հրավիրելու մասին հայտարարություն հրապարակեց՝ նվիրված Անչուրիայի և Չիկոզայի միջև ծավալվող իրադարձություններին։ Վաղ առավոտյան, երբ նիստի մասնակիցները նոր-նոր սկսել էին հավաքվել դահլիճում, Անչուրիայի և Չիկոզայի միջև սկսվեց պատերազմ…
Մտացածին այս երկու երկրների մասին խորհրդանշական պատմությունը մեկն էր այն դրվագների շարքից, որոնք մշակվել էին «Խաղաղության Երկխոսության» ՀԿ-ի կողմից հատուկ «Հակամարտությունների կարգավորման այլընտրանքային մեխանիզմներ» դասընթացների ժամանակ օգտագործելու համար: Դասընթացների այս շարքը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում, նպատակ ուներ Հայաստանի հյուսիսային մարզերը ներկայացնող երիտասարդների շրջանում ձևավորել հակամարտությունների հետ աշխատանքի վերաբերյալ կառուցողական մոտեցում, զարգացնել հակամարտությունների կարգավորմանն ուղղված նրանց կարողություններն ու հմտությունները և օժտել վերջիններիս գործիքակազմով` առօրյայում հանդիպող կոնֆլիկտեների իրատեսական և ռացիոնալ լուծումներ գտնելու համար:
«Կոնֆլիկտային իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելու համար կարևոր էր ներկայացված պատմությունների օրինակով քննարկման մասնակցելը»,- ասում է ծրագրի մասնակից 18-ամյա Յանա Ասատրյանը Վանաձորից:
Պատմությունները ներկայացվում էին մասնակիցներին առանց վերջաբանի՝ վերջիններիս մոտ քննադատական մտածողությունը զարգացնելու, ինչպես նաև պատմությունների արդյունքում քննարկվող եզրակացությունների հիման վրա լուծումներ առաջարկելու նպատակով և ստիպում նրանց զուգահեռներ անցկացնել ներկայացված դրվագների և առօրյայում տեղի ունեցող իրադրությունների միջև:
«Դասընթացը կօգնի ոչ թե խուսափել կոնֆլիկտներից, այլ հարթել կոնֆլիկտները ստացած մեթոդների կիրառմամբ: Քանի որ ներկայացված պատմությունները անավարտ էին, ստիպված էինք լինում ինքներս լուծումներ առաջարկել ներկայացված իրավիճակների համար»,- ասում է ծրագրի մասնակից 16-ամյա Արարատ Սարուխանյանը Մարգահովիտից:
Ծրագրի դասընթացավար Հայկ Թորոյանը մասնակիցներին ներկայացրեց մի շարք գործիքներ, որոնք երիտասարդներին կընձեռեին ներկայացված կոնֆլիկտների խորքային վերլուծության հնարավորություն`ովքեր են կոնֆլիկտներում ներկայացված կողմերը, որոնք են նրանց միջև եղած հարաբերությունները, որոնք են կոնֆլիկտի զարգացման փուլերը և յուրաքանչյուր փուլում հակամարտության դինամիկայի վրա ազդեցության հնարավորությունները: Սա ոչ ամբողջական ցանկն է այն հարցերի, որոնք քննարկում էին երիտասարդները տեղի ունեցած վեց հանդիպումների ընթացքում:
16-ամյա Ինեսսա Թումանյանն ասում է, որ դասընթացից հետո կարողանում է վերլուծել կոնֆլիկտային իրավիճակը և հասկանալ պատճառները, ինչն առաջ շատ ժամանակ և էներգիա էր խլում իրենից:
«Խաղաղության Երկխոսություն» ՀԿ-ն նպատակ ունի շարունակական դարձնելու սույն նախաձեռնությունը: Ներկայումս մշակվում է ձեռնարկ, որը կամփոփի դասընթացի ընթացքում քննարկված պատմությունների և տրամադրված գործիքակազմերի վերլուծության վրա հիմնված մեթոդաբանությունը: Ձեռնարկի հիման վրա մոտ ապագայում կկազմակերպվի դասընթաց դասընթացավարների համար, որի արդյունքում մասնակից երիտասարդները հնարավորություն կունենան կիրառել նույն մեթոդաբանությունը իրենց հասակակիցների շրջանում նմանատիպ դասընթացներ իրականացնելիս:
Ծրագիրն իրականացվել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) աջակցությամբ։ Բովանդակության պատասխանատվությունը կրում է բացառապես «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը։