ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2023-2025ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ի ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

Սեպտեմբերի 03, 2022
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրում ներառելու գործողությունների վերաբերյալ «Խաղաղության երկխոսություն» հկ-ի առաջարկները
© 2022. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Ի պատասխան Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից օգոստոսի 30-ին հրապարակված հանրային հարցմանը` հանդես գալ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող նոր 2023-2025թթ. գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկություններով, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը ներկայացրել է 24 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ: Առաջարկությունները կազմվել են` հիմնվելով ԽԵ-ի նախաձեռնությամբ ձևավորված և 2015թ.-ին գործող` պաշտպանական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունները մշտադիտարկող խմբի կողմից վերհանված խնդիրների վերլուծության վրա:

Առաջարկությունները ներկայացվում են ստորև:


Կյանքի իրավունք

  • Մշակել և ներդնել ԶՈւ-ում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերի հանրայնացման չափանիշներ՝ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմամբ։
  • Կատարել ուսումնասիրություն զինված ուժերում ինքնասպանության դեպքերի պատճառների վերհանման նպատակով: Մշակել հայեցակարգ վերհանված խնդիրների շուտափույթ լուծման ուղղությամբ:

Խոշտանգումների արգելք

  • Սահմանել զինված ուժերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերը որպես այդպիսին համարելու, բացահայտված կամ չբացահայտված լինելու հստակ չափանիշներ և դրանց հիման վրա հրապարակել վիճակագրական տվյալներ։
  • ՄԻՊ ԳԾ-ում ներառել ելակետային տվյալներ զինված ուժերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի, ինչպես նաև այդ դեպքերի քննության վերաբերյալ։

Զորակոչ և զորահավաք

  • Զորակոչիկների արդյունավետ բողոքարկման իրավունքի ապահովման նպատակով սահմանել ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից զորակոչիկների առողջական վիճակի հետազոտության նոր կարգ: Կարգով նախատեսել առողջական վիճակի հետազոտության այնպիսի ժամկետներ, որ հետազոտության արդյունքում կազմված եզրակացության հետ անհամաձայնություն ունեցող զորակոչիկը կարողանա օգտվել բողոքարկման իրավունքից մինչև զորակոչվելը: Բողոքարկման դեպքում զորակոչի հիմք հանդիսացող վարչական ակտի կատարումը պետք է կասեցվի և չկատարվի այնքան ժամանակ, քանի դեռ վարչական ակտի իրավաչափությունը վերադասության կամ դատական կարգով ստուգման չի ենթարկվել: Դատարանների համար սահմանել սեղմ ժամկետներ մինչև քաղաքացու զորակոչվելը տվյալ վեճը լուծելու համար կամ երկարաձգել բժշկական զննություններն անցկացնելու ժամկետը:
  • Վերանայել պահեստազորի եռամսյա վարժական հավաքների համակարգը։ Ուսումնասիրել գործող համակարգի թերությունները մարդու իրավունքների և արդյունավետության տեսանկյունից՝ ներառյալ անցկացման ժամկետները, բովանդակությունը, անձանց ներգրավման հետ կապված նյութական վնասները։ Մշակել մասնակից անձանց պարտադիր բժշկական զննության մեխանիզմ մինչ վարժական հավաքին ներգրավվելը:

Խտրականության արգելք

  • Ուսումնասիրել կին զինծառայողների զինվորական ծառայության պայմանների համապատասխանությունը միջազգային չափանիշներին, վերհանել խոչընդոտները, նախաձեռնել գործողություններ դրանց շտկման ուղղությամբ: Մշակել մեխանիզմներ իրականացվող գործողությունների նկատմամբ հանրային վերահսկողություն սահմանելու ուղղությամբ։

Ազատության և անվտանգության իրավունք, արդար դատաքննության իրավունք

  • Սահմանել ՌՈ աշխատակիցների կողմից զինծառայողների անմիջական մասնակցությամբ իրականացվող գործողությունների (վարչարարության) տեսաձայնագրման մեխանիզմներ։ Ապահովել նկարահանման՝ ֆիզիկական կրիչի միջոցով պարտադիր կերպով վարույթի նյութերին կցվելը։ Նախատեսել պատասխանատվություն տվյալ պահանջը չկատարելու համար։
  • Սահմանել մեխանիզմներ կարգապահական գումարտակի նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու համար։
  • Իրականացնել վերապատրաստումներ կարգապահական գումարտակի աշխատակազմի համար՝ մարդու իրավունքների, հատկապես՝ կյանքի իրավունքի, խոշտանումների և խտրականության արգելքի վերաբերյալ։
  • «Ռազմական ոստիկանության մասին» օրենքով կարգապահական վաշտերում և ՌՈ կայազորային մեկուսարաններում ռազմական ոստիկանության ծառայողի համար սահմանված լիազորություններին ու պարտականություններին ավելացնել ձերբակալված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինծառայողի անվտանգության ապահովումը:

44-օրյա պատերազմ

  • Իրավական ակտով սահմանել   պատերազմի հետևանքով անհետ կորածի իրավական կարգավիճակը: Մշակել իրավական շրջանակ պատերազմական գործողությունների հետևանքով անհետ կորած անձանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով։
  • Օրենսդրորեն հստակեցնել մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը և երաշխիքները։
  • Կատարել համապարփակ ուսումնասիրություն գերությունից վերադարձած անձանց ֆիզիկական և հոգեբանական վիճակի վերաբերյալ։ Հետազոտության բացահայտումների հիման վրա տրամադրել անհատական, երկարաժամկետ և հետևողական աջակցություն։ Անհրաժեշտության դեպքում ստեղծել մեխանիզմ գերությունից վերադարձած պարտադիր ժամկետային զինծառայողի վաղաժամ զորացրման, ժամկետի կրճատման կամ հատուկ պայմաններով ծառայությունը շարունակելու համար։ Հատկացնել առանձին բյուջե։
  • Մշակել պատերազմական իրավիճակում մարդու իրավունքներին արձագանքման օպերատիվ պլան՝ 44-ամյա պատերազմի դասերի քաղմամբ։ Պլանը պետք է ներառի պետական կառույցների գործառույթների հստակ բաժանում, այդ թվում՝ ենթակայության հստակ սահմանում, մարդու իրավունքներին արձագանքման հավելյալ անձնակազմ, քաղաքացիներին իրենց հարազատների մասին իրազեկման, ինչպես նաև պետական կառույցների միջև տեղեկատվության փոխանակման արագ և անխոչընդոտ մեխանիզմ։ Պետք է նախօրոք մշակվի օպերատիվ պլանի առանձին մանրամասն բյուջե։

Ռազմական կրթություն, դասընթացներ և վերապատրաստումներ

  • Կատարել ուսումնասիրություն պարզելու 2020-2022թթ. ՌՈ աշխատակիցների, քննիչների, դատախազների և դատավորների համար իրականացված՝ մարդու իրավունքներին նվիրված դասընթացների/վերապատրաստումների ազդեցությունը մարդու իրավունքների միջազգային չափանիշների գործնական կիրառման վրա։ Վերհանել այդ դասընթացների և դրանց կազմակերպման թերությունները ՄԻՊ ԳԾ-ի հաջորդ տարիների գործողություններում որակապես ավելի բարձր և ավելի թիրախային դասընթացներ/վերապատրաստումներ ներդնելու նպատակով։ Ուսումնասիրությունը պետք է ներառի ոչ միայն կարճաժամկետ վերապատրաստումները/դասընթացները, այլ նաև ռազմական համալսարաններում (մարդու իրավունքների, ինչպես նաև բարեվարքության դասընթացները) և Արդարադատության ակադեմիայում դասավանդվող առարկաները։
  • Իրականացնել հոգեկան առողջության վերաբերյալ վերապատրաստումներ սպա-հոգեբանների և ապագա սպա-հոգեբանների շրջանում՝ շեշտադրելով գործնական խնդիրները։

Ինստիտուցիոնալ բարեփոխումներ

  • Իրականացնել ուսումնասիրություն ՀՀ-ում պաշտպանության ոլորտում բարեվարքության ապահովման ինստիտուցիոնալ և գործնական իրավիճակի ու խնդիրների վերաբերյալ և մշակել հայեցակարգ պաշտպանության ոլորտում բարեվարքության երաշխավորման համար։
  • Համալրել ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի աշխատակազմը հոգեբան մասնագետի հաստիքով։
  • Կատարել ուսումնասիրություն սպա-հոգեբանների ինստիտուտի գործունեության արդյունավետության վերաբերյալ, վերհանել հնարավոր խոչընդոտները։
  • Ներդնել զինված ուժերում հոգեկան առողջության դիագնոստիկ համակարգ։

Ընդհանուր դիտարկումներ

  • Ապահովել ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրերի, ինչպես նաև ՄԻՊ ռազմավարության և այլ ոլորտային ռազմավարությունների (օրինակ՝ դատական-իրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն) միջև տրամաբանական փոխկապակցվածությունը և գործողությունների շարունակելիությունը:
  • Հստակեցնել ռազմավարության կատարողականի ցուցանիշները, յուրաքանչյուր գործողության կամ միջոցառման համար սահմանել հստակ և չափելի ցուցիչներ, ինչպես նաև մշակել դրանց արդյունավետ մոնիթորինգի և գնահատման համար մեխանիզմներ:
  • Նոր գործողություների ծրագրի մշակման ընթացքում հաշվի առնել գործողությունների իրականացման ընթացքում հնարավոր ռիսկերը (օրինակ՝ համաճարակ, հակամարտության ուժգնացում, ներքին և արտաքին քաղաքական ճգնաժամ,  սահմանափակ ռեսուրսներ) և մշակել մեխանիզմներ այդ ռիսկերի չեզոքացման կամ նվազեցման ուղղությամբ: