ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ և ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ. «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ»

Նոյեմբերի 13, 2022
ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ և ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ. «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ»

© 2022. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ԺՈՒԼԻԵՆ ՊՈՏԵԼՈՒԱՆ

Հոկտեմբերի 21-27-ին Հայաստանում ամփոփվեց Հայաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի երիտասարդների միջև «Լրագրությունն առանց սահմանների» մշակութային փոխանակման ծրագիրը։ Երեք երկրները ներկայացնող ազգային խմբերում ներգրավված էին դպրոցական տարիքի երեխաներ և ուսանողներ, որոնք ակտիվորեն մասնակցում են իրենց համայնքային կյանքին։

Ծրագիրը մեկնարկվել է դեռևս 2020 թ.-ից՝ հիբրիդային տարբերակով. հանդիպումները հիմնականում անց էին կացվում առցանց եղանակով՝ պայմանավորված հակահամաճարակային սահմանափակումներով, սակայն ազգային թիմերի հանդիպումներն իրականացվում էին առերես ձևաչափով: Իսկ արդեն 2021 թ.-ին մեկնարկվեց ծրագրի փոխադարձ այցելությունների շրջանը`

  • I փուլը տեղի է ունեցել ապրիլին` Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում,
  • II փուլը հուլիսին` Ֆրանսիայի Մարսել քաղաքում,
  • III փուլը հոկտեմբերին՝ Հայաստանում:

«Ծրագրի նպատակն էր սովորեցնել երիտասարդներին այնպիսի մեդիա գործիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են մեր օրերում սոցիալական մեդիայի ակտիվ սպառող լինելու համար։ Կրթական տարրն ապահովելուց բացի, նպատակ ունեինք մասնակից երիտասարդներին ծանոթացնել Հայաստանի մշակույթին և պատմությանը»,- հայաստանյան փուլի կազմակերպիչ, թիմի ղեկավար Մարիաննա Խաժակյան։

ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ և ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ. «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ»
© 2022. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ԺՈՒԼԻԵՆ ՊՈՏԵԼՈՒԱՆ

Հայաստանում որտե՞ղ անցկացվեց ծրագիրը

– Հայաստանը մասնակիցների համար չբացահայտված երկիր էր, որի մշակույթն ու արվեստը, ինչպես նաև տեղի ավանդույթներն ու պատմությունը շատերին էին հետաքրքրում: Հայաստանյան փուլի միջոցառումները հիմնականում անցկացվեցին Լոռու մարզում և Երևանում, որի շրջանակներում մասնակիցները ծանոթացան մի շարք երիտասարդական և հասարակական կառույցների գործունեությանը, ինչպես նաև այցելեցին ժամանցային և պատմամշակույթային վայրեր:

Ինչպիսի՞ն էր ծրագիրը Թեժ լեռում (Լոռու մարզ)

– Թեժ լեռում կազմակերպվեց մեդիա դասընթաց, որի ժամանակ մասնակիցները սովորեցին տարբերակել լրատվամիջոցներում հրապարակվող կեղծ և իրական նկարները, առավել արդյունավետ և գրագետ օգտվել բազմաթիվ մեդիա աղբյուրներից և ժամանակակից մեդիայի կողմից առաջարկվող գործիքներից։ Երիտասարդ մասնակիցները նաև արվեստի միջոցով անդրադարձան պատերազմի և խաղաղության թեմային՝ պատկերելով և ապա խոսելով այդ երևույթների վերաբերյալ իրենց պատկերացումների, ընկալումների և դրանց բազմազանության վերաբերյալ։

ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ և ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ. «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ»
© 2022. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ՄԱՐԻԱՆՆԱ ԽԱԺԱԿՅԱՆ

Ո՞ւր այցելեցին մասնակիցները։

  • Դեբեդի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մասնակիցները ծանոթացան Հայաստանում երեխաների և երիտասարդների զարգացմանն ուղղված ոչ ֆորմալ կրթական գործունեության առանձնահատկություններին, ուսումնասիրեցին կենտրոնում առկա հնարավորությունները և զարգացման մոտեցումները։
  • Վանաձորի ԼՈՖԹ կենտրոնում կայացավ հանդիպում «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի նախագահ Էդգար Խաչատրյանի հետ: Հանդիպման ընթացքում մասնակիցներն ուղղեցին իրենց հարցերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմության, հետագա զարգացումների, 44-օրյա պատերազմի վերաբերյալ, զրուցեցին հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանում երիտասարդների՝ հակամարտության հետևանքով առաջացած խնդիրների շուրջ:
  • Հայաստանի հոգևոր և պատմամշակութային կյանքին ծանոթանալու նպատակով, մասնակիցներն այցելեցին Սևանի թերակղզի և Գեղարդի վանք:
  • Ծրագրով նախատեսված City Rally-ի միջոցով երիտասարդ մասնակիցները ծանոթացան Երևան քաղաքին: Կատարելով նախապես մշակված առաջադրանքները` շրջակա միջավայրի խնդիրները, տեղի սովորությունները և առօրյա կյանքը ուսումնասիրելուն զուգահեռ, երիտասարդներն այցելեցին Երևանի բազմաթիվ տեսարժան վայրեր, ծանոթացան մայրաքաղաքի ճարտարապետությանն ու պատմությանը:
ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ և ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ. «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ»
© 2022. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ՄԱՐԻԱՆՆԱ ԽԱԺԱԿՅԱՆ

«Այս փոխանակումները կոտրեցին միմյանց նկատմամբ գոյություն ունեցող մի շարք կարծրատիպեր և անկասկած նպաստեցին մասնակից երիտասարդների` մեդիա ոլորտում ներգրավվելու մոտիվացիայի բարձրացմանը: Շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ ունեինք եռալեզու թարգմանություն երեք երկրների մասնակիցների համար։ Այս մոտեցումն օգնեց անգլերենին այդքան էլ լավ կամ ընդհանրապես չտիրապետող մասնակիցներին էլ լիովին ներգրավվել ծրագրում»,- դասընթացավար, հայաստանյան թիմի ղեկավար Մանե Պապյան։

ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ և ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ. «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ»
© 2022. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ԺՈՒԼԻԵՆ ՊՈՏԵԼՈՒԱՆ

Ծրագրի երեք փուլերի արդյունքում մասնակիցների կողմից ստեղծված մեդիա աշխատանքների մի մասն ամփոփվել է ընդհանրական բլոգում՝ այս նյութերը մեկտեղելու և տարածելու նպատակով:

ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ և ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ. «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ»
© 2022. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ՄԱՐԻԱՆՆԱ ԽԱԺԱԿՅԱՆ

Ծրագիրն իրականացվում է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության, Ֆրանսիայի «Une Terre Culturelle» ասոցացիայի, Գերմանիայի «Պանգերա» հկ-ի և «Կլուբհաուս» կենտրոնի կողմից՝ «Ֆրանկոգերմանական Երիտասարդական գրասենյակի» և «Էրազմուս+»-ի աջակցությամբ։