© 2022. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ԺԱՆ-ԴԱՆԻԵԼ ՖՐԱՆԿԵՐ
2022 թ.-ի հոկտեմբերի 21-ին Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց «Հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են.
- քաղաքացիներին զինվորական ծառայությանը նախապատրաստելու նպատակով հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման նպատակները,
- նախազորակոչային պատրաստություն առարկայի դասավանդման և գործնական (կրակային) պարապմունքների պայմաններն ու նյութատեխնիկական բազան,
- սովորողների նախազորակոչային պատրաստության գործընթացում իրավասու պետական մարմինների համագործակցության շրջանակները:
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը գտնում է, որ նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման նպատակներից է հանդիսանալու նաև զինվորական ծառայության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածության բարձրացումը: Ուստի առաջարկում ենք որոշման հավելվածի` «Հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման կարգի» 2-րդ կետով սահմանվող ցանկում ավելացնել նման ձևակերպմամբ ենթակետ.
«Նախազորակոչային տարիքի երիտասարդների մոտ զինվորական ծառայության ընթացքում իրենց իրավունքների պաշտպանության, վերջիններիս ոտնահարման դեպքում` վերականգման մեխանիզմների վերաբերյալ պատկերացումների և կարողությունների ձևավորում»։
«Խաղաղության երկխոսություն» կազմակերպությունը գտնում է, որ զինվորական պատրաստության կարևոր մաս պետք է կազմեն նաև.
- զորակոչային տարիքի երիտասարդների շրջանում քրեական ենթամշակույթի նկատմամբ անհանդուրժողականությունը
- ապագա ծառայակիցների հետ հաղորդակցվելու հմտությունների ձևավորումը:
Վերջիններիս կիրառումը կնպաստի բանակում միմյանց նկատմամբ հանդուրժողության մթնոլորտի ձևավորմանը, ոչ կանոնադրային հարաբերություններով պայմանավորված հանցագործությունների և մահվան դեպքերի նվազեցմանը, որն էլ իր հերթին կնպաստի բանակի մարտունակության բարձրացմանը:
Նախազորակոչային պատրաստության կազմակերպման ընթաքում պետք է համոզվել, որ զորակոչիկները իրազեկ են և անհրաժեշտության դեպքում կարող են օգտվել ստորև նշված իրավունքներից և մեխանիզմներից.
- զորակոչի ընթացքում զորակոչիկների իրավունքներ,
- բժշկական հանձնաժողովի որոշումների բողոքարկման մեխանիզմներ,
- ծառայության ընթացքում պատշաճ բուժoգնություն ստանալու իրավունք,
- խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի արձանագրման և դրանց վերաբերյալ հաղորդում ներկայացնելու մեխանիզմներ,
- կարգապահական տույժի ենթարկված ժամկետային զինծառայողների իրավունքների, ինչպես նաև բողոքարկման մեխանիզմներ,
- ծառայության ընթացքում իրավապահ մարմինների հետ առնչվելու դեպքում զինծառայողների իրավունքներ: