© 2022. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը 2022թ․ հոկտեմբերի 1-2-ին «Բաց պատմություններ» ծրագրի շրջանակներում իրականացրեց քննարկում, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձան հայ-ադրբեջանական հակամարտության հնարավոր զարգացումներին և դրանցում քաղհասարակության դերին, առկա իրավիճակին հասցեագրված գործունեության իրատեսական մեխանիզմներին և հնարավորություններին առնչվող հարցերին։
2021թ. «Բաց պատմություններ» ծրագրի մեկնարկից ի վեր ԽԵ-ն նախաձեռնել է հանդիպումների շարք՝ նվիրված ԼՂ հակամարտության քաղաքական և քաղաքացիական ազդեցությունների վերաբերյալ քննարկումների խթանմանը, առկա խնդիրների վերհանմանը, ինչպես նաև հակամարտության վերաբերյալ գոյություն ունեցող դոմինանտ խոսույթների և պատմույթների շուրջ այլընտրանքային մոտեցումների մշակմանը։ Քննարկումներին տարբեր փուլերում մասնակցել են պետական տարբեր կառույցների, Ազգային Ժողովի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, փորձագետներ, իրավապաշտպաններ և անկախ ակտիվիստներ, ինչպես նաև ՏԻՄ ներկայացուցիչներ, հոգեբաններ և ուսանողներ Հայաստանի տարբեր մարզերից, Երևանից և Լեռնային Ղարաբաղից։
Կարևորելով խնդիրների բազմակողմանի և բազմաշերտ դիտարկումն ու վերլուծությունը, ինչպես նաև քննարկումներում ներգրավված քաղհասարակության ներկայացուցիչների կողմից արված հարցադրումները՝ կազմակերպությունը 2022թ․ մայիսին իրականացրեց նաև երկու հանդիպում կանանց և տղամարդկանց առանձին խմբերում։ Այս քննարկումների նպատակն էր պարզել հայ-ադրբեջանական հակամարտության հանրային ազդեցության վերաբերյալ մոտեցումների գենդերային ասպեկտները և դրանց նշանակությունը հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացներում։
Հոկտեմբերի 1-2-ին կայացած հանդիպմանը «Խաղաղության երկխոսությունը» հրավիրել էր վերոհիշյալ խմբերից կանանց և տղամարդկանց, ում ներկայացվեցին նախորդ երկու հանդիպումներից ստացված արդյունքները։ Վերջիններիս վերաբերյալ քննարկումներից բացի, միջոցառման մասնակիցները հանդես եկան նաև հնարավոր գործողությունների առաջարկություններով: Դրանց մի մասն ուղղված էր պատերազմի հետևանքով տուժած խմբերի իրավունքների և շահերի պաշտպանությանը, իսմ մյուսը` ավելի երկարաժամկետ, տարածաշրջանում նոր պատերազմների վտանգների կանխմանն ու կայուն խաղաղաղության կառուցման համար հիմքերի նախապատրաստմանը: Այս առաջարկությունները ևս հիմք կհանդիսանան ծրագրի հաջորդ փուլերի գործողությունների և ընդհանրապես «Խաղաղության երկխոսություն» հկ-ի հետագա նախաձեռնությունների ծրագրավորման համար։
Ծրագիրն իրականացվում է «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resources) հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։